Մասնակից:A.stepanyan27/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հրաշագործի առաջին կանոնը» ամերիկյան հեղինակ Թերրի Գուդկայնդի ստեղծագործություններից է, որով սկսվում է հեղինակի «Ճշմարտության սուրը» բեսթսելերը (օրիգինալ անվանմամբ՝ Sword of Truth)։ Վեպը ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն է, լույս է տեսել 1994 թ․ Tor Books հրատարակությամբ՝ թողակվելով ավելի քան 25 միլիոն օրինակով։ Այս սերիայի հիման վրա 2008 թ. նկարահանվել է «Լեգենդ որոնողի մասին» հեռուստասերիալը։


ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՆՈՆԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշագործի առաջին կանոնը հետևյալն է․

Մարդիկ միամիտ են, և համապատասխան մոտիվացիայի դեպքում կարող են հավատալ ամեն ինչին։ Մարդիկ հավատում են ստին, որովհետև վախենում են, որ այդ սուտը կարող է ճշմարտություն լինել, կամ ցանկանում են, որ այդպես լինի։

Օրիգինալ տարբերակով

People are stupid; given proper motivation, almost anyone will believe almost anything. Because people are stupid, they will believe a lie because they want to believe it's true, or because they are afraid it might be true.

Գրքի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սայֆերը (Ռալը) անտառային ուղեկցորդ է, ապրում է Վեստլանդիայում։ Ըստ սյուժեի՝ ամբողջ աշխարհը բաժանված է 2 մասի՝ Հին և Նոր Աշխարհների։ Նոր Աշխարհը կազմված է 3 հատվածից, որոնք իրարից բաժանված են կախարդական մահացու, պաշտպանիչ սահմաններով։ Այդ 3 հատվածներն են՝ Վեստլանդիան, որը հրաշքներից և կախարդույթունից զերծ հատվածն է, և որտեղ ոչ ոք չգիտի հրաշագործների և կախադությունների մասին։ Մյուս 2 հատվածներն են Միջին Հողերը (օրիգինալ անվանմամբ՝ The Midlands) և դʹՀարա կոչվող պետությունը։ Վեստլանդիայի նորանշանակ նախարարի դերում հանդես է գալիս Ռիչարդի եղբայր Մայքլը։

Ընթերցողն առաջին անգամ հանդիպում է Ռիչարդին, երբ նա փորձում է պարզել հոր՝ Ջորջ Սայֆերի մահվան առեղծվածային հանգամանքները։ Հոր տանը Ռիչարդը գտնում է փոքր որթատունկ, որն իրեն անծանոթ է, չնայած նա՝ որպես անտառային ուղեկցորդ, ծանոթ է անտառում աճող բոլոր բույսերին։ Չհասկանալով, թե դա ինչ բույս է և ինչ գործ ունի հոր տանը, Ռիչարդը սկսում է փնտրել անտառում՝ հուսալով, որ կգտնի այդ տունկը և որևէ կերպ լույս կսփռի հոր սպանության գործին։

Ամբողջովին տրված իր մտքերին՝ Ռիչարդը քայլում է անտառում, երբ պատահաբար նկատում է Կէլենին՝ ստեղծագործության գլխավոր հերուսուհուն և փրկում նրան Դարկեն Ռալի կողմից ուղարկված քառյակից, որը հետապնդում է աղջկան։ Աղջիկը պատմում է Ռիչարդին, որ հատել է Միջին Հողերի սահմանը։ Այդ հարցում նրան օգնելն են հինգ հրաշագործներ՝ զոհելով իրենց կյանքը հանուն նրա, որ Կէլենը գտնի առաջին Հրաշագործին, ով կախարդական սահմանների ստեղծումից հետո տեղափոխվել է Վեստլանդիա և երկար տարիներ բնակվում է այստեղ՝ չբացահայտելով իր ով լինելը։

