Jump to content

Մարքսի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Մարքսի փողոց (այլ կիրառումներ)
Մարքսի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էԿարլ Մարքս

Կարլ Մարքսի փողոց (ռուս.՝ Улица Карла Маркса), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Նախկինում կոչվել է Ցերկովնայա[1]։ Խորհրդային տարիներին անվանակոչվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Կարլ Մարքսի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կարլ Մարքսի փողոցը մինչև 20-րդ դարի 30-ական թվականները կոչվում էր Ցերկովնայա (Եկեղեցական)։ Դա պայմանավորված է նրանով, որ փողոցի սկզբնամասում, «Օգոնյոկ» մանկապարտեզի տարածքում, տեղակայված էր Ալեքսանդր Նևսկու տաճարը։ 1900 թվականին կառուցված եկեղեցուց մնացել են միայն լուսանկարներ։ Իտալացի վարպետների կատարած գծագրերը չեն պահպանվել։ Եկեղեցին, որը կառուցվել է իտալացի ճարտարապետի ղեկավարույամբ, շատ գեղեցիկ էր և շքեղ։ Զանգակատան զանգն ազդարարում էր յուրաքանչյուր ժամի սկիզբը։ Ցերկովնայա և Դմիտրիի փողոցների խաչմերուկում եղել է քահանայի տունը, իսկ երեկոյան դպրոցի շենքում գործել է ծխական դպրոց, որի ղեկավարն ու ուսուցիչը եղել է քահանա Ս. Պոլյակովը։ 1911 թվականին այնտեղ սովորել է 88 աղջիկ[1]։

Ծիսակատարությունները շարունակվել են նաև 1917 թվականից հետո՝ մինչև 1920-ական թվականները։ Այնուհետև տաճարը փակվել է։ Տաճարն աստիճանաբար խարխլվել է և մասնակիորեն ավերվել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցու շենքի վրա ռումբ է ընկել և պայթել։ Խորհրդային զորքերի կողմից բնակավայրն ազատագրելուց հետո տաճարը թալանվել է և շուտով ապամոնտաժվել[2][3]։

Ներկայում Կրասնի Սուլին քաղաքի թիվ 4 դպրոցի տարածքում գտնվում են հին տաճարից մնացած շինությունները։ Քաղաքում ժամանակավոր տաճարում վերաբացվել է Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու անվան ուղղափառ ծուխը, գործում է կիրակնօրյա դպրոց, կատարվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ[4]։

Մարքսի փողոցի չպահպանված շենքերից են քաղաքային առաջին ռադիոհանգույցի շենքը, որը բացվել է 1928 թվականին։ Այժմ այս վայրում գտնվում է ճարտարապետաշինարարական բյուրոն։ Այնուհետև այս փողոցում էին 20-րդ դարի սկզբին կառուցված գործարանի աշխատակիցների և բանվորների բնակելի տները, որոնցից ինը դեռ պահպանվում են[1]։

Մարքսի փողոցն ավարտվում է Գնիլուշա գետի մոտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Улица Карла Маркса». Վերցված է 2019 Մարտ 23-ին.
  2. Церковь Александра Невского
  3. Александро-Невский храм
  4. «В Красном Сулине начнется реставрация храма Святого Благоверного князя Александра Невского». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]