Միջազգային օդային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային օդային իրավունքը, միջազգային իրավունքի ճյուղ է, որի նորմերը կարգավորում են օդային հաղորդակցությունների իրականացման և զարգացման ընթացքում պետությունների միջև ծագող հարաբերությունները։ Միջազգային օդային իրավունքի առարկան օդային տարածության իրավական ռեժիմի և միջազգային օդային հաղորդակցությունների վերաբերյալ միջպետական հարաբերություններն են։
Այն ընդգրկում է իրավական կարգավորման երկու ոլորտ՝ պետությունների օդային տարածություններում և միջազգային օդային տարածություններում միջազգային թռիչքների իրականացումը։
Միջազգային են համարվում այն թռիչքները, որոնց ընթացքում օդանավը հարում է պետական սահմանը։ Միջազգային օդային իրավունքի աղբյուրները միջազգային պայմանագրերն են, միջազգային օդային իրավունքի ոլորտի հիմնական փաստաթուղթը 1944 թ. Չիկագոյում կնքված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան է։ Միջազգային օդային իրավունքի նորմատիվ համակարգը ընդգրկում է մի շարք պայմանագրեր՝

  1. միջազգային օդային փոխադրումների վերաբերյալ կոնվենցիան 1929 թվականին Վաշինգտոնում ստորագրված,
  2. մակերևույթի վրա օտարերկրյա օդանավի կողմից 3–րդ անձանց պատճառված վնասի հատուցման մասին Հռոմի 1952 թվականի կոնվենցիան,
  3. օդանավում իրավախախտումների մասին 1963 թվականի Տոկիոյի կոնվենցիան,
  4. օդանավի ապօրինի զավթումների դեմ պայքարի մասին 1970 թվականի Հաագայի կոնվենցիան։

Միջազգային պայմանագրերի հետ միաժամանակ օդային իրավունքի աղբյուր են միջազգային իրավական սովորույթները։
Միջազգային օդային իրավունքի սկզբունքները – իրենց օդային տարածության նկատմամբ պետությունների բացառիկ և լրիվ ինքնիշխանության սկզբունքը ամրագրվել է միջազգային համաձայնագրերում տարբեր երկրների օրենսդրությամբ։ Սրա հիմնական բովանդակությունը այն է, որ պետությունները իրականացնելով իրենց օդային տարածության նկատմամբ բացառիկ և լիակատար իշխանություն, ինքնուրույն են սահմանում իրենց օդային տարածությունների օգտագործման իրավական ռեժիմը։ Յուրաքանչյուր օդանավ որևէ այլ պետության տարածքում թռիչքի և գտնվելու ընթացքում պարտավոր է խստիվ պահպանել այդ պետությունում գործող օդային հաղորդակցություններին վերաբերող օրենքները և կանոնները։ Օտարերկրյա օդանավերի վրա տարածվում է անձնագրային, մաքսային, սանիտարական և այլ կանոններով գույքի ներմուծման և արտահանման կանոնները։
Բաց օդային տարածությունում թռիչքների ազատության սկզբունքը - Բաց կամ միջազգային օդային տարածությունը ափամերձ պետությունների տարածքային ջրերից դուրս գտնվող օդային տարածությունն է։ Միջազգային օդային տարածությունը գտնվում է բաց ծովի, միջազգային նողուցների, արշիպելագային ջրերի, ինչպես նաև Անտարկտիդայի վրա։ Բաց ծովի ազատության սկզբունքը ուղղակիորեն կապված է դրանցից վեր բաց օդային տարածության ազատության սկզբունքի հետ։ Բոլոր պետությունները անկախ այն բանից ափամերձ են թե ոչ, իրավունք ունեն ազատ, այն է՝ առանց որևէ մեկի թույլտվությամբ իրականացնել օդանավագնացություն բաց ծովի վրա։ Սակայն այդ ազատությունը պետությունների կողմից իրականացվում է միջազգային օդային իրավունքի նորմերի հաշվառմամբ և ենթադրում է մի շարք կանոնների գործողություն։ Պետությունները պարտավոր են հոգ տանել, որ իրենց իրավասության տակ գտնվող օդանավերը սպառնալիք չստեղծեն այլ պետություններ օդանավերի թռիչքների համար։
Միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման սկզբունքին համապատասխան պետությունները պարտավոր են՝

  1. միջոցներ ձեռնարկել ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանների, օժանդակ ծառայությունների և օդային ուղեգծերի տեխնիկական հուսալիության ապահովման ուղղությամբ,
  2. պայքարել քաղաքացիական ավիացիայի գործունեության ապօրինի միջամտության դեմ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Քոչարյան- Միջազգային իրավունք, Երևան 2002 թ.

Իրավագիտություն