Կէլենը պատմում է Ռիչարդին, որ շատ տարիներ առաջ գոյություն են ունեցել 2 անկախ թագավորություն՝ Միջին Հողերը և դ ʹՀարան։ Դ ʹՀարայում թագավորել է իշխանատենչ և դաժան Պանիզ Ռալը, ով պլանավորել էր դ ʹՀարային միացնել Միջին հողերը և իշխել ողջ Նոր Աշխարհում։ Սկսվել է երկար տարիներ տևած պատերազմ, որում շատ մեզ զոհեր են եղել։ Բայց ի վերջո Առաջին հրաշագործը (ամենահզոր հրաշագործը համարվել է Առաջին հրաշագործ, հանդես է եկել որպես իշխող, կառավարիչ) կարողացել է գտնել ելքը՝ սպանելով Պանիզ Ռալին և աշխարհը բաժանելով 3 մասի կախարդական սահմանների միջոցով, որոնք կապված են հանդերձյալ աշխարհի հետ։ Դրանից հետո նա տեղափոխվել է հրաշքներից զերծ հատված՝ Վեստլանդիա, և ոչ ոք այլևս չի հիշում ոչ նրա անունը, ոչ նրան։ Բայց Միջին հողերի և դ ʹՀարայի միջև սահմանը չքացել է, և դ ʹՀարայի նոր տիրակալը՝ Պանիզ Ռալի որդի Դարկեն Ռալը պատերազմ է սկսել իշխանության համար։ Այս գերխնդիրը լուծելու նպատակով էլ Կէլենը եկել է Վեստլանդիա, որպեսզի գտնի մեծն հրաշագործին, քանի որ միայն նա կարող է օգնել իրենց։

Կէլենին օգնելու նպատակով Ռիչարդը նրան ուղեկցում է իր ամենամտերիմ ընկեր, ուսուցիչ Զեդդի մոտ։ Զեդդը անմիջապես թշնամաբար է տրամադրվում Կէլենի նկատմամբ, քանի որ ճանաչում է նրան՝ բնորոշելով որպես Խոստովանամայր, սակայն Կէլենը երաշխավորում է, որ այստեղ չի եկել Զեդդին կամ Ռիչարդին վնասելու նպատակով, այլ պարզապես խնդրում է նրա օգնությունը։ Կէլենը խնդրում է չպատմել Ռիչարդին, թե ով է ինքն իրականում, քանի որ Ռիչարդը միակն է, ով չի վախենում իրենից և ընդունում է որպես ընկեր․ երբ ինքը պատրաստ լինի, անձամբ կպատմի Ռիչարդին, թե ով է։

Զեդդը տեսնում է Ռիչարդի ձեռքի վնասվածքը, որը որթատունկից է առաջացել և չի ապաքինվում։ Նա բնորոշում է այդ բույսը որպես օձային որթատունկ և բուժում է Ռիչարդին։ Կէնելը խնդրում է Զեդդին հայտարարել «ճշմարտություն որոնողին» և տալ նրան ճշմարտության սուրը, քանի որ միայն նա կարող է կանգնեցնել Դարկեն Ռալին։ Ռիչարդը կռահում է, որ հենց Զեդդն է մեծն հրաշագործը։ Հաշվի առնելով, թե ինչպիսի դատողություններով է Ռիչարդը կռահում իր ով լինելը, Զեդդը նրան հռչակում է «ճշմարտություն որոնող» և ընծայում նրան ճշմարտության սուրը։

Կէլենը պատմում է Զեդդին, որ Դարկեն Ռալը ակտիվացրել է Օդենի զարդատուփերի մոգությունը և պատրաստվում է բացել զարդատուփերը։ Ռալը պետք է բացի 3 զարդատուփերից մեկը, որպեսզի դառնա աշխարհի տիրակալ, սակայն նա չգիտի, թե որ զարդատուփն է պարունակում ճիշտ ուժը։ Զարդատուփերի կիրառության մասին պատմող միայն մի գիրք կա՝ «Հաշվելի ստվերների մասին» գիրքը (օրիգինալ տեքստում՝ “Book of Counted Shadows”), և միայն դրա օգնությամբ Ռալը կարող է հասկանալ, թե որ զարդատուփը պետք է բացել։ Սակայն Ջորջ Սայֆերը տարիներ առաջ որդուն՝ Ռիչարդին հանձնարարել է գիրքը անգիր անել, այնուհետև, համոզվելով, որ Ռիչարդը գիրքը տառացի անգիր գիտի, Ռիչարդի հետ միասին այրել է այն։ Դարկեն Ռալի մոտ միայն 2 զարդատուփ կա: Նա որոնում է նաև երրորդը և զարդատուփը գտնելու նպատակով պատրաստ է դիմելու ցանկացած քայլի, քանի որ Օդենի մոգությունն ակտիվացնելուց հետո ակտիվացնող մասնակցին տրվում է մեկ տարի ժամանակ, որպեսզի նա բացի համապատասխան զարդատուփը կամ մահանա։

