Մովսես Քերթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Քերթող
Մասնագիտություն աստվածաբան և քերական
Լեզու հայերեն
Ազգություն հայ

Մովսես Քերթող՝ 8-րդ դարի եկեղեցական գործիչ, խոշոր քերական, հոգևոր երգերի հեղինակ։ Ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729 թթ.։ Լինելով Շաղատի վարդապետարանի շրջանավարտ և նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել։ Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաև հոգևոր երգերի հեղինակ և թարգմանիչ։ Ն. Ադոնցը Մովսես Քերթողին դնում է հույն քերական Դիոնիսիոս Թրակացու (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում։ Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում և հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ՝ առաջնայինը համարելով գոյականը (անունը)՝ որպես էության արտահայտություն, ուստի և բայը ստրոդասել է նրան։ Վերլուծել է նաև հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձևի քերականական հասկացության հետ կապված և մի շարք այլ հարցեր[1]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 44։