Մասնակից:Wikijulia2019/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոռու խոսվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռին Հայաստանի այն հազվագյուտ շրջաններից մեկն է, որ քիչ է ենթարկվել օտար արշավանքների ու ավերածությունների: Այդ պատճառով էլ Լոռու խոսվածքը տարածքային տեսակետից մի ամբողջություն է կազմում: Լոռու խոսվածքը տարածված է Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և սրանց շրջակա գյուղերում, ինչպես նաև Նոյեմբերյանի և Սպիտակի շրջաններում:

Արարատյան բարբառի և Լոռու խոսվածքի համեմատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսելով Լոռու խոսվածքի ուսումնասիրությունը՝ ամենից առաջ պետք է հասկանալ Լոռու խոսվածքի և Արարատյան բարբառի փոխհարաբերությունը, նրանց նմանություններն ու տարբերությունները։

ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ

Հնչյունական գլխավոր տարբերություններից հայտնի լեզվաբան Մանվել Ասատրյանը նշում է հետևյալները.

1. Եթե գրաբարյան ո և է հնչյունները Երևանում դառնում են՝ o և է, ապա Լոռում ՝ ո և ե։

Օր․՝ թոռն>թօռ  և թոռն>թոռը

խմոր> խըմօր և խմոր>խըմոր

բեռն>բէռ և բեռն>բեռը

2. Երևանի խոսվածքում նախաշեշտ ձայնավորը մնում է անփոփոխ, իսկ Լոռում հնչյունափոխվում է ը-ի կամ սղվում։ Նաև երկու ա ունեցող երկվանկ բառերի ա-ն, բառի աճման դեպքում շեշտակորույս լինելով, Լոռու խոսվածքում վերածվում է ը-ի, իսկ Երևանի խոսվածքում մնում է անփոփոխ ( Աճառյան, 45 ):

Օր․՝ ազատել>ըզատիլ

շատանալ>շըտանալ

եղունգ>ըղունգ/ղունգ

ողորմի>ըղօրմի/ղօրմի

աման>ըմանի

3. Լոռին այն հազվագյուտ շրջաններից մեկն է, որտեղ գրաբարյան ն վերջնահնչյունը առկա է ը ձևով։

Գրաբար                        Երևան              Լոռի

բեռն                                  բէռ                      բեռը

բուռն                                բուռ                    բուռը

գառն                                 գառ                    գառը

Այս բառերի նմանակությամբ Լոռիում մի շարք բառերի վերջում ավելացել է ը հնչյունը, օր․՝ աստղ>աստղը, անեծք>անիծկը, աչք> աչկը և այլն։

4. Լոռու մի շարք գյուղերում ձայնավորով սկսվող բառերի մի մասի սկզբում ավելանում է ձայնեղ հ։ Օրինակ`աջ>հաջ, առաջ>հառաջ, արդար>հարթար, արթուն>հարթուն ( Ղարիբյան, 131 ):

ԲԱՌԱՊԱՇԱՐԱՅԻՆ

Հաջորդը Ասատրյանը ուսումնասիրում է բառապաշարային տարբերությունները։ Արարատյան ու Լոռու խոսվածքները զգալի բառապաշարային տարբերություններ ունեն: Լոռում կան մի շարք բառեր, որոնք Արարատյան բարբառում չկան: Օրինակ՝ ալամաթիլ ( ապականել, կեղտոտել ), բրնուտ (անտառում խիտ թփուտների տեղ), գեջ (դալար, թաց փայտ), դիբ անիլ (բարձրանալ), երթըմվիլ (երդվել), ծղիկ (զամբյուղ), ճալա (ճահիճ):

Այս օրինակները բավական են, որ համոզվենք, որ Արարատյան և Լոռու խոսվածքները զգալի բառապաշարային տարբերություններ ունեն։

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ

Մյուս տարբերությունը, որ Ասատրյանը ուսումնասիրում է, ձևաբանական է:

1. Երևանի բարբառում բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է ներ կամ եր մասնիկներով, իսկ Լոռու խոսվածքում՝ նի մասնիկով։

Օր․՝ բէրաններ-բէրաննի

Դիմակներ-դըմակնի

Արարատյան և Լոռու խոսվածքները միավանկների հոգնակին կազմում են եր մասնիկով, ինչպես՝ տուն-տընէր, սար-սարէր, քար- քարէր և այլն։ Սակայն Լոռում որոշ միավանկ բառեր հոգնակի են կազմում ան մասնիկով։ Դրանք են.

այծ>էծ-իծան

թի>թի-թիան

Ձի>ձի-ձիան

ձու> ձու-ձըվան

2. Լոռու խոսվածքի հոլովական գլխավոր առանձնահատկություններից է այն, որ որոշ բառեր բացառական են կազմում ի վերջավորությամբ: Այս առանձնահատկությունն ունեն ց, վա հոլովման բառերը, անձնական, ցուցական դերանունները։ Օրինակ՝  խընամոնցի «խնամիներից», օրվանի «այն օրից», ինձանի «ինձնից» և այլն:

3. Սա, դա, նա ցուցականները սրանք, դըրանք, նըրանք հոգնակիներից բացի ունեն զուգահեռ սըհանք, դըհանք, նըհանք հոգնակիները՝ բոլոր հոլովական ձևերով, իսկ բուն Արարատյան բարբառում չկան:

4. Լոռու խոսվածքում ստացական հոդերի հոգնակիությունն արտահայտելու համար բոլոր գոյականները ստանում են ներու մասնիկը: Այսինքն՝ տունըս նշանակում է իմ տունը, տրնէրս՝ իմ տները, իսկ մեր տները ասելու համար օգտագործում են տուններուս ձևը։ Տունըս և տընէրս ձևերը կան նաև Արարատյան բարբառում, իսկ Լոռու՝ տուննէրուս ձևին համապատասխան գործածվում է տըննէրս ձևը:

5. Տարբերություններն ավելի ակնհայտ են բայական համակարգում։ Ըստ հայտնի լեզվաբան և բառարանագիր Հրաչյա Աճառյանի՝ Արարատյան բարբառում երկու իլ և ուլ լծորդությունները ( Աճառյան, 41-42 ) ջնջված են։ Արարատյան բարբառում անորոշ դերբայը կազմվում է ել և ալ վերջավորություններով։ Իսկ Արարատ Ղարիբյանը և Ահարոն Գրիգորյանը գրում են, որ Արարատյան բարբառն ունի երեք խոնարհում՝ ել, իլ, ալ։ Իլ խոնարհումը սովորաբար հանդես է գալիս ժխտականի դեպքում ( Ղարիբյան, 225 ):

Լոռու խոսվածքը անորոշ դերբայի ձևավորմամբ տարբերվում է Արարատյանից։ Ասատրյանը նշում է, որ ալ վերջավորությամբ բայերը և՛ Երևանում, և՛ Լոռում նույն ձևն ունեն ( Ասատրյան, 20 )։ Տարբերվում են ել վերջավորությամբ բայերը: Ըստ անորոշ դերբայի կազմության՝ Լոռու խոսվածքները բաժանվում են երկու խմբի։

Խոսվածքների առաջին խումբը ել վերջավորությամբ անորոշ դերբայ չունի։ Սակայն կա իլ-ով վերջացող դերբայ։

գրակ․ հայերեն             Լոռու խոսվածք

ազատել                            ազատիլ

անիծել                               անիծիլ

բաժանել                          բաժանիլ

սիրել                                   սիրիլ

Խոսվածքների երկրորդ խումբը արդի հայերենի ել, նել, չել բայերին համապատասխան ունենում է ել, նուլ և չիլ ձևերը:

