Մետատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետատեսություն, տեսություն, որն ուսումնասիրում է մեկ այլ, այսպես կոչված, առարկայական տեսության (օբյեկտ, տեսական համակարգ) կառուցվածքը, նրա մեթոդներն ու հատկությունները։ «Մետատեսություն» հասկացությունը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ այն վերագրվում է մի կոնկրետ (առարկայական) տեսության, օրինակ, մաթեմատիկայի մետատեսություն ՝ մետամաթեմատիկա, տրամաբանության մետատեսություն՝ մետատրամաբանություն։ Սկզբունքորեն ամեն տեսություն կարող է ունենալ մետատեսություն, սակայն մետատեսության միջոցների կիրառումը արդյունավետ է այն դեպքում, երբ համապատասխան առարկայական տեսությունը կառուցված է դեդուկտիվ եղանակով և ձևայնացված է։ Մետատեսությունն այն բովանդակային միջոցների ամբողջությունն է, որով կառուցվում է (ձևական) առարկայական տեսությունը և բացահայավում է նրա հատկությունները․ նախ այն միջոցները, որոնցով առարկայական տեսության տարրերը ներկայացվում են որպես բովանդակությունից զուրկ կոնստրուկտիվ օբյեկտներ (հաշվի այբուբեն), տրվում են այդ տարրերից արտահայտություններ (բանաձևեր) կազմելու և նրանք միմյանցից արտածելու կանոնները (մտահանգման և ապացուցման ձևական կանոններ)։ Այս առումով մետատեսության հիմնական բովանդակությունը կազմում են մետաթեորեմները (օրինակ, դեդուկցիայի թեորեմը ասույթների ու պրեդիկատների հաշիվների մեջ)։ Մետատեսության ոլորտին են պատկանում նաև առարկայական տեսության հնարավոր մեկնաբանությունների, նրա անհակասականության ու չրիվության ուսումնասիրության հարցերը։ Մետատեսության դրույթի օրինակ են Կ․ Գյոդեչի թեորեմները։ Ցանկացած մետատեսություն իր հերթին կարող է ձևայնացվել և ծառայել որպես առարկայական տեսություն նոր մետատեսության ՝ մետամետատեսության համար։ Մետատեսության գաղափարը ներմուծել է Դ․ Հիլբերտը դասական մաթեմատիկայի հիմնավորման իր ֆորմալիստական ծրագրի իրականացման նպատակով։ Այս բնագավառում մեծ ներդրում ունեն Ա․ Տարսկին, Ռ․ Կառնապը, Տ․ Կյոռին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 483