Մոծակն ու մրջյունը (բալլադ)
Մոծակն ու մրջյունը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Վիքիդարան | Մոծակն ու մրջյունը |
Մոծակն ու մրջյունը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքվի «Գործ» ամսագրում Թումանյանը ծանոթագրություններ է տվել բալլադի վերաբերյալ, որոնցից իմանում ենք, որ բալլադի սյուժեն ունեցել է տարբեր վերամշակումներ, իսկ Թումանյանն իր ստեղծագործության նյութը լսել է զորավար Անդրանիկից։
Բալլադը ստեղծվել է 1916 թվականին[1]։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 73 ֆոնդում պահպանվել է բալլադի մեկ ինքնագիր։
Առաջին անգամ բալլադը տպագրվել է Բաքվի «Գործ» ամսագրի 1917 թվականի 1-ին համարի 104-106 էջերում, այնուհետև` Երկերի ժողովածուի առաջին հատորի 341-343 էջերում։
Այս երկի մասին Թումանյանը գրել է 1916 թվականի սեպտեմբերի 21-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում և նշել, թե Թիֆլիսի շրջաններում այն «Շունն ու կատվից» առավել է դասվում[2]։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 59 ֆոնդում պահվում է Ցոլակ Խանզադյանի 1916 թվականի սեպտեմբերի 24-ին գրած պատասխան նամակը, որի մեջ նա ի հիացմունքն է արտահայտել բալլադի վերաբերյալ։ Այդ նամակում Խանզադյանը մի քանի հարցեր է տվել Թումանյանին, որին վերջինս պատասխանել է հաջորդ օրը գրած նամակում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի օր մոծակի պարի ժամին փչում է աշնան քամին։ Մոծակի ուշքը գնում է, երբ արթնանում է, աշխարհը սև էր, իսկ իր կինն էլ թողել և հեռացել էր և մինչև գարուն հետ չէր գալու։ Մոծակը հանկարծ հիշում է մրջյունի տաքուկ բույնը և գնում այնտեղ։ Նա մրջյունին խնդրում է թողնել իրեն տուն մտնել` մինչև իր ճարը տեսնի։ Մրջյունը հարցնում է տան անդամներին, բայց տան անդամները չեն թողնում` պատճառաբանելով, որ իրենք ծույլերին պատժում ու սպանում են և չեն կարող ծույլին տուն թողնել։ Նրանք մոծակին ասում են, որ ինքը պետք է ժամանակ մտածեր, երբ դեռ ամեն ինչ իրենից էր կախված և երբ ինքը կարող էր ամեն ինչ փոխել։