գրակ․ հայերեն             Լոռու խոսվածք

թողնել                                   թողուլ/թօղնուլ

առնել                                      առնուլ

6. Լոռու խոսվածքն ունի անկատար ժամանակի երկու ձև՝ բաղադրյալ և պարզ ( Ասատրյան, 24 ): Բաղադրյալ անկատարը նույնանում է Երևանի անկատարին։ Օր․՝ բէրըմ ի, բէրըմ ինք և այլն։ Իսկ պարզ անկատարը նույնանում է գրաբարյան անկատարին։ Կազմվում է բայահիմքով ու վերջավորություններով, այսինքն՝ բէրէի, բէրէիր, բէրէր։

7. Լոռու խոսվածքում ձևի մակբայը կազմվում է անորոշ ձևի վրա ածանց դնելով։ Օրինակ՝ ըրածիլ-րածելէն, մէռնիլ- մէռնելէն:

8. Լոռու մի շարք գյուղերում ժամանակի դերբայը կազմվում է ուս ածանցով, որ դրվում է անորոշի ձևի վրա և անորոշի իլ ածանցը փոխվում է էլ-ի, օրինակ՝ բէրիլ—բէրէլուս, աղալ—աղալուս:

9. Պայմանական եղանակը և՛ Երևանում, և՛ Լոռում կազմվում է ըղձականից՝ կը եղանակիչի ավելացմամբ, ինչպես՝ կը գըրէնք, կը գըրէն: Կա նաև երկրորդ ձև, որ կազմվում է կա եղանակիչով, որը ետադաս դիրք ունի․ գըրէմ կա, գըրէնք կա։ Պայմանականի այսպիսի ձև Արարատյան բարբառում չկա ( Ասատրյան, 28 ):

10. Անցյալ կատարյալի եզակի երրորդ դեմքի համար Լոռու խոսվածքն ունի նաև ուց վերջավորությունը, որն ունենում են պատճառական բայերը՝ ըմանչացրուց, խըմացրուց, և մի քանի անկանոն բայեր՝ բէրուց, դըրուց, տըվուց:

11. Լոռու խոսվածքում սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակների ժխտականի կազմության ժամանակ ժխտական ձև է ստանում օժանդակ բայը՝ դրվելով դերբայից հետո՝ քընըմ եմ — քընըմ չեմ:

Անցյալ կատարյալի և ըղձականի ժխտականը կազմվում են ոչ մասնիկի միջոցով, որը դրվում է խոնարհված բայաձևերից հետո՝ քընեմ — քընեմ ոչ:

Պայմանական եղանակի ապառնի և անցյալի ապառնի ժամանակների ժխտականը կազմվում է անորոշ դերբայի և օժանդակ բայի ներկայի ու անցյալի ժխտական ձևերի միջոցով՝ կըքընեմ — քընիլ չեմ, կըքընէի — քընիլ չէի և այլն։

Արգելական հրամայականը կազմվում է անորոշ դերբայի և մի, մէք մասնիկների միջոցով՝ քընի՚, քընէ՛ցէք—քընի՛լ մի, քընի՛լ մէք:

Այսպիսով, Լոռու խոսվածքը Արարատյան բարբառի հետ գտնվում է այնպիսի հարաբերության մեջ, որ դա կարելի է համարել և՛ ինքնուրույն բարբառ, և՛ Արարատյանի ենթաբարբառներից մեկը: Հաշվի առնելով վերը նշված լեզվաբանների ուսումնասիրությունները և դիրքորոշումները, շեշտը դնելով Լոռու խոսվածքի և Արարատյան բարբառի հնչյունական, ձևաբանական, բառապաշարային տարբերությունների և նմանությունների վրա՝ լեզվի այս տարբերակը կարելի է համարել խոսվածք, որը միջին դիրք է գրավում Արարատյան, Ղարաբաղի ու Թիֆլիսի բարբառների միջև։

Հնչյունական համակարգը Լոռու խոսվածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքը ունի ընդամենը 41 հնչյուն, դրանցից 6-ը ձայնավորներ են, 33-ը՝ բաղաձայններ ( Ասատրյան, 42 )։

1.      Լոռու խոսվածքն ունի գրական հայերենի բոլոր հնչյունները, ինչպես նաև ո, ե երկբարբառները, գյ, կյ, քյ քմային պայթականները և ձայնեղ հ-ն։

2.     Լոռու խոսվածքի պայթական բաղաձայնների համակարգը եռաստիճան է։

3.     Հին հայերենի ա ձայնավորը Լոռու խոսվածքում սովորաբար կարող է մնալ անփոփոխ, ինչպես՝  ականջ>անգաճ, դաշտ>դաշտ, տղա>տըղա։

4.     Կան մի շարք բառեր, որոնց մեջ եռավանկ բառերի նախաշեշտ ա ձայնավորը չի հնչյունափոխվում: Օրինակ՝ ազգական >ասկական, աղօթել>աղօթիլ, անամօթ>անամօթ:

5.     Եռավանկ բառերում որոշ դեպքերում միջնավանկի ա ձայնավորը սղվում է: Օրինակ՝ աշակերտ> աշկյէռթ, բաղանիք>բաղնիք(ս)։

6.     Երկվանկ բառերի առաջին վանկի ա ձայնավորը մնում է անփոփոխ, ինչպես՝ ակօս >ակոս, բաժին> բաժին, բարի>բարի։ Բացառություն են կազմում միայն համար>հըմար և հազար>հըզար բառերը:

7.     Քառավանկ բառերի նախաշեշտ ա ձայնավորը անփոփոխ է մնացել հպարտանալ>հըմբարտանալ, ապաշխարանք> աբաշխարանք:

8.     Աշակերտ բառը խոսվածքում դառնում է աշկյէոթ կամ աշակյէռթ, որոնք ունեն իմաստային տարբերություն: Աշկյէռթ բառը գործածվում է գործակատարի, վարպետի և այլնի աշակերտ իմաստով, իսկ աշակյէռթ բառը՝ «դպրոցականի» իմաստով ( Ասատրյան, 48 )։

9.     Ա> է հնչյունափոխություն է նկատվում արժան>էժան, արծաթ>էրծաթ, միջնակ>միչնէկ բառերում:

10.  Միավանկ բառերի բառասկզբի ե-ն դառնում է յէ, օրինակ՝ եզն> յէզը։

11.  Բազմավանկ բառերի բառասկզբի ե-ն սովորաբար դառնում է է։ օրինակ՝  երազ>էրազ, երակ>էրակ, երանի>էռնակ։

12.  Բազմավանկ բառերի բառասկզբի ե-ն մի քանի բառերի մեջ դառնում է յէ։ Դրանք են՝ երեսուն>յէռէսուն, երկար> յէրգար, երկինք>յէրգյինք, երկիր> յէրգյիր:

13.  Բազմավանկների բառասկզբի և ձայնավորը հնչյունափոխվել է ը-ի կամ ընկել է հետևյալ բառերում. եղունգ>րղունգ, երեկոյ>ըրիգու, երևիլ>ըրէվալ։

14.  Լոռու խոսվածքում կա 2 է, մեկը unվորական՝ գրական հայերենի է-ն, իսկ մյուսը՝ երկբարբառակերպ։ Երկբարբառակերպ են՝ անմեղ >անմեղ, բեռն> բեռ, բերդ>բեռթ։

15.  Գյ, կյ, քյ քմային բաղաձայններից հետո ունենում ենք ոչ թե պարզ է ձայնավոր, այլ երկբարբառային արտասանություն ունեցող է: Այսինքն՝ կյէսուր, կյէրա։

