Միջուկային էլեկտրոնիկա
Միջուկային էլեկտրոնիկա, էլեկտրոնիկայի արդի ճյուղ, որն ընդգրկում է փորձարարական ֆիզիկայի և ատոմային տեխնիկայի տարբեր բնագավառներում միջուկային պրոցեսների չափման, հսկման և ավտոմատ կառավարման համար էլեկտրոնային մեթոդների ու միջոցների մշակման և կիրառման հետ կապված հարցերի ամբողջությունը։
Ստեղծվել է 1940-ական թթ․ վերջին, միջուկային ֆիզիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի սահմանագծում։ Միջուկային էլեկտրոնիկայի առաջնահերթ խնդիրը օգտակար ինֆորմացիայի ստացումն է միջուկային ճառագայթումը գրանցող սարքավորումներից։ Որպես կանոն, այդ խնդիրը լուծվում է գրանցվող պատահույթները տարրական մասնիկների դետեկտորների օգնությամբ էլեկտրական իմպուլսային կարճ ազդանշանների փոխակերպելու ճանապարհով։ Այնուհետև համապատասխան էլեկտրոնային սարքերով կատարվում է այդ ազդանշանների ուժեղացում և օպտիմալ ձևավորում, ինչպես նաև հետաքրքրող պատահույթների առանձնացում ըստ ազդանշանների ամպլիտուդի կամ ձևի և կամ՝ ըստ ազդանշանների հայտնվելու պահի։ Հաջորդող էլեկտրոնային չափիչ շղթան սովորաբար իրագործում է ընտրված ազդանշանների ամպլիտուդների կամ դրանց հայտնվելու պահերի միջև ընկած ժամանակահատվածների փոխակերպումը թվանշանային կոդի, ստացվող տվյալների թվանշանային կուտակումը և դրանց արտապատկերումը ինֆորմացիայի տարբեր կրողների վրա։ Փոխկապակցված բոլոր չափիչ շղթաներից ստացվող առաջնային ինֆորմացիան փորձի ընթացքում մշակվում է նախնական արագ վերլուծության բազմանցուղի էլեկտրոնային համակարգերով, և որոշվում են հետազոտվող միջուկային պրոցեսը բնութագրող ելակետային պարամետրերը։ Ընդ որում միջուկային էլեկտրոնիկայի՝ նման չափիչ համալիրներին ներկայացվող հատկանշական պահանջը բարձր ճշգրտության և առավելագույն արագագործության միաժամանակյա ապահովումն է, որը հնարավորություն է տալիս, օրինակ, գրանցել միջուկների գրգռված վիճակների կյանքի տևողությունը կամ չափել ուսումնասիրվող մասնիկների՝ մի դետեկտորից մյուսը թռչելու ժամանակամիջոցը, 10 վրկ ճշտությամբ։ Ժամանակակից միջուկային էլեկտրոնիկայի համար բնորոշ է համակարգային մոտեցումը, այսինքն՝ անցումը մասնավոր խնդիրների լուծումից դեպի համատեղելի ընդհատ ինֆորմացիոն-չափիչ համակարգերի ստեղծումը, որոնք ունեն ապարատային միջոցների ճկուն ծրագրային-կառավարվող մոդուլային կառուցվածք և կարող են կիրառվել ամենատարբեր բնագավառների փորձերում։ Միջուկային էլեկտրոնիկայի զարգացումը կապված է ինտեգրալ միկրոէլեկտրոնիկայի նվաճումների և էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) ու հեռուստամեխանիկական համակարգերի լայն կիրառման հետ։ Ընդ որում ԷՀՄ-ները և նույնիսկ կապակցված մեքենաների ցանցերն օգտագործվում են ինչպես փորձնական տվյալների կուտակման և վերջնական մշակման, այնպես էլ փորձի վերահսկման ու կառավարման համար՝ ժամանակի իրական մասշտաբում ստացվող ինֆորմացիայի ավտոմատ մշակման հիման վրա։ Այսպիսի մոտեցումն իր արտացոլումն է գտել միջուկային էլեկտրոնիկայում մշակված С AM AC (Computer Application for Measurement and Control — հաշվողական մեքենաների կիրառումը չափումների և վերահսկման համար) համակարգում։ Միջուկային էլեկտրոնիկայի մեթոդները լայն տարածում են գտել արդյունաբերության տարբեր ճյուղերում, ատոմային էներգետիկայում, բժշկության, երկրաբանության, ռադիոաստղագիտության մեջ, քիմիայում, կենսաբանական հետազոտություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 599)։ |