Մեսրոպ Նուպարյան
Մեսրոպ Նուպարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1842 |
Ծննդավայր | Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 4, 1929 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մարսել |
Մասնագիտություն | թարգմանիչ և բառարանագիր |
Նուպարյան Մեսրոպ Հովհաննեսի (դեկտեմբերի 3, 1842, Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - ապրիլի 4, 1929, Մարսել), թարգմանիչ, բառարանագիր, հրապարակագիր։
Առաջին թարգմանությունները տպագրել է «Արշալույս Արարատյան» թերթում, մասնակցել «Երկասեր» մանկական հանդեսի հիմնադրմանը (1855)։ Հրապարակախոսական և գիտ. հոդվածներով աշխատակցել է արևելահայ և սփյուռքահայ մամուլին։ «Ծաղիկ», «Արևելյան մամուլ», «Մետեորա», «Հայ գրականություն», «Հայաստանի կոչնակ» և այլ պարբերականներում առաջ է քաշել հայ ժողովրդի ազգ. զարթոնքի և առաջադիմության հարցեր։ 1877 թվականին հայերեն է թարգմանել «Մարսելյեզը»։ Պրոպագանդել է Սովետական Հայաստանի նվաճումները, կոչ արել նպաստելու նրա տնտ. շինարարությանը։ «Իմ մանկական հիշատակներես» («Արևելյան մամուլ», 1893-1894) հուշագրությունները հիմնականում նվիրված են Մեսրոպյան վարժարանին, արևմտահայ առանձին գործիչների (Ա. Փափազյան, Հ. Տետեյան, Գ. Կոստանյան և ուրիշներ)։ Նուպարյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆ. Շատոբրիանի («Ոգի քրիստոնեության», 1862), Ռասինի («Դատասերք», 1863), Վ. Հյուգոյի («Նոտր-Դամ Փարիզի», Հյուգո 1-3, 1871-1872), Ժ. Մոլիերի («Կատակերգք», հ. 1- 2, 1905), Ֆ. Նանսենի («Դեպի բևեռ», 1906), Յո. Գյոթեի («Ֆաուստ»՝ «Մետեորայում», 1880- 1881, առանձին գրքով՝ 1909), Վ. Շեքսպիրի («Ռոմեո և Ջուլիետ», 1912) և այլոց ստեղծագործությունները։ Մեծ է Նուպարյանի վաստակը հայ բառարանագրության մեջ։ «Բառարան ֆրանսերեն-հայերեն աշխարհիկ» (1892, վերատպություն՝ 1955, Բեյրութ), «Առձեռն բառարան ֆրանսերեն-հայ աշխարհիկ» (1911), «Գրպանի բառարան ֆրանսերեն-հայերեն» (1928) և այլ գործերում Նուպարյան ստեղծել է 5- 6 հզ. նոր բառեր, որոնցից շատերը քաղաքացիություն են ստացել։ Բառարաններն ունեն ասացվածքների, աշխարհագրական ու դիցաբանական անունների հավելումներ։ Նուպարյան ընտրվել է (1913) ֆրանս. ակադեմիայի պաշտոնակալ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբյան Մ. Ն., Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մեսրոպ Նուպարյանը, Երևան, 1961։
Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առձեռն բառարան ֆրանսերէնէ հայ-աշխարհիկ, Մեսրոպ Նուպարեան։ Տպագրութիւն Գ. Պաղտատլեան, Կոստանդնուպոլիս, 1911։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 405)։ ![]() |