16.  Կան մի շարք բառեր, որոնց մեջ գրաբարյան բառամիջի է ձայնավորը չի երկբարբառայնանում, այլ մնում է որպես է ձայնավոր․ ամեն>ամէն, աներ>անէր, բարեկամ>բարէգամ, բերան>բէրան ( բառերի ամբողջական ցանկը տե՛ս Ասատրյանի «Լոռու խոսվածքը» աշխատության մեջ )։

17.  Ե>ի կերակուր>կյիրակուր, երեկոյ>ըրիզու, լեզու> լիզու:

18.  Բառասկզբում փոփոխություն ունենք երդումն>օրթոմ բառում:

19.  Ախպէր ձևը առաջանում է գրաբարյան աղբայր ձևից: Հորեղբայր ձևին զուգահեռ ունենք բարբառային հըրօխպէր ձևը:

20.  Գրաբարյան վերջին փակ վանկի է-ն սովորաբար է պարզ ձայնավոր է դառնում, ինչպես՝ աղուէս >աղվէս, օրէնք>օրէնք:

21.  Բառավերջի է-ն պարզ է ձայնավոր է, դառնում թէ>թէ բառում։

22.  Չէ բառը դառնում է չի:

23.  Գրաբարյան է-ից առաջացած է–ն բառի աճման դեպքում կարող է հնչյունափոխվել ի–ի, օրինակ՝ էշ–իշի–իշան, դէզ–դիզի–դիզան ( Ասատրյան, 51 )։

24.  Ի ձայնավորը, որպես կանոն, բոլոր դիրքերում էլ մնում է անփոփոխ՝ իլիկ>իլիկ, ինն>իննը, ամիս>ամիս, բաժին>բաժին, բարի>բարի, գարի>գարի:

25.  Մի քանի բառերի մեջ ի-ն դառնում է ը. այդ բառերն են՝ անիծել >անըծիլ, գիշեր>քըշէր, իննսուն>ըննսուն:

26.  Լոռու խոսվածքում վերջնավանկի ի ձայնավորը բառի աճման դեպքում հնչյունափոխվում է ը-ի կամ սղվում է, օրինակ՝ ածիկ–ածկի, ախչիկ–ախչըկա, ամիս–ամսի–ամսընի։

27.  Ու ձայնավորը, որպես կանոն, բոլոր դիրքերում մնում է անփոփոխ՝ ութ>ութ, ուլ>ուլ, ուտել> ուտիլ։

28.  Մի քանի բառերում բառամիջի ու-ն հնչյունափոխվում է ը-ի. այդ բառերն են՝ անուն>անըմ, բունկալ>բընակալ, բուսանիլ >րըսնիլ, դդում>դըթըմ, երդումն>օրթըմ:

29.  Ու>Ո հնչյունափոխություն ունենք մածուն>մածոն, ջրտուն ցըոթոն և կակուղ>կակող (նաև՝ կակուղ) բառերում:

30.  Միավանկ բառերի սկզբում ո-ն դառնում է վո (վում). ինչպես՝ ոչ >վոչ, ոտն>վոտը, որ>վոր, որբ>վորի, որդն >վսոթ, որձ>վոռց։ Բացառություն է կազմում միայն ով>օվ բառը։

31.  Բազմավանկ բառերի սկզբում` ևս ո-ն սովորաբար դառնում է վո (վուլ), ինչպես՝ ոչխար>վոխչար, ոսկի>վոսկյի, որդի> վոռթի։

32.  Բազմավանկների սկզբի ո-ն հնչյունափոխվել է ը-ի կամ ընկել է n-ով երկու հաջորդական վանկ ունեցող բառերում. ոլորել> ըլօրիլ:

33.  Բազմավանկների սկզբի n-ն օ է դարձել հետևյալ բառերում, ոլոր>օլօր (նաև՝ վօլօր), ոռնալ> օռնալ, ոսկը>օսկօռ||օցկօռ, ոսկրոտ||օցկօռոտ։

34.  Գրաբարյան բառամիջի ո-ն՝ շեշտված թե անշեշտ՝  դառնում է n=ում երկբարբառ: Բառամիջի ս>ո փոփոխությունն ունենք հետևյալ բառերում․ բախտաւոր>բախտավոր||բըխտավոր, բարդոց>բարդոց, բժոտ>բըժոտ, բոկիկ>բոբիկ, բողկ>բոխկ, բոց >րոց։

Երկբարբառների փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

•           Բառասկզբում այ երկբարբառը > է: Օր․՝ այս>էս, այն> էն, այծ> էծ

Էս, էդ, էն դերանունների հետ այլ բառեր տեղադրելիս, ձայնավոր հնչյունը փոխվում է ը-ի կամ ընկնում է։ Օր․՝ այստեղ>էստեղ>ըստեղ>ըստի, այդքան>էդքան>ըդքան

•           Այ երկբարբառը բաղաձայնից առաջ > է/ե: Օր․՝ ձայն> ձէն, մայր>մէր

•           Այ-ը պահպանվում է բաղաձայնից առաջ: Օր․՝ հայելի>հայլի, վայելել>վայելիլ

Բացառություն՝ խնայել>խնահիլ>խնայիլ

•           Այ-ը կորցնում է յ-ն, դառնում ա բազմավանկ բառերի վերջում։ Օր․՝ սատանայ>սըտանա, փեսայ-փեսա

•           Այ-ը միավանկ բառերի վերջում անփոփոխ է։ Օր․՝ հայ-հայ, վայ-վայ

•           Բառասկզբի աւ>ը: Օր․՝ օրորել>ըրօրիլ>րօրիլ

•           Բառասկզբի և բառամիջի աւ>ավ: Օր․՝ աւազ>ավազ, ձաւար>ձավար

•           Բառավերջի աւ>ավ։ Օր․՝ ծարաւ>ծարավ, ցաւ>ցավ

•           Աւ-ի հնչյունափոխություն։ Օր․՝ աւ>ու աղաւնի>աղունիկ

                    Աւ>ի մօրուք>միրուք             

Եա

•           Գրաբարում եա-ն գործածվում է բառամիջում ( Ասատրյան, 59 )։ Օր․՝ լեառն>լէռ/լեռ, իրեար>իրար

•           Գրաբարում եալ>էլ/ել։ Օր․՝ գրեալ>գըրել, բերեալ>բէրել

Եայ

•           Եայ բառավերջում, Լոռու խոսվածքում դառնում է ի։ Օր․՝ մազեայ>մազի, փայտրեայ>փետի

Եւ

•           Բառամիջի և բառավերջի եւ>եվ/էվ։ Օր․՝անձրեւ>անձրէվ, արեւ>արէվ

•           Ե>ի ալեւոր>հըլիվոր

Իւ

•           Իւ>ի, օր․՝ դիւր գալ>դիր գալ

•           Ութիւն ածանցը>ութին: Օր․՝ հարստութիւն>հարստութին, լաւթիւն>լավութին

•           Բառամիջի իւ>ու, օր․՝ արծիւ>առծիվ, թիւ>թիվ: Oր․՝ մրջիւն բառը դարձել է մօրմօնջ։

•           Ոյ>ի, օր․՝ զրոյց>զըրից, թոյլ>թիլ

•           Ոի>ու, օր․՝ արտոյտ>արտուտ, անոյշ>անուշ

Ուա

•           Ուա>վա, օր․՝ լուանալ>լըվանալ, ձուածեղ>ձըվաձէղ

Բաղաձայնների փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքի պայթական բաղաձայնների համակարգը եռաստիճան անտեղաշարժ է, այսինքն՝ ձայնեղների, խուլերի և շնչեղ խուլերի դիրքն անփոփոխ է։

