Միասնական էներգահամակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միասնական էներգահամակարգ, երկրի ամբողջ տարածքի կամ դրա զգալի մասի էներգամատակարարման համար էներգահամակարգերի միավորում։ Միասնական էներգահամակարգում էներգահամակարգերը միացվում են գերբարձր լարման (500, 700 կվտ և ավելի) էլեկտրահաղորդման գծերով։ Միասնական էներգահամակարգն ունի մի շարք առավելություններ առանձին և միացյաչ Էներգահամակարգերի նկատմամբ, աշխատանքի բարձր հուսալիություն, անխափան էներգամատակարարում, հզորության անհրաժեշտ ռեզերվ ստեղծելու դյուրինություն և այլն։ Միասնական էներգահամակարգն օժտված է մեծ համակարգերին բնորոշ հատկություններով (մեծ չափեր, բարդ միջհամակարգային կապեր, կարգավորման նպատակաուղղվածություն)։

Միասնական էներգահամակարգի ստեղծումը նպաստում է միջանկյալ շրջանների էլեկտրիֆիկացման ծախսերի նվազմանը, էլեկտրակայանների հզորության և էներգիայի լավագույն օգտագործմանը, կայանների ու էներգահամակարգերի շահավետության և հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, տարբեր ժամային գոտիներում գտնվող էներգահամակարգերի միավորումը նվազեցնում է առավելագույն գումարային բեռնվածքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 524