Մոլեկուլային և ատոմային փնջեր
Մոլեկուլային և ատոմային փնջեր, վակուումում շարժվող և գործնականում միմյանց ու մնացորդային գազերի մոլեկուլների հետ չբախվող մոլեկուլների կամ ատոմների հոսքեր։ Մոլեկուլային և ատոմային փնջերը հնարավորություն են տալիս ուսումնասիրել առանձին մասնիկների հատկությունները՝ անտեսելով բախումներով պայմանավորված երևույթները, բացի այն դեպքերից, երբ բախումներն իրենք հետազոտության առարկա են դառնում։ Ատոմային փնջով փորձը 1911 թվականին կատարել է ֆրանսիացի գիտնական Լ․ Դյունուայեն՝ ցուցադրելով Na-ի ատոմների ուղղագիծ թռիչքը վակուումում։ Այնուհետև այդ փորձերը շարունակել է Օ․ Շաեռնը իր աշխատակիցների հետ (1929)։ Նրանք մոլեկուլային և ատոմային փնջերը օգտագործել են մոլեկուլների արագությունը և միմյանց հետ ունեցած բախումների էֆեկտիվ կտրվածքները չափելու, ինչպես նաև էլեկտրոնների սպիններով և միջուկների մագնիսական մոմենտներով պայմանավորւիսծ երևույթները հետազոտելու համար։ 1937 թվականին Ի․ Ռաքին մոլեկուլային և ատոմային փնջերը օգտագործել է իր մշակած ռեզոնանսային մեթոդի համար, որը հետագայում դարձել է ոադիոսպեկտրոսկոպիայի հիմնական մեթոդը։ Դրանով մեծ ճշտությամբ չափում են մոլեկուլների, ատոմների և միջուկների հիմնական բնութագրերը (Ն․ Ռամզեյ և ուրիշներ)։ Մոլեկուլային և ատոմային փնջերի աղբյուրում գազի ճնշումը պետք է բավականաչափ փոքր լինի, որպեսզի բախումները մասնիկների միջև հազվադեպ լինեն, և դրանց ազատ վազքի երկարությունը մեծ լինի։ Մոլեկուլային և ատոմային փնջերը կիրառվում են նաև քվանտային էլեկտրոնիկայում, արագացուցիչային տեխնիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 686)։ |