Ձայնեղ պայթականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքի բառամիջի և բառավերջի ձայնեղ պայթականները ն և մ ռնգային ձայնորդներից հետո մնում են անփոփոխ, իսկ այլ դիրքերում վերածվում են շնչեղ ու պարզ խուլերի։

•           Բառամիջի և բառավերջի բ>փ կամ պ։ Օր․՝ խաբել>խափիլ, շաբաթ>շափաթ

•           Թամբք>թամք բառի մեջ բ-ն ընկել է։

•           Բառասզկբի գ>ք։ Օր․՝ գիշեր>քըշեր, գտանիլ>քըթնիլ

                    Քըցիլ- Ստեփանավան,  գըձել-Ալավերդի

•           Բառամիջի և բառավերջի գ>ք ( Ասատրյան, 61 )։ Օր․՝ արգելել>առքյէլիլ, ուրագ>ուրաք

•           գ>կ, օր․՝ ազգ>ասկ

•           Ի և է առաջնալեզվային ձայնավորներից հետո վերածվում է գյ-ի։ Օր․՝ գետին>գյէդին, գերան>գյէրան

•           Բառամիջի դ>թ։ Օր․՝ դադար>դաթար, բրդել>փըռթիլ>բըռթիլ

•           Ղդ>խտ, օր․՝ խեղդել>խէխտիլ

•           Դ>ձ, օր․՝ փոխինդ>փոխինձ

•           Բառամիջի և բառավերջի ձ-երից հետո> ց։ Օր․՝ բարձ>բարց, փորձ>փոռց

•           Բառամիջի և բառավերջի ջ>չ։ Օր․՝ աղջիկ>ախչիկ, աջ>աչ, առաջ>առաչ

•           Ն ձայնորդից հետո ջ-ն մնում է անփոփոխ։ Օր․՝ երինջ>էրինջ, կամուրջ>կարմունջ

Բացառություն՝ խնջել>խընչիլ

•           Ջ>ճ, օր․՝ ականջ>անգաճ, նաև անջակ

•           Մեղրուտ, Փամբակ, Քարաբերդ գյուղերում, նաև Սպիտակում ձայնեղ պայթականները վերածվում են խուլերի։ Օր․՝ բարի>պարի, դմակ>տըմակ

Այս բառերը բացատրվում են Ղարաբաղի բարբառի ազդեցությամբ։

Խուլ պայթականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառամիջի և բառավերջի պայթական խուլերը սովորաբար մնում են անփոփոխ, սակայն որոշ դեպքերում կարող եմ վերածվել ձայնեղները։

•           Բառասկզբի , բառամիջի և բառավերջի պ-ն մնում է անփոփոխ։ Օր․՝ պանիր-պանիր, ապրանք -ապրանք կապել-կապիլ

•           Կ-ն մնում է անփոփոխ բառասկզբում ( Ասատրյան, 66 )։ Օր․՝ կաշի-կաշի, կամուրջ-կարմունջ

Բացառություն՝ կիւրակէ>գյիրագի, կեանք>գյանք

Կեանք բառի մեջ եա>յա, որը փոխառյալ է ընդհանուր խոսակցական լեզվից։ Կիրակյէ բառը մնում է անբացատրելի։

•           Բառամիջի և բառավերջի կ-ն մնում է անփոփոխ։ Օր․՝ ակն-ակը, ակօս-ակոս

•           Բառամիջի և բառավերջի կ-ն ձայնեղանալով > գ։ Օր․՝ արմուկն>արմունգ, բարեկամ>բարեգամ

•           Կ-ն է և ի ձայնավորներից առաջ վերածվում է կյ-ի։ Օր․՝ բարեկենդան>բարիկյէնթան, ներկել>նյէրկիլ

•           Քսակ> քյիսա բառի կ վերջնահնչյունն ընկել է։

•           Բառամիջի և բառավերջի տ-ն մի շարք բառերի մեջ մնում է անփոփոխ։ Օր․՝ աստղ>աստըղ, կոշտ>կոշտ

•           Բառամիջի և բառավերջի տ>դ։ Օր․՝ անտէր>անդէր, առաւոտ>ըռավոդ

•           Շատ քիչ բառերում բառամիջի և բառավերջի տ>թ։ Օր․՝ ականատ>ըկանաթ, գտանել>քըթնիլ

•           Բառամիջի և բառավերջի ծ-ն որոշ բառերում մնում է անփոփոխ։ Օր․՝ այծ>էծ, օծել>օծիլ

•           Բառամիջի և բառավերջի ծ>ձ։ Օր․՝ աստուած>աստոձ, գործ>գոռձ

Կսկիծ բառը կրկնավոր բարդություն է։ Կիծկիծ – կծկիծ ձևից ծ>ս հնչյունափոխությամբ դարձել է կսկիծ ձևը։

Շնչեղ խուլ պայթականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք սովորաբար բոլոր դիրքերում մնում են անփոփոխ, սակայն որոշ դեպքերում, կորցնելով շնչեղությունը, կարող են վերածվել պարզ խուլերի։

•           Փ-ն բոլոր դիրքերում մնում է անփոփոխ։ Օր․՝ փախչիլ>փախչիլ, չափել>չափել, մրափ>մըրափ

•           Ք-ն սովորաբար բոլոր դիրքերում մնում է անփոփոխ։ Օր․՝ քաղաք>քաղաք, զոքանչ>զանքաչ

•           Ք-ի ակնառու փոփոխություններից է այն, որ բառամիջում կամ բառավերջում խուլ կամ շնչեղ բաղաձայններից հետո վերածվում է պարզ խուլ կ-ի։ Օր․՝ աչք>աչկ, մեղք>մեխկ

Հետաքրքիր է՝ աղիք բառի ք-ն մնում է անփոփոխ, քանի որ գտնվում է ձայնավորից հետո ( Ասատրյան, 70 )։

•           Բառամիջում և բառասկզբում է և ի ձայնավորներից առաջ, վերածվում է քյ-ի։ Օր․՝ քենի>քյէնի, քեռի>քյեռի

•           Անեզական բառերի ք-ն մի քանի բառերում հանդիպում է ս-ին։ Օր․՝ բաղնիք>բաղնիս, չորք>չոռս

•           Ք-ն ընկել է, օր․՝ ճեղքել>ճըղիլ

•           Թ-ն բոլոր դիրքերում մնում է անփոփոխ։ Օր․՝ թութ>թութ, թխել>թըխիլ

•           Բառամիջում և բառավերջում խուլ բաղաձայններից հետո թ-ն շնչազրկվելով՝ վերածվում է տ-ի։ Օր․՝ գաղթական>գաղտական, թուղթ>թուխտ

•           Թս-ն միասին արտասանելով > ց։ Օր․՝ վաթսուն>վացցուն

•           Ց-ն բոլոր դիրքերում էլ մնում է անփոփոխ։ Օր․՝ ցանել>ցանիլ, խարտոցել>խառտոցիլ

•           Ն-ն բոլոր դիրքերում անփոփոխ է։ Օր․՝ չամիչ-չամիչ, խաչել-խաչիլ

Ձայնեղ շփականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնեղ շփականները սովորաբար բոլոր դիրքերում մնում են անփոփոխ։ Միայն ղ-ն խուլ և շնչեղ խուլ պայթականներից առաջ դառնում է խ։

•           Զ-ն բոլոր դիրքերում մնում է անփոփոխ։ Օր․՝ զարդարել>զարդարիլ, գըզել>գըզիլ

