Մոնոպլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնոպլան (մոնո․․․ և լատիներեն planum — հարթություն), մեկ թև ունեցող ինքնաթիռ։ 20-րդ դարի սկզբին ինքնաթիռի թևերն ամրացվում էին մետաղալարերի, մետաղաճոպանների, պողպատե ժապավենների (ձգալարային Մոնոպլան) կամ դիմկալների (դիմկալային Մոնոպլան) օգնությամբ։ Հետագայում բարձրամուր նյութերի օգտագործման շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ձգալարերից և դիմկալներից (ազատ կրող Մոնոպլան)։ Ըստ ֆյուզելաժի նկատմամբ թևի դիրքի տարբերում են բարձրապլաններ, միջնապլաններ և ցածրապլաններ։ Ազատ կրող Մոնոպլանի թևը բիպլանի թևից ծանր է, սակայն աերոդինամիկական տեսակետից այդ Մոնոպլանի սխեման առավել կատարյալ է և լայնորեն կիրառվում է ինքնաթիռաշինության մեջ։ Թեև ազատ կրող Մոնոպլանները համընդհանուր տարածում են գտել, ձգալարային և դիմկալային Մոնոպլանները դեռ կիրառվում են թեթև և սպորտային օդագնացության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png