Մեղր և ճանճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղր և ճանճեր
ՀեղինակՆար-Դոս
Ժանրկատակերգություն
Կազմված էԿոմեդիա–պատկեր երեք արարվածով
Բնօրինակ լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1886
ՎիքիդարանՄեղր և ճանճեր

«Մեղր և ճանճեր», Նար-Դոսի պիեսներից, որը գրվել է 1886 թվականին։ Կատակերգությունը բաղկացած է երեք արարից։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոս (Միքայել Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թվականին Թիֆլիսի հայաբնակ Հավլաբար թաղամասում՝ մանր արհեստավորի ընտանիքում։ Ալեքսանդր Ծատուրյանի հետ ծանոթությունը վերածվում է գրական բարեկամության, ամբողջությամբ տրվում են ոչ միայն հայ և ռուս, այլև արտասահմանյան գրականության ընթերցանությանը, կատարում գրական առաջին քայլերը։ Նար-Դոսը աշխատակցել է «Նոր դար» հանդեսին։ Նար-Դոսի աշխարհայացքը բխում է գրականության նկատմամբ նվիրումից ու պահանջկոտությունից և իրականության վերարտադրման սկզբունքներից։ Գրում է բանաստեղծություններ, Գաբրիել Սունդուկյանի նմանողությամբ՝ փոքրիկ պիեսներ («Մայինի գանգատը», «Մեղր և ճանճեր»), 1886 թվականից անցնում արձակին[1]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Թաթուլյան, հարուստ վաճառական։
  • Եղիզաբեթ, Պետրոսի կինը։
  • Սոնա, նրանց աղջիկը։
  • Վանո, նրանց տղան։
  • Ստեփան Միզանյան, պաշտոնաթող գնդապետ։
  • Նատալիա, Ստեփանի կինը։
  • Ալեքսանդր, նրանց տղան։
  • Բարսեղ Թորոսյան, նախ ուսանող, հետո փաստաբան
  • Տիգրան Արսենյաց, բժիշկ։
  • Ծառա, Թաթուլյանների տանը։
  • Ծառա, Արսենյացի տանը։
  • Հյուրեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Թիֆլիսում։ Կատակերգությունը սկսվում է Թաթուլյանների տան նկարագրությամբ։ Տեսիլ առաջինում հանդես են գալիս Սոնան և Ալեքսանդրը։ Սոնան առաջ է գալիս դեպի հրապարակ և հոգնած նստում է նստարանին։ Ալեքսանդրը հետևում է նրան, հարցնում որպիսությունը։ Զրուցում են պարից, փոխադարձ հաճոյախոսում։ Ալեքսանդրը սիրո խոստովանություն է անում և ստանում դրական պատասխան։ Սիրո խոստովանությունից հետո Սոնան ամոթխած փախչում է դեպի պարտեզի մի կողմը։։ Ալեքսանդրն մտածում է, որ իր դերը լավ կատարեց և այժմ ամեն ինչ վերջացած է։ Ստեփանը իջնում է աստիճանով և հարցնում Ալեքսանդրին, թե արդյո՞ք մենակ է և ինչպես ավարտվեց ամեն բան։ Ալեքսանդրը պատասխանում է, որ ամեն բան կարգին է։ Հայր ու որդի զրուցում են։ Տեսնում են, որ Պետրոսը գալիս է իրենց կողմը։ Ալեքսանդրին հայրն ասում է, որ շուտ հեռանա։ Ալեքսանդրը հեռանում է, գնում պարտեզի աջ կողմը։ Պետրոսը Ստեփանոսին ասում է, որ խնջույքը կազմակերպել է աղջկա խնդրանքով։ Հաջորդ արարներից մեկում հանդես են գալիս Ալեքսանդրը, Սոնան և Թորոսյանը։ Կարճ լռությունը խախտելով՝ Ալեքսանդրը Թորոսյանից ներողություն է խնդրում, որ հետաքրքրվում է իրենով․ հարցնում, թե ինչ գործով է զբաղվում։ Թորոսյանը պատասխանում է, որ ինքը Պետերբուրգի համալսարանի ուսանող է։ Ընդհանուր զրույցի ժամանակ կանայք Պետրոսին ասում են, որ երիտասարդները սիրում են իրար,Պետրոսն ընկնում է նստարանի վրա։ Առաջին արարն ավարտվում է։ Արարված երկրորդի առաջին տեսիլը սկսվում է Ստեփանոսի և Պետրոսի հանդիպումով։ Պետրոսը սուրճ է ուզում հյուրասիրել Ստեփանոսին, սակայն նա մերժում է ասելով, որ շտապում է։ Ստեփանոսը ասում է, որ իր կողմից բարևի Եղիզաբեթին և օրիորդին՝ իրենց ապագա հարսին։ Ներս է մտնում Սոնան։ Նրանք խոսում են օժիտից։ Հայրը դստերը հասկացնում է, որ այդ տղան խորամանկ է և իրեն սիրում է փողի համար։ Ներս է մտնում ծառան և ասում, որ նամակ ունեն։ Սոնան, նայելով հոր հետևից, ուզում է հասկանալ՝ հայրն իրեն փորձում է, թե չի ուզում, որ ամուսնանա Ալեքսանդրի հետ։ Ներս է մտնում Եղիզաբեթը և Սոնային հարցնում, թե ինչ է կատարվում։ Սոնան ասում է, որ Ալեքսանդրի հայրը հարյուր հազար օժիտ է պահանջել և որ հայրը այդքան գումար չունի։ Պիեսի վերջում Պետրոսը և Սոնան գնում են բժիշկ Արսենյանի տուն, որտեղ բոլորը հավաքված քննարկում էին Ալեքսանդրի ընտրած նշանի մատանին, բայց բոլորը նրանցից թաքնվում են։ Պետրոսը հեռանում է, բայց մոռացել էր գլխարկը և երբ հետ է դառնում տեսնում բոլորին, ամեն ինչ հասկանում է, մնում է քարացած, հետո սթափելով, վերցնում է գլխարկը և արագ դուրս է գնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականությունը. Երևան ԵՊհ. էջ 185.