Jump to content

Մասնակից:Booklover00/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Շուշանավանք (Բագարան)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշանավանք

Տեղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` Բագրատունյաց Հայաստանի առաջին մայրաքաղաք Բագարանից ոչ հեռու, ՀՀ Արմավիրի մարզի համանուն մարզկենտրոնից 33 կմ արևմունք, Բագարան գյուղից 8 կմ հյուսիս, հայ-թուրքական սահմանագծին, Ախուրյան գետի կիրճին ձախակողմից հարող ժայռաբլրի գագաթին կանգուն է Շուշանավանքի վեցխորան կենտրոնագմբեթ հորինվածքով եկեղեցին (Սբ. Շուշան): Նրա աշխարհագրական դիրքը համապատասխանում է հյուսիսային լայնության 40° 12‘ 52“ և արևելյան երկայնության 43° 39‘ 46“, ծովի մակերևույթից բարձր է 1160 մ: Թեև կիսավեր, սակայն նուրբ ուրվագծով կառույցը, ներդաշնակորեն պսակելով բնական ժայռաբլուր-պատվանդանը, գերիշխում է Ախուրյանի կիրճ իջնող զառիթափ լանջերի գեղատեսիլ և խստաշունչ միջավայրում:Այն մասն է կազմել Բագրատունյաց մայրաքաղաք Բագարանի:

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունյաց Հայաստանի առաջին մայրաքաղաք Բագարանը հիմնադրվել է դեռևս Ք. Ա. 3-րդ դարավերջին` Երվանդ Դ Երվանդունու օրոք (220-201թթ.), Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո: Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդմամբ`Երվանդ թագավորն Ախորյան գետի վրա փոքր քաղաք հիմնելով` այնտեղ կառուցել է շատ մեհյաններ ու դարձրել երկրի հոգևոր-պաշտամունքային կենտրոնը`կոչելով Բագարան, այսինքն` բագինների (մեհյանների, կուռքերի) վայր, ուր փոխադրել է նաև Արմավիրում գտնվող կուռքերը: Հետագայում Կամսարական նախարարական տան սեփականությունը դարձած Բագարանը մինչև 8-րդ դարը պտմական Հայաստանի Արշարունիք կամ Երասխաձոր գավառի նշանավոր բնակավայրերից մեկն էր, ուներ խոշոր պարիսպներով շրջափակված միջնաբերդ , որի շուրջը տարածվում էր քաղաքն իր մի քանի եկեղեցիներով, որոնցից նշանավոր էինՍբ. Թեոդորոս, վեցխորան (Սբ. Շուշան) և Սբ. Գևորգ եկեղեցիները: 19-20-րդ դդ, տեղագրական-նկարագրական բնույթի ուսումնասիրություններից բացի, հայտնի են նաև վերջին տասնամյակներում գրված որոշ աշխատություններ: Այսպես, ճարտարապետության ականավոր տեսաբան Թորոս Թորամանյանը, 1909 թ. գարնանը շրջելով և ուսումնասիրելով Տեկորի, Երերույքի,Մրենի ու Բագարանի տաճարները, համառոտ անդրադարձել է նաև վեցխորան (Սբ. Շուշան) եկեղեցուն, որը բնութագրում է որպես ութանկյուն եկեղեցի` շրջապատված բրգաշար պարսպով (ներկայումս` ավերված) և ենթադրաբար թվագրում 11-րդ դարով : 1970-ականներին Բագարանի վեցխորան և Արագածավանի Գրիգորաշեն եկեղեցիների պատմաճարտարապետական խնդիրների վերհանմանը հատուկ անդրադարձել է պատմաբան, վիմագրագետ Ալեքսանդր Մանուչարյանը` միևնույն հարթության վրա դիտարկելով այս հուշարջանները, պարզապես, եթե Արագածավանի եկեղեցին 7-րդ դարի կառույց է, ապա Բագարանի վեցխորան եկեղեցին համարում է նմանատիպ շինության հետագա` առնվազն 10-րդ դարի առաջին տասնամյակներին կառուցված եկեղեցի, որն իր ճարտարապետական հորինվածքում էականորեն կրկնում է վաղմիջնադարում ավանդական դարձած լուծումները: Ավելի ուշ, հիշյալ երկու եկեղեցիներին առանձին հոդվածներով անդրադարձել է ճարտարապետ կարինե Դանիելյանը, որը Բագարանի վեցխորան եկեղեվին, առանց որևէ հիմնավորման, անվանակոչել է Սբ. Աստվածածին, սակայն այդ մասին վկայող ստույգ տեղեկություններ մեզ հայտնի չեն, փոխարենը հիմքեր կան կարծելու, որ եկեղեցու հավանական անունը Սբ. Սարգիս է: Կ. Դանիելյանը եկեղեցին ևս թվագրել է 10-րդ դարասկզբով` կառուցված Աշոտ բագրատունու օրոք Առավել հետաքրքրական են Տոկիոյի տեխնոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների խմբի (Շ. Սասանո, Յ. Ֆուձիտա, Շ. Մոտոյուի) կողմից վերջին տարիներին` Բագարանի վեցխորան եկեղեցում իրականացված հետազոտությունների արդյունքները, որոնք առավելապես առնչվում են այս և Արագածավանի եկեղեցու ճարտարապետական լուծումների քննությանը: Չնայած նչան, որ հեղինակների կարծիքով վեցխորան եկեղեցին 10-րդ դարասկզբի շինություն է, այդուհանդերձ, նրա կառուցվածքը ձևավորվել է Արագածավանի և 7-րդ դարի ութխորան (Եղվարդի Սբ. Թեոդորոս զորավար, Իրինդի Սբ, Գևորգ) հատակագծով եկեղեցիների հորինվածքային առանձնահատկություններից:


Սբ. Շուշան անվան ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մատենագրության մեջ, այնպես էլ տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում Շուշանավանքի պատմության վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են, իսկ կանգուն վեցխորան եկեղեցու որմերին պահպանված վիմագրերը կառուցման և հետագա նորոգումների մասին ստույգ վկայություններ չեն հաղորդում: Փոխարենը ժողովրդական բանահյուսությունից մեզ են հասել ավանդազրույցի մի քանի պատումներ, որոնցից դատելով` Շուշանավանքի եկեղեցիներից մեկը հայտնի է դարձել կառուցումը նախաձեռնողի ու նպաստավորողի, տվյալ դեպքում` թագավորի քրոջ կամ դստեր` Շուշանի անունով, չնայած նրան, որ հայոց ընդհանրական տոնելի սրբերի շարքում նշվում է նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի (ավազանի անունը` Վարդենի) անունը, որը, ամուսնացած լինելով Վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ, վերջինիս կողմից չարաչար տանջանքների է ենթարկվել և նահատակվել մոտ 475թ.: Համակառույցի Շուշան անվան ծագումը, մեծ հավանականությամբ, կապված է Բագարանի երբեմնի մատուռ-տապանատանը թաղված Աբաս Բագրատունի թագավորի կնոջ` Շուշան թագուհու անվան հետ, որի գործունեության ժամանակաշրջանը նկատառելով` հակված ենք կարծելու, որ նա կառուցել է վեցխորանին կից և ներկայումս խոնարհված քառախորան եկեղեցին , որի անունով էլ համալիրը հայտնի է դարձել Շուշանավանք անվամբ: Ինչ վերաբերում է վեցխորան եկեղեցու ` ժողովրդի կողմից մինչ օրս թյուրիմացաբար Սբ. Շուշան կոչելուն, ապա փաստելի է, որ այն իրականում Շուշան թագուհու կառուցած եկեղեցու հետ որևէ առնչություն չունի, պարզապես քառախորանի ավերվելուց հետո ժողովուրդն ավանդույթի ուժով Սբ. Շուշան է կոչել նաև վեցխորանը: Ակնհայտ է, որ ժողովրդական ավանդությունը ժամանակի ընթացքում փոփոխություններ կրելով` մասամբ հեռացել է իրականությունից և թագուհուն ներկայացրել իբրև արքայադուստր կամ թագավորի քույր, մինչդեռ սրբորեն պահել է այսօր արդեն ավերված եկեղեցին կառուցողի` Շուշանի անունը և օժտել Սուրբ ածականով:

Ճարտարապետական հորինվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանավանքի հուշարձանախումբը բաղկացած է վեցխորան և քառախորան եկեղեցիներից, միանավ մատուռից, պարսպապատից և արևելյան օժանդակ շինությունների մնացորդներից: Վանքի միակ կանգուն եկեղեցին 7.6 տրամագծով, միաստիճան շրջանաձև գետնախարսխի վրա վեց եռանկյունաձև խորշերով, 18-նիստանի արտաքին պատերով, հատակագծային կենտրոնակազմ վեցխորան հորինվածքով շինություն է: Ընդհանուր առմամբ, հուշարձանի ճարտարապետական հարդարանքը բավականին զուսպ է: Գմբեթի արտաքուստ և ներքուստ շրջանաձև հատակագծով թմբուկը ներքուստ պսակված է սֆերիկ գմբեթով, իսկ արտաքուստ` կոնաձև վեղարով: Եկեղեցին ունի երկու մուտք` բացված արևմտյան և հարավարևմտյան խորաններից: Մուտքերն արտաքուստ ունեն ուղղանկյունաձև որմնասյուններով և կամարներով պսակված պարզ շքամուտքեր: Վեցխորան եկեղեցու հարավային կողմում` 0.5 մ հեռավորությամբ, կառուցվել է ներքուստ և արտաքուստ կիսաշրջանաձև պատերով քառախորան խաչաձև գմբեթավոր եկեղեցի, որի հյուսիսային խորանի արևելյան կեսից բացված մուտքն ուղղված է դեպի վեցխորան եկեղեցու հարավարևմտյան շքամուտքը: Քառախորան եկեղեցու պատերը հիմնականում կառուցված են տեղական մուգ բազալտե քարերի կոպտատաշ շարվածքով, կրաշաղախի միջուկով: 2 եկեղեցիների միջև կառուցված է միանավ, թաղակապ մատուռ` հատակագծում արևելյան պայտաձև խորանով: Մատուռին հյուսիսից կից է նեղ, 0.6 մ լայնության աստիճաններով գաղտնուղին, որի մուտքը բացված է վեցխորան եկեղեցու հարավարևմտյան մուտքի արևելյան կողային պատի մեջ: Գաղտնուղու մեջ պահպանված 5 քարե աստիճանները, հավանաբար, թաղի մեջ երբեմնի գոյություն ունեցած անցքով բարձրացել են եկեղեցու տանիք կամ զանգակատուն: Նշված շինություններից իշխողն ու համեմատաբար լավ պահպանվածը ներկայումս Սբ. Շուշան վեցխորան եկեղեցին է: Եկեղեցին մեծ ուշադրության է արժանի հայկական ճարտարապետության մեջ իր հորինվածքային առանձնահատկությունների տեսանկյունից, քանի որ կառույցի վեցխորան տիպը հազվադեպ է պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքին հարող նշված տարածաշրջանում: Իրականում այս հորինվածքով 11 հուշարձան է հայտնի` ներառյալ Վրաստանի և Թուրքիայի ներկայիս տարածքներում գոյություն ունեցողները` կառուցված հիմնականում մինչև 11-րդ դարը:

Վիմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագարանի վեցխորան եկեղեցին առանձնապես հարուստ չէ արձանագրություններով։ Պահպանվել են մոտ մեկ տասնյակ արձանագրություններ, որոնցից միայն մեկն է նվիրատվական բնույթի, մյուսները հոգևոր սպասավորների և այցելու-նվիրատուների անունից կազմված համառոտ հիշատակագրություններ են։ Արևմտյան մուտքի վերնամասում մասամբ պահպանվել է մի արձանագրություն, որը թվագրվում է 11-12-րդ դդ․։ Շուշանավանքի վեցխորան եկեղեցու վիմագրերից հայտնի է միայն նվիրատվական արձանագրությունը, որը հրատարակել է Ն․ Մառը և որոշ դիտարկումներ արել։ Համաձայն Ստեփան Մելիք-Բախշյանի՝ եկեղեցու որմերին պահպանվել են 9-12-րդ դդ․ հայերեն վիմագրեր։ Արձանագրություններ կան․ 1. Եկեղեցու արևմտյան պատին՝ արտաքուստ, երեք նիստերի վրա, ներկայումս փակված մուտքի վերնամասում, քիվագոտու տակ՝ երկրորդ շարքի թվով 8-9 քարերին։ 2. Եկեղեցու ներսում՝ ավագ խորանի աջակողմյան քարին։ 3. Եկեղեցու ավագ խորանի ձախակողմում՝ կամարակապ պատուհանի եզրին, ներկագիր, մեծապես վնասված։ 4. Եկեղեցու ավագ խորանի ձախակողմում՝ պատուհանի կամարի վերնամասում, մասամբպահպանված ծեփի վրա, մանրատառ։ 5. Եկեղեցու ավագ խորանի ետնապատի կենտրոնում։ 6. Եկեղեցու արտաքուստ հարավարևմտյան խորշի ձախակողմյան նիստին, մանրատառ, խազագիր։ 7. Եկեղեցու արևելյան պատին՝ արտաքուստ, տեղաշարժված քարին։ 8. Եկեղեցու հյուսիսարևելյան պատին՝ արտաքուստ, մանրատառ։ Նշենք, որ չնայած այն փաստին, որ այս արձանագրությունները զիջում են իրենց գեղագիտությամբ և բովանդակային հենքով բնակավայրից հայտնի ժամանակամերձ վիմագրերին, այնուամենայնիվ՝ փաստական նյութ են համարվում եկեղեցու՝ 11-15-րդ դդ․ պատմության համար։

