Մասնակից:Ashul/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական ՀԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 25-ին: Քիմիական գիտությունների թեկնածու, Չիլինգարյանների տոհմածառի հեղինակ Էդվարդ Սարգսյանի՝ տոհմի պատմության մասին երկար տարիներ հավաքած տեղեկություններն ու հետազոտական աշխատանքները ի վերջո տվեցին իրենց պտուղները. հավաքագրված նյութերը տեղ են գտել Է.Սարգսյանի “Մամիկոնյան – Չիլինգարյան տոհմ” փաստատարեգրական գրքում: Հավաքագրված տեղեկությունների հիման վրա Է. Սարգսյանը կազմեց մոտ 3000 տոհմակիցների շուրջ 400 տարվա տոհմածառը՝ սկսած 1650 թվականից: Ներկայումս շարունակվում են ուսումնասիրությունները ծառի արմատներին հասնելու ուղղությամբ, ինչպես նաև նորագույն սերունդների ճյուղերի լրացման աշխատանքները: Տոհմածառը ընդգրկում է նաև տոհմակիցների պատմական հայտնի միգրացիաները: 2010թ. ավարտին կազմակերպությունը իր շուրջը միավորել է 3250 անդամներ:

Տոհմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլինգարյանների տոհմն ապրել է Մուշի Վարդաբլուր, Գլդան և Պարնի գյուղերում: Այս գյուղերը եղել են տոհմական գյուղեր, որտեղ ապրել են միայն Մամիկոնյանները: Մինչև այսօր տոհմում ասում են. «Որտեղից մենք եկել ենք, այնտեղ մեր Վարդաբլուրը ծաղկով էր պատված», կամ «Մենք սիրում ենք Շիրակի Պարնին, որովհետև այն նման է մեր Պարնիին»: Մուշի Պարնի և Վարդաբլուր գյուղերի միջև բարձրանում է Մամիկոնյանների տոհմի ամրոցը: 1720_ական թվականներին ամրոցի բերդապահը եղել է տոհմի նախնի իշխան Եղիա Մամիկոնյանը: Այս տոհմում, երբ երեխա է ծնվել, նրա վզից կախել են Մամիկոնյանների տոհմական զինանշանը՝ մագիլներով խոյ բռնած արծվի և խորհրդանշել է մեր նախահորը, երբ նա կրակն էր իջեցնում երկնքից : Տոհմի բոլոր անդամները կրել են այդ զինանշանն իբրև ապացույց, որ իրենք Մամիկոնյան են: Մոտավորապես 1650 թվին Մամիկոնյանների գյուղերից մեկում ծնվել է Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի ապագա նախապապը: Նա եղել է դամասկոսյան սրեր պատրաստող զինագործ-դարբին: Նրա մականունը եղել է Չիլինգար: Չիլինգարը մահացել է մոտավորապես 1700 թվին: Ամուսնու մահից հետո Չիլինգարի գերդաստանը ղեկավարել է նրա կինը: Նրան գերդաստանի անդամները կոչել են Նան: Չիլինգարն ու Նանը ունեցել են 12 տղա և 1 աղջիկ: Տղաներն իրենց հոր նման զինագործ-դարբիններ և դամասկոսյան սրերի վարպետներ են եղել: Հայտնի են եղբայրներից երեքի անունները՝ Ղաչաղ Միհրդատ, Փահլեվան Աժդահա և Չիլինգար Վարդազար: Միհրդատն ավագ եղբայրն էր: Միհրդատի մղած կռիվներին մասնակցել են կինը, իր 11 եղբայրները և նրանց կանայք: 20 տարի Միհրդատը չի իջել լեռներից: Նա անժառանգ մահացել է 45 տարեկան հասակում: Փահլեվան Աժդահան եղել է Միհրդատի կրտսերը: Նա թուրքական սուլթանի հրամանով գնացել է Ստամբուլ և մենամարտում հաղթել սուլթանի սիրած ըմբիշին: Սուլթանն Աժդահային արժանացրել է մեծ պատիվների և առաջարկել մնալ պալատում: Աժդահան չի ցանկացել մնալ թուրքական արքունիքում և վերադարձել է Մուշ: Նա չի ամուսնացել և մահացել է երիտասարդ հասակում:
