Մասնակից:Rita Aslanyan/Ագրարային ռեֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրարային ռեֆորմներ, տիրապետող քաղաքական իշխանության ձեռնարկումներ, նպատակն է փոփոխել ագրարային հարաբերությունները

Ագրարային ռեֆորմների սոցիալական բնույթը որոշվում է արտադրաեղանակով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և մի շարք այլ երկրներում կատարված ռեֆորմները հիմնական գծերով հիշեցնում էին ստոլիպինյան ռեֆորմը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդա-դեմոկրատական երկրներում Ագրարային ռեֆորմները վերացրին կալվածատիրական հողատիրությունը և հիմք ստեղծեցին գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխության համար: Այդտեղ հողը (բացի ՄԺՀ-ից) մասամբ ազգայնացվեց: Աշխատավոր գյուղացիությանը տրվեցին կալվածատերերից ու կուլակային խոշոր տնտեսություններից բռնագրավված հողերը: Հետագայում պետական-հողատիրական տնտեսությունների և գյուղացիական արտադրական կոոպերացիայի հիման վրա գյուղում առաջ եկան սոցիալիստական արտադրական հարաբերություններ: Ետպատերազմյան տարիներին Ագրարային ռեֆորմների մի շարք կապիտալիստական երկրներում (Ճապոնիայում՝ 1946-49-ին, Իտալիայում՝ 1950) ուղի հարթեցին գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի ավելի արագ զարգացման համար: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը ազգային էկոնոմիայի կարևորագույն ճյուղն է, Ագրարային ռեֆորմները սերտորեն միահյուսվում են իմպերիալիզմի, նեոգաղութակալության դեմ մղվող պայքարին: Ագրարային ռեֆորմները որպես համադեմոկրատական վերափոխումների կենտրոնական խնդիր, ըստ էության, որոշում են բնակչության հիմնական զանգվածների դիրքորոշումը ազգային-ազատագրական հեղափոխության մեջ: Գաղութակալությունից ազատագրված շատ երկրներում իշխանության գլուխ կանգնած ազգային բուրժուազիան, գյուղացիական շարժման ճնշման ներքո, ձեռնամուխ է եղել Ագրարային ռեֆորմին: Սակայն ռեֆորմը ոչ մի երկրում դեռ չի ավարտվել: Առաջացել է բարդ, անցման տիպի բազմաձև տնտեսություն, որտեղ հիմնականը մանրապրանքային տնտեսությունն է, իսկ առաջատարը՝ կապիտալիստականը: Նման պայմաններում գյուղական բուրժուազիան հավաքագրվում է և՛ ֆեոդալական-կալվածատիրական միջավայրից, և՛ գյուղացիական վերնախավից: Գյուղի ինքնագործ բնակչության հիմնական մասը կիսապրոլետարները և պրոլետարներն են: Թեև ֆեոդալական հարաբերություններն այլևս տիրապետող չեն, հողագործական կապիտալիզմը դեռևս գտնվում է նախնական կուտակման փուլում, գյուղատնտեսության մեջ արդյունաբերական հեղաշրջումը միայն սկսվում է: Այսպիսով Ագրարային ռեֆորմի թափը զարգացող երկրներում պայմանավորված է ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։