Մթերման գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մթերման գներ, սոցիալիստական երկրներում պետական կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական ձեռնարկությունների և գյուղի բնակչության արտադրանքի մթերման (գնման) պլանային գներ։ 1924 թվականից գործում էին գյուղատնտեսական արտադրանքի պարտադիր մթերման լիմիտային կամ սահմանային գներ, որոնցով պետությունը կարգավորում էր մթերման շուկայի գները։ 1926 թվականից սահմանվեցին կոնվենցիոն (համաձայնեցվող) գնման գներ, որոնք որոշվում էին տվյալ շրջանի մթերող կազմակերպությունների միջև կնքվող համաձայնագրերով և, ի տարբերություն լիմիտայինի, միջին տարեկան գներ էին (հաշվի էր առնվում մթերման ժամանակը)։ 1927-1928 թվականներին հաստատվեցին հացահատիկի, վուշի, բամբակի, շաքարի ճակնդեղի և այլ կուլտուրաների, 1928-1929 թվականներին՝ կարտոֆիլի, 1930 թվականին՝ անասնաբուծական հիմնական մթերքների կենտրոնացված (դիրեկտիվ) մթերման գներ։ 1932-1933 թվականներին կոլտնտեսությունների, կոլտնտեսականների և մենատնտեսների պարտադիր մթերումների ձևով իրացվող ապրանքային արտադրանքի հիմնական տեսակների կենտրոնացված մթերման գներ պահպանվեցին։ Միաժամանակ սահմանվեցին նաև գնման գներ, որոնցով տնտեսությունները վաճառում էին պարտադիր մթերումների պլանը կատարելուց հետո մնացած մթերքների մի մասը։ րը մթերման գներից բարձր էին (հետագայում, հատկապես տեխնիկական կուլտուրաների գծով, դրանք նորից բարձրացվեցին)։ 1953 թվականին գյուղատնտեսական որոշ մթերքների մթերման գները էապես բարձրացվեցին և մոտեցվեցին արտապլանային արտադրանքի գնման գների մակարդակին։ 1958 թվականից, պարտադիր մթերումների վերացումից հետո, կիրառվում են միասնական գնման գներ, որոնց միջին մակարդակը սահմանվում է կենտրոնացված կարգով, իսկ միութենական հանրապետություններում դրանք տարբերացվում են ըստ առանձին գոտիների և արտադրանքի որակի։ 1965 թվականին և 1970 թվականին երկրագործական ու անասնապահական մի շարք մթերքների գնման գները բարձրացվեցին, արտապլանային վաճառքի համար սահմանվեց որոշակի հավելագին, կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների համար 1975 թվականից սահմանվեցին հավասար գնման գներ։ Դրանց մակարդակը որոշելիս հաշվի է առնվում գյուղատնտեսական ձեռնարկությունների կատարած նյութական և աշխատանքային ծախսերի փոխհատուցման և կուտակման համար անհրաժեշտ զուտ եկամտի ստացման անհրաժեշտությունը։ Սոցիալիստական մյուս երկրներում գնման գները որոշվում են ելնելով տվյալ արտադրանքի հիմնական զանգվածն արտադրող շրջաններում կատարվող ծախսերի միջին մակարդակից, միասնական են և ըստ գոտիների չեն տարբերացվում։ Առանձին շրջաններում արտադրությունը խթանելու համար սահմանվում են գնի հավելումներ։ Կապիտալիստական երկրներում գյուղատնտեսական մթերքները վաճառվում են ֆերմերների և առանձին ֆիրմաների միջև կնքված պայմանագրային կամ ազատ շուկայական գներով։ Կիրառվում է նաև երաշխիքային գների համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png