•           Զ-ն փոխվում է միայն ազգ-ասկ բառում՝ զ>ս։

•           Ժ-ն բոլոր դիրքերում մնում է նույնը ( Ասատրյան, 73 )։ Օր․՝ ժանգ>ժանգ, ապառաժ>ըպառաժ

Միայն շարժ բառը անցնելով շարժք ձևից դարձել է ժաշկ։

•           Բառասկզբում և բառավերջում ղ-ն մնում է անփոփոխ։ Օր․՝ եղունգ>ղունգ

•           Վ-ն հնչում է ֆ։ Օր․՝ նաւթ>նաֆթ, հարաւ>հարաֆ

Խուլ շփականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք ևս գրեթե բոլոր դիրքերում մնում են անփոփոխ։

•           Ս-ն մնում է անփոփոխ։ Օր․՝ սուրբ>սուրբ, հասկ>հասկ, ամիս>ամիս

•           Ս>զ, օր․՝ խորիսխ>խորիզ

•           Ս>ց, օր․՝ հիցցուն//իցցուն

•           Ս-տասն>տասսը

•           Շ-ն մնում է անփոփոխ։ Օր․՝աշուն>աշունք, թուշ>թուշ

•           Բառասկզբի խ>հ, օր․՝ խաղ>հաղ, խաղող>հաղող

•           Խ>ն, օր․՝ ջախջախել>ջըխջախիլ

•           Մ>վ, օր․՝ մեծ>վենձ

•           Յ>հ , օր,՝ յաջօղ>հաջող

Բառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայերենի մյուս բարբառները, Լոռու բարբառը ևս գրաբարի հետ ունի բառապաշարային նմանություն։ Այս բառերը, որպես կանոն, գալիս են հայոց պատմության նախագրավոր շրջաններից և ցույց են տալիս մարդու համար կենսական անհրաժեշտության առարկաների և երևույթների, գործողությունների և հատկանիշների անվանումներ։ Այդպիսի ընդհանուր բառերից են․ ալիւր – ալիր, գառն – գառը, աշուն – աշունք, լույս – լիս, հարսն – հառսը, ձուկն – ձուգը, քամի – քամի, փորել – փորիլ և այլն ( Ասատրյան, 150 )։

Լոռու խոսվածքի բառապաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խոսվածքի բառապաշարը հիմնականում հարստացել է ընդհանուր հայերեն բառահիմքերի վրա կազմված նոր բարդությունների և ածանցումների հիման վրա։ Բարբառային հետաքրքիր բարդությունների շարքում կարելի է նշել լիսածակ (երդիկ), մեղրատանձի (քաղցր տանձենի), ծեքելահան (առավոտ ծեգին), քնթկալ (գլխաշոր), գիլահաչ, կռնատակ բարդությունները, իսկ ածանցավորների մեջ՝ սարվոր, մատնունք, նշանած բառերը։ Լոռու խոսվածքի վրա առավել մեծ ազդեցություն են գործել թուրքերենը և ռուսերենը։ Թուրքերենից են գալիս հետևյալ բառերը՝ ադաթ (սովորություն), այիբ (արատ), անջաղ (հազիվ), բալա (որդի, ձագ), դօստ (ընկեր), թամբալ (ծույլ), թոփալ (կաղ)։ Ռուսերենից փոխառվել են ըստոլ, պատալոկ, ակոշկա, տրուբա, կաստրուլկա, տալերկա, բրիգադ, կոլխոզ, սովխոզ բառերը։

Բառակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքում առկա բարդությունները լեզվաբան Մանվելյանը բաժանում է երկու խմբի՝ անիսկական և իսկական։ Անիսկականներն իրենց հերթին լինում են երեք տեսակի․

կրկնավորներ – սեվ-սեվ, մենձ-մենձ, շատ-շատ և այլն,

հարադրական բարդություններ – մտիկ տալ, ըղու անիլ, թոփ անիլ, ծիկա տալ և այլն,

կցական բարդություններ - առուտուր, ըսօր, հըրօխպեր, ըսքան և այլն։

Իսկական բարդությունները կազվում են հետևյալ կերպ․

•           ա հոդակապով, օրինակ՝ լիսաթաթախ, տնաշեն, փորացավ, կռնատակ և այլն,

•           անհոդակապ, օրինակ՝ աղաման, պարզերես, քնթկալ, էրէսծէծանք և այլն։

Լոռու խոսվածքում գործուն են հետևյալ ածանցները ( Ասատրյան, 152 )․

-ական, որով կազմվում են և՛ ածականներ, և՛ գոյականներ, օրինակ՝ պապական, ազգական,

-անի, որ նշանակում է մի բան ունեցող, օրինակ՝ էրկու-դռնանի, մենձ-քթանի,

-անց մակբայակերտ ածանցը, օրինակ՝ էրէսանց, սըրտանց,

-անք, -օնք, օրինակ՝ խնամօնք, մերօնք, Ալէքանք,

-էվ, որով կազմվում են տեղի մակբայներ, ինչպես՝ վիրէվ, դրսէվ,

-վարի, որով կազմվում են ձևի մակբայներ, օրինակ՝ գյէղավարի, իշավարի,

-ացու, ցույց է տալիս մի բանի համար սահմանված լինելը, ինչպես՝ մսացու, շալվարացու, սերմացու,

-ուց, որով կազմում ենք ժամանակի մակբայներ, ինչպես՝ պուճուրուց, վաղուց, մօրուց,

-օվի, բայերից կազմվում են ածականներ, ինչպես՝ բերօվի, ծալօվի, ջրօվի և այլն։

Ժխտական ածանցներից գործածական են միայն ան և չ մասնիկները, օրինակ՝ անլիզու, անֆոտ, անմէր, չտէս, չբէր, չկամ և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքի գոյական անունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է անդրադառնալ վերջինիս հոգնակիի կազմությանն ու հոլովներին։

Գոյական անուն․ հոգնակիի կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքում գոյականների հոգնակի թիվը կազմվում է եր/էր, նի, ք, էնի, քյէր մասնիկներով ( Ասատրյան, 90 )։

•           Միավանկ բառերի հոգնակին կազմվում է եր/էր մասնիկով։ Օր․՝ արջ>առչ-առչէր, արտ>առտ-առտեր

•           Մի շարք բառերում հին հայերենի ն վերջնահնչյունը հնչյունափոխվել է ը-ի, բայց հոգնակիի կազմության մեջ կարող է վերականգնվել։ Օր․՝ ակն>ակը-ակնէր

        թոռն>թոռը-թոռներ

         բեռն>բեռը-բեռներ

Ծառ>ծառ, թումբ>թումբ բառերը գրաբարում  ն վերջնահնչյունը չեն ունեցել, բայց հոգնակի են կազմում վերոհիշյալ ձևով՝ ծառնէր, թմբնէր կա նաև թմբեր ձևը։

Յզն>յէզը բառի հոգնակին լինում է յէզնիք, իսկ մարդ>մառթ բառի հոգնակին՝ մառթըկէք:

•           Կան մի քանի միավանկ բառեր, որոնց հոգնակին կազմվում է ան մասնիկով։ Օր․՝ այծ>էծ-իծան

                   դէզ>դէզ-դիզան

                    թի>թի-թիան

•           Բաղաձայնով վերջացող բազմավանկ բառերի հոգնակին , որպես կանոն կազմվում է նի  մասնիկով։ Օր․՝ ալևոր>հըլիվոր-հըլիվորնի

        անուն>անըմ-անըմնի

        թագավոր>թըքավոր-թըքավորնի

•           Ա ձայնավորով վերջացող բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է ք մասնիկով։ Օր․՝ գուլպայ>գյուլբա-գյուլբայք-գյուլբէք

