Միոֆիբրիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միոֆիբրիլներ

Միոֆիբրիլներ, բոլոր բազմաբջիջ կենդանիները և մարդը շարժվում են մկանային կծկումների շնորհիվ[1]։ Մկանային մանրաթելերի հիմնական կծկվող կառույց են միոֆիբրիլները մոտավորապես 1մկմ տրամագծով, մինչև 1սմ կամ ավելի երկարությամբ նուրբ թելիկները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնի է, մկանային հյուսվածքը լինում է հարթ և միջաձիգ զոլավոր։

  1. Զարգացման գործընթացի սկզբում ի հայտ է եկել հարթ մկանային հյուսվածքը։ Այն կազմված է իլիկաձև, միակորիզ բջիջներից, որտեղ առկա են կծկվող թելեր(դրանք չունեն զոլավոր կառուցվածք)։
  2. Միջաձիգ զոլավոր կմախքի մկանային հյուսվածքը չունի բջջային կառուցվածք։ Այն կազմված է միջաձիգ զոլավոր մկանաթելերի փնջերից։ Այդ մկանաթելերը (սիմպլաստ) ձևավորում են հիստոգենեզի (հյուսվածքի ձևավորում) ժամանակ՝ մեծ թվով միակորիզ բջիջների (միաբլաստների) միաձուլումից։

Մկանաթելը գլանաձև է, կարող է ունենալ մի քանի մկմ-ից մինչև 12սմ երկարություն, 10-ից մինչև 100մկմ տրամագիծ և պատված է թաղանթով։ Նրա ցիտոպլազման (սարկոպլազմա) պարունակում է կենդանական բջիջներին բնորոշ օրգանոիդների, պլազմային թաղանթին (սարկոլեմային) մոտ դասավորված բազմաթիվ կորիզներ և մասնագիտացված, առանձնահատուկ միաֆիբրիլներից (մկանաթելիկներ) կազմված շարժապլազմա։

Միֆիբրիլները կծկվող գոյացություններ են, որտեղ հերթագայվում են մուգ և բաց գույնի սկավառակներ՝ թիթեղիկներ։ Մուգ սկավառակներն օժտված են կրկնակի լուսաբեկմամաբ, ուստի, լուսային մանրադիտակի տակ մուգ են երևում և կոչվում են անիզոթրոպ (A), իսկ լուսավոր սկավառակներն օժտված չեն կրկնակի լուսաբեկմամբ և կոչվում են իզոթրոպ (I): Մեկ մուգ և դրան հարող երկու բաց գույնի սկավառակներից կազմված համալիրը կոչվում է սարկոմեր։ Վերջինս միոֆիբրիլի կծկողական միավորն է։ Անիզոթրոպ (մուգ) սկավառակում գտնվում է H լուսավոր շերտը։ Բաց և մուգ սկավառակները կազմված են կծկվող սպիտակուցներից. բաց գույնըէ ակտինային բարակ, իսկ մուգը՝ միոզինի հաստ թելերից։ Բարակ թելերը տեղադրված են միոզինի թելերի միջև և անցնում են Z մեմբրանով։ H լուսավոր շերտը զուրկ է ակտինային թելերից։ Ակտինի և միոզինի թելիկները կարող են միանալ լայնակի կամրջակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McCracken, Thomas (1999). New Atlas of Human Anatomy. China: Metro Books. էջեր 1–120. ISBN 1-5866-3097-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]