Չիլինգարի մնացած 9 որդիներն ամուսնացել են, երեխաներ ունեցել: Վարդազարը եղել է եղբայրներից կրտսերը: 1723 թվին 12 եղբայրների քույրը սիրահարվել է տեղի թուրք փաշայի տղային և կեսգիշերին ժամադրվել նրա հետ: Նույն գիշեևը Վարդազարն իր ձեռքով սարքած թրով սպանել է փաշայի տղային և հարազատ քրոջը: Այդ նույն գիշեր 9 եղբայրներն ընտանիքներով փախել են իրենց հարազատ գյուղից: Որոշ ժամանակ անց եղբայրներից հինգը վերադարձել են գյուղ: Չիլինգար Վարդազարն ասել է. «Ես չեմ վերադառնա այն երկիրը, որտեղ եղբայրը սուրն իր մինուճար քրոջ սիրտն է խրում», ու չի վերադարձել: Նույն թվականին Վարդազարն իր 4 եղբայրների հետ միացել է Դավիթ Բեկին օգնության շտապող մշեցիների ջոկատին ու եկել Զանգեզուր: Դավիթ Բեկն անձամբ է դիմավորել մշեցի կամավորականներին: Վարդազարը կռիվներում աչքի է ընկել և դարձել Դավիթ Բեկի զորականներից մեկը: Դավիթ Բեկը նրան զորավարական կոչում է շնորհել: Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարած ապստամբության ճնշումից հետո մոտավորապես 1730 թվին, Վարդազարն ու իր եղբայրներն անցել են Արցախ ու բնակություն հաստատել Շոշ գյուղում: Մի քանի տարի Շոշում մնալուց հետո եղբայրները ցրվել են: Վարդազարի եղբայրներն ու նրանց ժառանգները ցրվել են Արցախի Շոշ, Ազոխ, Ծախուրի գյուղերում, ինչպես նաև Գետաշենում, իսկ Չիլինգար Վարդազարն իր գերդաստանով գնացել է Խաչեն գավառի Վանք գյուղը: Վարդազարի ժառանգներից հայտնի են երկուսի անունները՝ Գրիգոր և Վասիլ: Գրիգորը դարձել է Գանձասարի վանքի քահանան: Վասիլն ունեցել է թթաստաններ և շերամի բոժոժ է աճեցրել: Նա եղել է վաճառական և մեծ հարստություն է կուտակել: Նրան կոչել են Խոջա Վասիլ: Խոջա Վասիլի գերդաստանը բաղկացած է եղել 43 անձից: Նա ունեցել է 7 տղա և 1 աղջիկ: Աղջկա անունը եղել է Թելլո, տղաներից հինգինը՝ Ասատուր, Հովհաննես, Վանես, Ներսես և Ղազար: Մյուս երկու տղաները շուտ են մահացել, և նրանց անունները մոռացվել են: Խոջա Վասիլի բոլոր տղաները եղել են զինագործ-դարբիններ: Վասիլը մահացել է Վանք գյուղում և թաղվել Վանքի հին գերեզմանատանը՝ Ուխտանոս կոչվող շինությունից մի քիչ ներքև: 

18-րդ դարի երկրորդ կեսին արցախցիների մի ստվար զանգված գաղթել է Շամքոր գետի հովիտը: Գաղթել են նաև Խոջա Վասիլի որդիները: Տոհմի ոչ մեծ ճյուղերը մոտավորապես նույն թվականին գաղթել են Վրաստանի Շուլավեր, Դաղեթ-Խաչեն և Սամգերետ գյուղերը, իսկ Խոջա Վասիլի գերդաստանի հիմնական հատվածը հեռացել է Շամշադին ու բնակություն հաստատել Կարմիր Աղբյուր գյուղում: Կարմիր Աղբյուրը ջրասակավ գյուղ էր, այդ պատճառով էլ, մոտավորապես 1825 թվին, այդ գյուղի բնակչությունը տեղափոխվել է Բերդ: Տեղափոխվել է նաև Վասիլի որդի Չիլինգար Վանեսի գերդաստանը: Բերդից 1870 թվին Վանեսի 4 որդիները տեղափոխվել են Նավուր գյուղ, հինգերորդ որդին տեղափոխվել է Չորթան, որտեղից էլ տեղափոխվել է Արծվաշեն և սկիզբ դրել տոհմի՝ Արծվաշենի ճյուղին:

Շամշադինից հեռացել են Խոջա Վասիլի երկու որդիների գերդաստաները: Չիլինգար Ասատուրի 2 որդիների գերդաստանները գնացել են Շիրակի Մեծ Պարնի գյուղը: Մեծ Պարնիում այս ճյուղը կիսվել է: Ճյուղի փոքր հատվածը մնացել է Պարնիում, որտեղից էլ նրանց մի մասը գնացել է Կարս և Սարիղամիշ, իսկ մի մասն էլ մնացել է գյուղում: Մնացած 6 ընտանիքները տեղափոխվել են Լոռու Վարդաբլուր գյուղը: Այսօր Վարդաբլուրը Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի ամենամեծ բնակավայրն է: Այս ճյուղը մինչև 20-րդ դարի սկիզբը պահպանել է իշխանական տիտղոսը: Ցարական Ռուսաստանի փաստաթղթերում անվանապես հիշատակված է Սարգիս Հովհաննիսյանը: Տոհմի վերջին իշխանը եղել է Սարգիս Հովհաննիսյանի որդի Արսեն Հովհաննիսյանը: Նա սպանվել է Ցարական Ռուսաստանի հրամանով՝ 1905 թվականին: 
Նույն թվին Վարդաբլուրի հակացարական խռովությունը ղեկավարելու համար Խոջա Վասիլի հինգերորդ որդու՝ Չիլինգար Հովհաննեսի 9 որդիները Դեբեդ գետի հովտով վեր են բարձրացել ու ցրվել Բերդավան, Ջուջևան, Շնող, Արչիս, Լչկաձոր, Մարց, Քարինջ ու Դեբեդ գյուղերում: Արցախից Լոռի են գաղթել նաև Վարդազարի եղբայրներից միջնեկի ժառանգները՝ Չիլինգար Վերանի գլխավորությամբ: Նրանք նախ եղել են Սանահին գյուղում, ուր մնացել է Վերանի գերդաստանի մի փոքր հատվածը: Գերդաստանի մեծ մասը տեղափոխվել է Լալվար լեռան ստորոտը և վերաբնակեցրել Բերդաձոր գյուղը:
Այսօր Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի անդամների թիվն անցնում է 10,000-ից: Տոհմի անդամները կրում են 80-ից ավելի ազգանուններ և ապրում են տարբեր երկրներում:

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

- Հախմբել ամբողջ աշխարհի` ներառյալ ազգանունը փոխած Չիլինգարյաններին:
- Ուսումնասիրել տոհմի պատմությունը, փորձել հասնել տոհմածառի արմատներին:
- Կառուցել տոհմածառի բացակայող ճյուղերը:
- Իրականացնել տարբեր տիպի ծրագրեր, նախաձեռնություններ, մտահղացումներ տոհմակիցների միջև մշտական կապի հաստատման, մշակույթային արժեքների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման, տաղանդավոր երեխաների աջակցման, տոհմի մեծերի մեծարման, տոհմակիցների համար բարեկեցիկ ապագայի հիմքեր ստեղծելու ուղղությամբ:
- Ծավալել հայանպաստ և հայրենանպաստ գործունեություն` օգտագործելով Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմի ինչպես ընդհանրական, այնպես էլ առանձին անդամների մտավոր, հոգևոր և նյութական ներուժը:

Կարգախոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համախմբված տոհմ, հարատև ազգ, հզոր Հայաստան»

Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության պաշտոնաթերթ
2. «Չիլինգարյան (Մամիկոնյան)տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության պաշտոնական կայք