Շինարարական փուլերը և թվագրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թորոս Թորամանյանի ուսումնասիրության՝ Շուշանավանքի վեցխորան եկեղեցին թվագրվում է 11-րդ դար, մինչդեռ Տիրան Մարությանն այն համարում է 9-10-րդ դդ․ կառույց։ Վերջինս առաջարկում է հուշարձանախմբի շինարարական փուլերի հետևյալ հաջորդականությունը․ նախ կառուցվել է միանավ մատուռը, ապա նրան հարմարեցված քառախորանը, իսկ վերջում՝ վեցխորան Ս․ Շուշան եկեղեցին։ Պետք է նշել, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում այն համարվում է հանրապետական նշանակությամբ հուշարձան՝ թվագրված 7-րդ դարով։ Շուշանավանքի 1-ին կառույցը վեցխորան եկեղեցին է։ Եկեղեցին սկզբնապես որևէ կցակառույց չի ունեցել։ Այդ են վկայում եկեղեցու ճարտարապետական հորինվածքը և շրջանաձև գետնախարսքի ու արտաքին 18-նիստանի պատերի շարունակությունը։ Վաղագույն մյուս վեցխորան եկեղեցիների հետ համեմատությունից պարզվում է, որ Բագարանի եկեղեցու ստորին շերտը հորինվածքային առանձնահատկություններով ամենամոտն է Արագածավանի Գրիգորաշենին։ Շինարարական փուլեր․ 1-ին փուլ՝ 7-րդ դար 2-րդ փուլ՝ 10-րդ դար 3-րդ փուլ՝ 10-11-րդ դդ․ 4-րդ փուլ՝ 11-րդ դարի կես 5-րդ փուլ՝ 13-րդ դարի առաջին կես


Ներկա վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյան գետով շրջափակված ժայռաբլրի գագաթին խոյացած Շուշանավանքի համալիրը հյուսիսային և արևմտյան կողմերից շրջապատված է ժայռային, իսկ հարավից` գետափնյա զառիթափ լանջերով: Բլրի գագաթին` հարթակում պահպանված երեք կառույցներից հարավային մասում գտնվող երկուսը, գրեթե լիովին ավերվել են, իսկ երրորդը` վեցխորան եկեղեցին, պահպանվել է հիմնականում խարխուլ, գմբեթի երկու երրորդ մասով` առանց տանիքածածկերի: Գմբեթի փլուզումը պայմանավորված է եկեղեցու հյուսիսարևմտյան խորանի գմբեթարդի և գմբեթակիր կամարի կործանմամբ: Վեցխորան եկեղեցու հարավարևմտյան խորանին կցված կառույցներից պահպանվել են քառախորան եկեղեցու արևմտյան և հյուսիսային խորանների միացման հանգույցը և վեցխորան եկեղեցու հարավային պատին կցված հինգ աստիճաններով գաղտնուղու թաղի հյուսիսային հատվածը: եկեղեցու գլխավոր` արևմտյան կամարակապ մուտքն այժմ փակված է կոպտատաշ շարվածքով: Թե արևմտյան, և թե հարավարևմտյան մուտքերի ձախակողմյան մասում պահպանվել են կամարակապ շքամուտքի որմնասյունները: Հարավարևմտյան խորանի հարավային պատը մասամբ ապամոնտաժվել է աստիճաններով գաղտնուղին կառուցելու համար, որն այժմ կիսավեր է: Այնուամենայնիվ, այստեղ 2 կամարներն էլ անեղծ են, իսկ որմածքի երկայնքով առաջացած ճաքը բաժանում է գմբեթարդի քարե շարվածքը: Արևմտյան խորանի գմբեթարդը և ստորին կամարը դեռ ամուր են: Եկեղեցու` թուրքական կողմին տեսանելի արևմտյան և հյուսիսային ճակատները մեծապես վնասված են, որոշ քարեր ընկած են, իսկ պահպանվածներն էլ թուրքական կողմից տարիներ շարունակ գնդակոծվել են, ինչի արդյունքում պատված են տարբեր տրամաչափի հրազենային գնդակների բազմաթիվ հետքերով: Սրա հետևանքով վնասվել է նաև եկեղեցու նվիրապետական արձանագրությունը:

Վերականգնման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանավանքի ներկայիս անմխիթար վիճակից ելնելով` առաջնային խնդիր է համալիրի մասնագիտական բարձր մակարդակով հետազոտումը, ամրակայումը և վերականգնումը: Վերականգնման ծրագիրը ներառում է. 1. Հնագիտական, ինժեներական և չափագրական աշխատանքներ, 2. Վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծային աշխատանքներ, 3. Շիննորոգման աշխատանքներ 4. Վերականգնման ծրագրի իրականացման գիտական հաշվետվության կազմում: