Մեծամորի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մ.թ.ա V հազարամյակի քաղաք-ամրոց, հնավայր, որի տարածքում պեղվել են նաև պղնձաձուլական և բրոնզաձուլական հնագույն համալիրներ, սրբատեղի, ենթադրաբար աստղադիտարան, դամբարաններ և այլն։

Պեղումները սկսվել են 1965 թ-ին։ Պեղումները ղեկավարել է երկրաբան Կորյուն Մկրտչյանը, ով հնավայրի տարածքում հայտնաբերել է պղնձաձուլական խարամ (շլակ), ինչը թույլ է տվել եզրակացնել, որ հայտնաբերման վայրին մերձակա բլուրը հանդիսանում է հնադարյան պղնձաձուլարան։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև ենթադրաբար աստղադիտարան հանդիսացող հարթակ։ Աստղագետ Էլմա Պարսամյանը հավաստել է, որ ապառաժի վրա փորագրված են երկնային լուսատուներ։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյա դամբարաններ, այդ թվում՝ մեծահարուստ անձանց՝ հուղարկավորված իրենց ստրուկներով, ձիերով, կահ-կարասիով և զենքով հանդերձ։ 1968 թ. ամրոցի տարածքում բացվում է պատմա-հնագիտական թանգարան, որտեղ հավաքված են հիմնականում Մեծամորի հնավայրում տարբեր ժամանակների պատկանող 22000 ցուցանմուշ։ Ներկայումս թանգարանը կրում է Կ. Մկրչյանի անունը։ 1993 թ-ից՝ Կ. Մկրչյանի մահվանից հետո, հնագիտական պեղումները ղեկավարում է Էմմա Խանզադյանը։