        ամփայ>ճամփա-ճամփայք>ճամփեք

•           Ցի ածանցով վերջացող բառերի հոգնակին ևս կազմվում է ք մասնիկով։ Օր․՝ քախկըցի>քաղխկցիք

       կուռթանեցի>կուռթանեցիք

                   լօռեցի>լօռէցիք

•           Ք մասնիկով է կազմվում նաև ի ձայնավորով վերջացող բազմավանկ բառերի հոգնակին։ Օր․՝ ածելի>ածըլի-ածըլիք

       Ոսկի>վոսկյի-վոսկիյք

       Քենի>քյէնի-քյէնիք

Լոռու խոսվածքում գոյականների հոգնակին կարող է կազմվել նաև էնի մասնիկով։

•           Աղջիկ>ախչիկ բառի հոգնակին լինում է ախչըկէք։

•           Լոռու խոսվածքում մասնակի գործածություն ունեն հետևյալ հոգնակերտ մասնիկները ( Ասատրյան, 92 )։

Տինք-աներ>անէր-անէրտինք, ընկեր>հընգյէր-հընգյէրտինք

Այս մասնիկով հոգնակի են կազմում ազգակցություն ցույց տվող բառերը։

Լոռու խոսվածքում որպես հոգնակերտ են հանդես գալիս անք և օնք մասնիկները։

Անք մասնիկով  անեզական գոյականներ են կազմվում անձերի հատուկ և հասարակ անուններից։

Ա․ Սուրօանք, Պարսամանք, Մանուկանք

Բ․ մօքրանք, անօրանք, հէրանք/հօրանք

Օնք մասնիկով անզական գոյականներ են կազմվում անձերի հատուկ և հասարակ անուններից։

Ա․ Խամցօնք, Զալօնք

Բ․ խնամօնք, քյէռոնք, տատօնք

Գ․ իմօնք, քունօնք

•           Երբ բառը վերջավորվում է գ, կ, ք ետնալեզվային պայթականներով և հոգնակիի կազմության ժամանակ ստանում է եր//էր մասնիկը, ապա ե, է ձայնավորներից առաջ այդ հնչյունները ըստ բարբառի արտասանական օրենքների քմայնանում են՝ վերածվելով գյ, կյ, քյ միջնալեզվային պայթականների։

Օր․՝ աչկ>աչկյէր,

       Զօրք>զօրքյէր

       Շէգ>շէգյէր

Է ձայնավորը ևս կարող է հնչյունափոխվել։

Օր․՝ ասեղ>ասէղ-ասխընի

       Գոմէշ>գօմէշ-գոմշընի

       Պճեղ>պըճէղ-պըճըղնի

•           Վերջնավանկի մյուս ձայնավորները, որպես կանոն չեն հնչյունափոխվում։

Օր․՝ բերան>բէրան-բէրաննի

       Դմակ>դըմակ-դըմակնի

       Խրատ>խըրատ-խըրատնի

•           Շեշտակիր ա ձայնավորը հոգնակիի կազմության կարող է հնչյունափոխվել ը-ի

Օր․՝ ականջ>անջակ-ընջակնի

       Աման>աման-ըմանիք

Գոյականի հոլովները[խմբագրել | խմբագրել կոդը]

•           Լոռու խոսվածքում ժամանակակից գրական հայերենի նման, ձևաբանական մակարդակում հայցականը չի տարբերվում ուղղականից և տրականից, իսկ սեռականը՝ տրականից։ Խոսվածքն ունի 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական , գործիական և ներգոյական ( Ասատրյան, 95 )։ Օր․՝ քար-քարի-քարից-քարով-քարում

•           Մի քանի դերանուններ սեռական և տրական հոլովների համար ունեն առանձին ձևեր։

•           Տրական հոլովը կազմվում է ի, ու, վան և այլ թեքույթներով։ Օր․՝ քարի, քամու, օրվան և այլն

            Որպես վերադիր տրականը միշտ գործածվում է առանց որոշիչ հոդի։ Օր․՝ րէխու ոտը, քամու ուժը։

•           Լոռու խոսվածքում դրսևորվում է իրի և անձի առում։

Իրի առման դեպքում ուղիղ խնդիրը դրվում է ուղղականով։ Օր․՝ Էն գառը մոռթիլ տէմ․ կօվը ծախէցի․

           Անձի առման դեպքում ուղիղ խնդիրը դրվում է տրականով։ Օր․՝ էն գառին մոռթիլ տեմ, կօվին ծախեցին։

•           Տեղանունների տրականն ու բացառականը կազմվում են նաև սովորական ի, ից վերջվորություններով։ Օր․՝ Րէվանի ջուր, Րէվանից եմ գալիս։

•           Գործիական հոլովը կազմվում է օվ վերջավորությամբ։ Օր․՝ սարօվ, քարօվ

•           Ներգոյական հոլովը կազմվում է ըմ/ում վերջավորությամբ։ Օր․՝ սարըմ, քարըմ

Բայական համակարգը Լոռու խոսվածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խոսվածքի տարբերություններն ավելի ակնհայտ են բայական համակարգում։ Լոռու խոսվածքում բայն ունի 5 եղանակ՝ սահմանական, ըղձական, պայմանական, հարկադրական և հրամայական։      

Դերբայներն ու նրանց կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքն ունի հետևյալ դերբայները՝ անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար, ենթակայական։ Բացակայում է ապառնի դերբայը, որի իմաստը արտահայտվում է հարկադրականի ձևերի միջոցով։ Օրինակ՝ գնալու եմ – գնալ տեմ/տիմ, գնալու էի – գնալ տէի։ Երբեմն շփոթություն կարող է առաջացնել անորոշ դերբայի տրական հոլովի -ու վերջավորությունը, ինչպես էս ջուրը խըմէլո՞ւ ա, էս ապրանքը դեն գըցէլո՞ւ ա նախադասություններում, սակայն պետք է հիշել, որ այս ընդգծված բառաձևերը ոչ թե պարզ ստորոգյալներ են, այլ անորոշի տրական հոլովաձևով ու հանգույցով կազմված բաղադրյալ ստորոգյալներ են և բայական համակարգի հետ կապ չունեն։

Ըստ անորոշ դերբայի կազմության՝ դերբայները Լոռու խոսվածքում բաժանվում են 2 խմբի։ Առաջին խմբի անորոշ դերբայների լծորդումներն են ի-ն և ա-ն, օրինակ՝ բըժանիլ, փախչիլ, աղալ, բըցրանալ։ Այս լծորդումներն օգտագործվում են Ստեփանավանում և Վանաձորի գյուղերում։ Երկրորդ խմբի բայերի լծորդումներն են   -ե (իէ), -ա, -ի և -ու, օրինակ՝ բըժանիլ, հաքնուլ, աղալ, փախչիլ։ Սրանք բնորոշ են հիմնականում Նոյեմբերյանի և Ալավերդու տարածաշրջաններին ( Ասատրյան, 113 )։

Անորոշ դերբայը կազմվում է -իլ/-ել, ալ, նիլ/նուլ, -չիլ, -անալ, -նալ, -էնալ ածանցներով։ Այս դերբայը նախադասության մեջ կարող է լինել ենթակա, խնդիր, որոշիչ, հատկացուցիչ, ստորոգելի։

-իլ/-ել

ազատել-ըզատիլ կամ ըզատել

ածել- ածիլ կամ ածել

ամանչել – ըմանչիլ / մանչիլ

այրել – էրիլ

անիծել - անըծիլ

ապսպարել - բըսպարիլ

արածել - ըրածիլ

-ալ

գոռալ - գոռալ

մնալ – մընալ

կարդալ - կառթալ

հավատալ - հըվատալ

աղալ – աղալ

-նիլ/-նուլ

հագնել - հաքնիլ

ընկնել - ընգնիլ

հասնել - հասնուլ

հատնել - հատնուլ

մտնել - մտնուլ

-չիլ

թռչել - թռչիլ

հանգչել - հանգչիլ

ուռչել - ուռչիլ

փախչել - փախչիլ

կորչել - կորչիլ

-անալ

թուլանալ – թիլանալ

թանկանալ - թընգանալ

բարձրանալ - բըրցրանալ

լուսանալ - լիսանալ

Անկատար դերբայը կազմվում է -ըմ վերջավորությամբ, ինչպես՝ խափիլ – խափըմ, գոռալ – գոռըմ, լըվանալ – լըվանըմ, շըտանալ – շըտանըմ։  Այս  դերբայը մասնակցում է սահմանական եղանակի ներկայի կազմությանը, օրինակ՝ գըրըմ էմ, գալիս էմ։ Անկատար դերբայն ունի միայն բայական գործածություն։

Վաղակատար դերբայը կազմվում է -էլ/ել ածանցով, որը դրվում է -իլ/-ել -ով վերջացող բայերի անորոշի, իսկ -նիլ,  - նուլ, -չիլ, -ալ, -անալ-ով վերջացող բայերի հիմքի վրա։ Օրինակ՝  ըզատիլ/ըզատել – ըզատէլ, դիզիլ/դիզել – դիզէլ, մըտնիլ/մըտնուլ, - մըտնէլ, թըռչիլ – թըռել, փախչիլ -  փախէլ և այլն։ Վաղակատար դերբայն ունի միայն բայական գործածություն։

Հարակատար դերբայը կազմվում է -ած ածանցով , որը դրվում է վաղակատարի նույն սկզբունքով։ Օրինակ՝ ըզատիլ – ըզատած, բըրակիլ – բըրակած, լիզիլ – լիզած, հաքնիլ /հաքնուլ – հաքած, թըռչիլ – թըռած, փախչիլ – փախած և այլն։ Հարակատար դերբայը  նախադասության մեջ հանդես է գալիս ենթակայի, որոշիչի, խնդրի, ստորոգելիի դերերում։ Օրինակ՝ գըրած նամակ, գըրածը ջընջվիլ չի,  նամակը գըրած ա, հարփածիցը ինչ ես ուզըմ և այլն։

Ենթակայական դերբայը կազմվում է օղ ածանցով, որը դրվում անորոշի հիմքի վրա։ Օրինակ՝ ըզատիլ – ըզատօղ, բըցրանալ – բըցրացօղ, լըվանալ – լըվանօղ և այլն։  Այս դերբայը նախադասության մեջ դառնում է որոշիչ, ենթակա, խնդիր։  Օրինակ՝ մեռնօղ օքմի, խոսօղին լըսօղ պըտի ըլի և այլն։

Խոնարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև՝ ներկա անկատար, անցյալ անկատար, ներկա վաղակատար, անցյալ վաղակատար, հարակատար, անցյալ կատարյալ։ Օժանդակ բայի ներկայի ձևերն են էմ, էս, ա, էնք, էք, էն կամ եմ, ես, ա, ենք, եք, են։ Անցյալի ձևերն են էյ, էյր, էր, էյնք, էյք, էյն։

Անկատար ներկա

Բըժանըմ էմ                                       Բըժանըմ էնք        

Բըժանըմ էս                                       Բըժանըմ էք

Բըժանըմ ա                                      Բըժանըմ էն

Անկատար անցյալ

Բըժանըմ ի/բըժանէի                         Բըժանըմ ինք/բըժանէինք

Բըժանըմ իր/բըժանէիր                    Բըժանըմ իք/բըժանէիք

Բըժանըմ էր/բըժանէր                       Բըժանըմ ին/բըժանէին

Վաղակատար ներկա

Բըժանէլ էմ/եմ                                    Բըժանէլ էնք/ենք

Բըժանել էս/ես                                    Բըժանէլ էք/եք

Բըժանէլ ա                                           Բըժանէլ էն/են

Վաղակատար անցյալ

Բըժանէլ ի/էի                             Բըժանէլ ինք/էինք

Բըժանէլ իր/էիր                         Բըժանէլ իք/էիք

Բըժանէլ ա                                  Բըժանէլ ին/էին

Անցյալ կատարյալ

Սվորէցի                                      Սվորէցինք

Սվորէցիր                                   Սվորէցիք

Սվորեց                                       Սվորէցին

Ըղձական եղանակ

Ըղձական եղանակը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայերենի ըղձական եղանակին։ Ըստ Մանվել Ասատրյանի ուսումնասիրությունների՝ ըղձական ապառնին կազմվում է էմ, էս, ի, էնք, էք, էն վերջավորություններով։ Հետաքրքրական է, որ Լոռու խոսվածքում բացակայում է ըղձական եղանակի անցյալ ժամանակը, և այն արտահայտելու համար օգտագործվում է անցյալ վաղակատարը։

Ըղձական ապառնի

Սվորէմ/սըվորիմ                                 Սվորէնք/սըվորինք

Սվորէս/սըվորիս                                 Սվորէք/սըվորինք

Սվորի                                                  Սվորէն/սըվորին

Պայմանական եղանակ

Այս եղանակը կազմվում է ըղձական եղանակին կը մասնիկ ավելացնելով։

Պայմանական ապառնի

Կըսըվորէմ                          Կըսըվորէնք

Կըսըվորէս                           Կըսըվորէք

Կըսըվորի                             Կըսըվորէն

Պայմանական անցյալ

Կըսըվորէի                      Կըսըվորէինք

Կըսըվորէիր                   Կըսըվորէիք

Կըսըվորէր                     Կըսըվորէին

Հարկադրական եղանակ

Հարկադրականը կազմվում է անորոշ դերբայից և տ կամ պըտ եղանակիչներից, որոնց վրա դրվում են դիմային վերջավորությունները։ 

Հարկադրական ապառնի

Խոսիլ տէմ/տիմ/պըտէմ              Խոսիլ տէնք/տինք/պըտենք

Խոսիլ տէս/տիս/պըտես              Խոսիլ տէք/տիք/պըտիք

Խոսիլ տի/պիտի                            Խոսիլ տէն/տին/պըտէն

Հարկադրական անցյալ

Խոսիլ տէի/պըտէի                       Խոսիլ տէինք/պըտէինք

Խոսիլ տէիր/պըտէիր                   Խոսիլ տէիք/պըտէիք

Խոսիլ տէր/պըտէր                        Խոսիլ տէին/պըտէին

Հրամայական եղանակ

Հրամայական եղանակի եզակին կազմվում է ի, ա, իսկ հոգնակին՝ էք վերջավորություններով։

Գրի՛/Գրէ՛                       Գոռա՛

Գրեցէ՛ք                          Գոռացէ՛ք

Ժխտական խոնարհում

Ժխտականը կազմվում է չ մասնիկի միջոցով, որն ավելանում է օժանդակ բային ( Ասատրյան, 120 )։

Սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակների ժխտականի կազմության ժամանակ ժխտական է դառնում միայն օժանդակ բայը՝ դրվելով դերբայից հետո։ Օրինակ՝ նըստըմ էմ- նըստըմ չէմ

Անցյալ կատարյալի և ըղձական ապառնու ժխտականը կազմվում է վոչ մասնիկի միջոցով, ունի հետադաս դիրք, ինչպես՝ կանգնեցի – կանգնեցի վոչ, քնեմ – քնեմ վոչ

Պայմանական եղանակի ժխտականը կազմվում է կրկին չ մասնիկն ավելացնելով, որ ունի հետադաս դիրք։ Օրինակ՝ կըգըրեմ – գըրել չէմ։

Հարկադրական եղանակի ժխտականը կազմվում է հետևյալ կերպ՝ չ + տ/պըտ։ Այս ձևը ևս հետադաս դիրք ունի։ Օրինակ՝ տալ տէմ/տիմ/ – տալ չտէմ/չտիմ։

Արգելական հրամայականը կազմվում է անորոշ դերբայի և մի, մէք մասնիկների միջոցով, որոնք ունեն հետադաս դիրք, ինպես՝ մանչէցէ՛ք – մանչիլ մէ՛ք։

Պատճառական բայերը Լոռու խոսվածքում կազմվում են -ացն, -ցըն ածանցներով։ -Ացն են ստանում իլ, ել, ալ, անալ կազմության բայերը, իսկ -ցըն՝ նիլ, նուլ, չիլ կազմության բայերը։ Օրինակ՝ լըղացնիլ, հըսկացնիլ, հասցընիլ և այլն։

Բայերի կրավորական սեռը կազմվում է վ կրավորակերտ ածանցով, որը դրվում է բայի ներկայի հիմքի վրա։ Իլ, ել-ը համապատասխանաբար վերածվում են վիլ, վել, իսկ ալ-ով վերջավորվողները՝ վալ ձևերի, ինչպես՝ էրվիլ, ավէրվիլ, լըվանվալ։ Պետք է նկատել, որ կրավորական սեռի գործածումն այդքան էլ տարածված չէ այս խոսվածքում։

Լոռու խոսվածքում բազմապատկական բայերը կազմվում են -ոտ, -ատ, -որ ածանցներով, օրինակ՝ ավլոտիլ, խափլըփորիլ, ծըռմըռատիլ։ Սակայն ավելի շատ բազմապատկական բայերի կարելի է հանդիպել ոչ թե ածանցման, այլ արմատի կրկնության միջոցով։ Դրանցից են գըռգոռալ, դըռդըռալ, ծըվծըվալ, դըղդողալ, սըվըվալ և այլն։ Այս կերպ կազմված բազմապատկական բայերի բացարձակ մեծամասնությունը բնաձայնություն է արտահայտում։

Անկանոն բայերի ցանկին կարող ես ծանոթանալ Մանվել Ասատրյանի «Լոռու խոսվածքը» գրքում։

Մակբայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքում կան բնիկ հայերեն, թուրքերենից, պարսկերենից ու արաբերենից փոխառնված մակբայներ։ Մանվել Ասատրյանի «Լոռու խոսվածքը» աշխատության մեջ հիշատակված են հետևյալ մակբայները

Ժամանակի մակբայներ – առաչ, էրէգ (երեկ), յէդօվ/յէդէվ/յէդնուց (հետո)

Տեղի մակբայներ – առաչ, դէսը, դէնը, դէդը, ընդէն (այնտեղից), ըստէն (այստեղից)

Ձևի մակբայներ – անջաղ (հազիվ), աշկյարա/բացաշկյարա (բացահայտորեն), բիրդան (հանկարծ), զօռօվ (բռնի), ղորթ (ճիշտ, ուղիղ)

Չափ ու քանակի մակբայներ – ըսկի (բնավ), էլ յեդ (կրկին), հէտ (անգամ), մըխէլի/մըխէլամ (մի քիչ), ջիլիզ (ավելի)

Կապեր և կապական բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքում օգտագործվում են հետևյալ կապերն ու կապական բառերը․ աղաքին/առաչին – առաջ, դըբա – դեպի, կըշտին – կողքին, մոտ, կուշտը – մոտ, հըմար – համար, մընչի/չըվէլ/ընկել – մինչև, միչին- մեջ, յէդը/յէդօվ – հետո, սավայի – բացի, վըրին – վրա, տակին – տակ։

Լոռու խոսվածքում տեղի անունները, եթե դրված են տրական, ինչպես նաև բացառական և գործիական հոլովաձևերով, ապա սովորաբար կատարում են կապի պաշտոն, ինչպես՝ աղաքին/առաչին – աղաքիցը/առաջիցը, կըշտին – կըշտիցը – կըշտօվը, վըրին -  վըրիցը – վըրօվը։

Շաղկապներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքում գործածվում են հետևյալ շաղկապները

Էլ -էլ, թէ – թե (այս շաղկապը կապում է ստորադաս նախադասությունը գլխավորին, հետևաբար՝ համադասական դերով չի կարող հանդես գալ), վոր – որ, յա – կամ, հա՛մ ․․․ հա՛մ - և՛․․․ և՛, համա - բայց, մընչի/չըվէլ/ընկել – մինչև, յէփ – երբ, չունքյի – քանի որ, վո՛չ ․․․ վո՛չ – ո՛չ ․․․ ո՛չ։

Ձայնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոռու խոսվածքը» գրքում տարբերակված են ձայնարկությունների հետևյալ տեսակները․

Կոչական – այտա՛ - ա՛յ մարդ, տօ – տո

Զգացական - վայ – վայ, վույ – վույ, վա – վահ, օհօ – օհօ, աման – աման, ափսուս – ափսոս, պահօ – պահո։

Շեշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու խոսվածքի շեշտը տարբերվում է գրականից՝ լինելով ավելի ուժեղ։ Այն, որպես կանոն, ընկնում է բառի նախավերջին վանկի ձայնավորի վրա, ինչպես՝

Երկվանկ բառեր                                                                 Եռավանկ բառեր

Ալի՛ւր – ա՛լիր                                                                      Ալևո՛ր – հըլի՛վոր

Անէ՛ծք – ա՛նիծք                                                                Բամբասա՛նք – բըմբա՛սանք

Երա՛զ – է՛րազ                                                                   Բանալի՛ - բընա՛լիք

Բառի աճման դեպքում շեշտը տեղաշարժվում է՝ նորից ընկնելով բառի նախավերջին վանկի ձայնավորի վրա, ինչպես՝ թըքա՛վոր – թըքավո՛րի, հըրէ՛վան – հըրէվաննէ՛րի և այլն։

Շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա է ընկնում հետևյալ դեպքերում․

·        եթե բառի նախավերջին վանկում գտնվում է ը ձայնավորը, ինչպես՝ անիծե՛լ – անըծի՛լ, կապտե՛լ – կապըտի՛լ, այստե՛ղ – ըստի՛ և այլն,

·        -ութին վերջավորություն ունեցող բառերում, ինչպես՝ լավութի՛ն, բարէկամութի՛ն, մենձութի՛մ և այլն։

Հարցական հնչերանգի դեպքում բառի վերջին վանկի ձայնավորը խիստ երկարացվում է, օրինակ՝ « Գալիս չէ՞ս», « Բա էլ քռզ տենալ չըտէ՞մ » և այլն։ Նման արտասանությունը յուրահատուկ երաժշտականություն է հաղորդում Լոռու խոսվածքին։

Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ

Ահարոն Գրիգորյան, Հայ բարբառագիտության դասընթաց, Երևան, ԵՊՀ, 1957 թ․, 543 էջ։

Արարատ Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, ՀՍՍՌ հրատ․, 1953 թ․, 457 էջ։

Հրաչյա Աճառյան, Հայ բարբառագիտություն, Մոսկվա-Նոր-Նախիջևան, Հանդես ամսօրյա, 1911 թ․, 305 էջ։

Մանվել Ասատրյան, Լոռու խոսվածքը, Երևան, ԵՊՀ, 1968 թ․, 201 էջ։