Մարդկային հարաբերությունների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մարդկային հարաբերություններ» տեսություն, էմպիրիկ սոցիոլոգիայի (էկոնոմիկայի, արդյունաբերության և աշխատանքի սոցիոլոգիայի) շրջանակներում առաջացած ուսմունք, որն, ի հակադրություն թերորիզմի, արտադրության ոլորտում հարաբերությունները հանգեցնում է զուտ մարդկային՝ գաղափարական, հոգեբանական, բարոյական հարաբերությունների։ Ստեղծվել է ԱՄՆ-ում, XX դարի 20-ական թվականներին (Ֆ. Ջյոթլիսբերգեր, Ե. Մեյո), հետագայում տարածվել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ «Մարդկային հարաբերություններ» տեսությունն արտադրական կոլեկտիվները դիտում է որպես սոցիալական խումբ՝ բնորոշ խմբային շահերով, նպատակներով ու դրդապատճառներով, որոնք կարող են լինել թե դրական, թե բացասական՝ դառնալ գործադուլի կամ արտադրական նորմաների գերակատարման պատճառ։ Բոլոր դեպքերում կոլեկտիվ գործունեության նպատակը անհատի մարդկային (ստեղծագործական և հոգևոր) պահանջների բավարարումն է։ «Մարդկային հարաբերություններ» տեսությունն արտացոլում է արդի կապիտալիզմին բնորոշ հակասությունները, սակայն դրանց վերագրում սոցիալ-հոգեբանական բնույթ։ Ըստ «Մարդկային հարաբերություններ» տեսության հակասությունները կարելի է չեզոքացնել սոցիալական միջոցառումների շնորհիվ և հասնել աշխատանքի արտադրողականության նկատելի աճի, դասակարգային համագործակցության և սոցիալական ներդաշնակության։ Գործնականում «Մարդկային հարաբերություններ» տեսությունը պահանջում է ուսումնասիրել բոլոր արտադրական բջիջների աշխատանքի սոցիալ-հոգեբանական պայմանները, ղեկավարի և ստորադասի փոխհարաբերությունները բարելավելու նպատակով։ Առաջարկվում է նաև միջոցառումների անհրաժեշտ ցանկ, որը նպաստում է կապիտալիստական արտադրության արդյունավետ ղեկավարմանը։ Աշխատանքի «մարդկայնացման» նշանաբանի ներքո հետապնդվում է արտադրության շահութաբերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 308