Մորֆինամոլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորֆինամոլություն, մորֆինիզմ, թմրամոլության ձև, երբ օրգանիզմն ընտելանում է մորֆինին, ցուցաբերում վերջինիս հանդեպ զարգացող ֆիզիկական ու հոգեկան կախվածություն և հեշտությամբ չի կարողանում ազատվել հիվանդագին դարձած այդ սովորությունից։ Մորֆինի կրկնակի սրսկումներից ցավազրկմանը մշտապես ուղեկցող էյֆորիան (տրամադրության բարձրացում) պատճառ է դառնում այդ երևույթը նորից զգալու ձգտմանը և արագորեն հանգեցնում ընտելացման։ Մորֆինամոլը մորֆինի կամ դրան փոխարինող այլ նարկոտիկների նոր դոզա ժամանակին չստանալիս ընկնում է նարկոտիկային քաղցի կամ աբստինենցիայի վիճակի մեջ, որը կարող է արտահայտվել հազի, գերքրտնարտադրության, տարազգայնությունների, զանազան ցավերի, գլխապտույտների, սրտխառնոցի, ինչպես նաև ընդհանուր թուլության, արյան ճնշման բարձրացման և այլ երևույթներով։ Հիվանդի տրամադրությունն ընկնում է, որի ֆոնի վրա հաճախակի առաջացող աֆեկտիվ բռնկումներն ու հոգեշարժական անհանգիստ վիճակները շատ հաճախ հասցնում են հակահասարակական վտանգավոր գործողությունների։ Կարող են առաջանալ նաև կոլապսի հասնող սրտային խիստ անբավարարություն, ցնցումային նոպաներ, սուր հոգեկան խանգարումներ ևն։ Մորֆինամոլի մոտ աստիճանաբար հանդես են գալիս մարմնային, նյարդային և հոգեկան խանգարումներ։ Նա խիստ նիհարում է, մաշկը չորանում ու թորշոմում։ Իջնում կամ լրիվ բացակայում են սեռական հակումներն ու կարողությունը։ Աստիճանաբար փոխվում է աշխատանքի ու հասարակական կյանքի նկատմամբ մորֆինամոլի ունեցած հետաքրքրությունը։ Հիմնական նպատակը դառնում է թմրադեղեր ձեռք բերելը։ Խիստ թուլանում են մտավոր ունակությունները, հիշողությունը։ Հիվանդը դառնում է կամազուրկ, հեշտ ներշնչվող։ Բուժումը․ հոգեբուժական ստացիոնարում՝ խիստ մեկուսացման պայմաններում (դրսից թմրադեղեր ստանալու հնարավորությունը կանխելու նպատակով)։ Բուժումը հիմնականում կատարվում է 2 մեթոդով․

  1. մորֆինի ընդունումը դադարեցվում է միանգամից (կիրառվում է ֆիզիկապես ավելի առողջ ու երիտասարդ հիվանդների մոտ)։
  2. մորֆինային քաղցի ծանր հետևանքներից խուսափելու նպատակով մորֆինի դոզան իջեցվում է աստիճանաբար։ Բուժիչ միջոցառումների հիմնական նպատակը մորֆինային քաղցի երևույթները թեթևացնելն է, որի համար կիրառում են նեյրոլեպտիկ տարբեր դեղամիջոցներ, հանգստացնողներ (ամինազին, էտապերազին, տերալեն, սոնապաքս, սեդուքսեն և այլն)։ Կարևոր դեղամիջոց է պիրոքսանը։ Լավ արդյունք է ստացվում ինսուլինային բուժումից (սուբկոմատոզ վիճակներ)։ Օրգանիզմը թունազերծող միջոցներ (գլյուկոզ, ծծմբաթթվային մագնեզիում, վիտամիններ և այլն), պսիխոթերապիա, ինչպես նաև աշխատանքային բուժում։ Մեծ նշանակություն ունի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդի միկրոսոցիալական միջավայրի բարելավումը, աշխատանքային հարցերի կարգավորումը և պահպանիչ բուժման ճիշտ կազմակերպումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 56