Մարտիրոսյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտիրոսյաններ (Մարտիրոսաշվիլի), Շանշյան-Մարտիրոսյաններ, հայ իշխանական տոհմ Վրաստանում 17-19-րդ դարերում։ Մինչև 18-րդ դարի վերջը վրաց արքունիքում ժառանգաբար վարել են դատավոր-դպիրի (մդիվանմծիգնոբարի), այնուհետև, նաև՝ դպրապետի, գանձապետի և այլ պաշտոններ։ Արդեն 17-րդ դարի սկզբին Մարտիրոսյանների ներկայացուցիչ Մարտիրոսի որդի Ավթանդիլը դպիր և դատավոր էր։ 1628 թվականի վավերագրերում հիշատակվում են նրա եղբայրներ Շանշեն, Շալվան։ Վերջինիս որդի Սուլխանը 1658 թվականից հիշվում է արքունի դատավոր։ Շանշեի որդի Ավթանդիլն իր որդիներ Սուլխանի ու Բեգթաբեգի հետ 1656 թվականին որպես ժառանգական տիրույթ է ստացել Սոմաների գյուղը։ Մարտիրոսյանների տիրույթներն ավելի են մեծացել հետագայում, կալվածքներ ունեին Միջին Քարթլիում, Ալի գետի հովտում (Նաբախաեի, Աձվիս գյուղեր, նաև տիրույթներ Ուժլե, Դումացխո, Վակա, Մոխիս գյուղերում)։ Մարտիրոսյաններից առավել նշանավոր է Ավթանդիլի որդի Բեգթաբեգը, որը դպիր-դատավոր է եղել 1661-1697 թվականներին և 1680 թվականին պատկերազարդել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»։ 17-րդ դարի վերջից Մարտիրոսյանները հանդես են գալիս նաև Շանշյան-Մարտիրոսյան կրկնակի ագգանվամբ, իսկ 18-րդ դարի սկզբներից նույն Բեգթաբեգի ճյուղը կրում է Բեգթաբեգյան (Բեգթաբեգաշվիլի) ազգանունը։

Մարտիրոսյաններից սերվող դպիրների և նրանց գործունեության տարիները․[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավթանդիլ-1610-1661
  • Շալվա-1634-1664
  • Սուլխան-1658-1659
  • Բեգթաբեգ-1661-1697
  • Զաքարիա-1667-1688
  • Ավթանդիլ-1694-1718
  • Բեգթաբեգ-1713-1749
  • Կարան-1723-1752
  • Եսայի (Եսավ) Մարտիրոսյան (Բեգթաբեգյան)-1730-1734
  • Ավթանդիլ Բեգթաբեգյան-1778
  • Սուլխան՝ Բեգթաբեգի որդի-1766-1780
  • Սողոմոն Շանշյան-Մարտիրոսյան-1768-1801
  • Բեգթաբեգ Բեգթաբեգյան-1778-1805
  • Հովհաննես Բեգթաբեգյան-1783-1816
  • Եսայի (Եսավ) Բեգթաբեգյան-1774-1820։