Մլուկխոտ երկգույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլուկխոտ երկգույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Մլուկխոտ
Տեսակ Մլուկխոտ երկգույն
Լատիներեն անվանում
Coreopsis bicolor


Մլուկխոտ երկգույն, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Բարձրությունը հասնում է 30-90 սմ-ի, խիստ ճյուղավորված է, մերկ։ Այն օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլուկխոտ երկգույնի արմատները, տերևները սակավաթիվ են, կոթունավոր, վերինները նստադիր են, փետրաձև կտրատված, բաժանված նեղ, գծանման շերտերի։ Ծաղկազամբյուղները հիմքում մուգ ծիրանագույն են կամ դարչնագույն։ Ծաղիկները հասարակ են, ոչ լիաթերթիկ, մեծ մասամբ՝ ոսկեդեղնավուն։ Բացվում են հունիսից մինչև սեպտեմբեր ամիսներին։ Բավականին լուսասեր տեսակ է, լավ է աճում ու զարգանում առատ լուսավորված ու տաք հողամասերում։ Գերադասում է փուխր, չափավոր խոնավ, ստրուկտուրային ավազակավային հողերը, որոնք աչքի են ընկնում լավ ջրաթափանցությամբ և օդաթափանցությամբ։ Օրգանական պարարտանյութերով հարուստ հողերում բույսերը առատորեն թփակալում են՝ ի հաշիվ ծաղկման։ Այս տեսակետից ցանկալի չէ հատկապես գոմաղբով պարարտացումը։

Սերմերը ցանում են արկղերում կամ ջերմոցների գրունտում՝ մարտի վերջերին-ապրիլի սկզբներին։ Առաջին զույգ իսկական տերևները երևալուց հետո վերատնկում են արկղերում։ Դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Օգտագործում են ծաղկադեկորատիվ ձևավորումներում, ինչպես նաև կտրելու ծաղիկ ստանալու նպատակով։

Առանձնապես արժեքավոր է ծաղկային վերադաշնակումների համար, քանի որ սաղարթը նոսր է ու արտակարգ գեղեցիկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987