Ռիչարդը որոշում է առաջինը գտնել երրորդ զարդատուփը, որպեսզի այն չընկնի Դարկեն Ռալի ձեռքը։ Ռիչարդը, Կէլենը, Զեդդը և Վեստլանդիայի սահմանապահ Չեյզը որոշում են չորսով ուղևորվել դեպի միջին հողեր՝ Օդենի երրորդ զարդատուփի որոնման նպատակով։ Նրանց ճանապարհը լի է վտանգավոր արկածներով և սարսափելի արարածներով, որոնք սողոսկել են անդրաշխարհից, քանի որ սահմանները թուլացել են՝ բացելով նրանց ճանապարը։ Մեծ դժվարություննեով հերոսները կարողանում են հաղթահարել այդ փորձությունները, սակայն Զեդդը և Չեյզը ծանր վիրավորվում են, և Ռիչարդն ու Կէլենը ստիպված են լինում նրանց թողնել կախարդուհի Էդդիի տանը, ով կարողանում է նրանց բուժել։

Մինչ կշարունակեն ճանապարհը, Էդդին որոշ խորհուրդներ է տալիս Ռիչարդին ու Կէլենին՝ չմոռանալով նրանց տալ նաև գիշերային քարը՝ խավարը ցրելու և ճանապարհը լուսավորելու նպատակով։ Սակայն Էդդին չի զգուշացնում նրանց, որ երբ այդ քարը հանում են պարկից, այն անդրաշխարհից կանչում է մարդ-ստվերներին, որոնց հպումը մահաբեր է։ Քարն օգտագործելուց մարդ-ստվերները հարձակվում են Ռիչարդի ու Կէլենի վրա, սակայն նրանք չեն հասկանում, որ դրա պատճառը քարն է։ Թեև նրանց հաջողվում է փրկվել, սակայն Կէլենը կորում է։ Ռիչարդը գտնում է նրան այն ժամանակ, երբ Դարկեն Ռալի ուղարկած հերթական քառյակը հարձակվում է աղջկա վրա՝ նրան սպանելու նպատակով։ Թեև Կէլենը վնասազերծում է բոլորին և այժմ պայքարում է վերջին թշնամու հետ, բայց Ռիչարդը, վախենալով նրա կյանքի համար, սպանում է Ռալի ուղարկած մարդասպանին ճշմարտության սրով։ Դա առաջին անգամն է, երբ Ռիչարդը օգտվում է ճշմարտության սրից՝ զգալով սրի պատժիչ ուժը։ Ինչպես նրան զգուշացրել էր Զեդդը, սուրը կախարդական զենք է, և ամեն անգամ, երբ նրա օգնությամբ մարդ ես սպանում, սպանության պահին ոչինչ չես զգում, սակայն անմիջապես հաջորդ վարկյանին մեղքի զգացողությունը կրկնակի ուժով թափվում է քեզ վրա՝ որպես պատիժ։

Հասնելով Միջին հողեր՝ հերոսները որոշում են այցելել տինա ցեղախմբին՝ դիմելով նրանց օգնությանը զարդատուփը գտնելու հարցում, քանի որ տինա կոչվող ցեղի մարդիկ կարողանում են շփվել իրենց նախնիների հոգիների հետ։ Տինա ցեղախմբում ապրում են վայրի և կասկածամիտ մարդիկ, ովքեր ի սկզբանե հրաժարվում են օգնել Ռիչարդին և Կէլենին, քանի որ նրանք չեն պատկանում իրենց ցեղախմբին։ Թեև Ռիչարդը որոշ ժամանակ ապրելով նրանց գյուղում՝ կարողանում է տղամարդկանց սովորեցնել որոշ հնարքներ՝ կենցաղը բարելավելու համար, սակայն դա չեն համարում բավարար պայման, որպեսզի նրանց ընդունեն ցեղախումբ։ Եվ դա անում են միայն այն բանից հետո, երբ ցեղախմբի գլխավորներից մեկի երեխան առանց հասկանալու վերցնում է գիշերային քարը որպես խաղալիք և կանչում մարդ-ստվերներին, որոնցից նրան փրկում են Ռիչարդը ու Կէլենը։

Երբ ցեղախմբում նախնինների ոգեկոչման արարողություն են կազմակերպում, ոգիները ասում են Ռիչարդին, որ նա պետք է դիմի Շոթա անունով կախարդուհուն․ նա գիտի, թե որտեղ է գտնվում երրորդ զարդատուփը։ Ոգեկոչման արարողությունից հետո դուրս գալով «հոգիների տնից»՝ Ռիչարդը տեսնում է, որ մինչ իրենք ներսում էին, գյուղի վրա է հարձակվել Դարկել Ռալը, հասցրել բազում վնասներ և մարդկային կորուստներ ու փախցրել է Սիդինին՝ մարդ-ստվերներից փրկված երեխային։ Կէլենը խոստանում է, որ կփրկի և ծնողներին կվերադարձնի որդուն, թեև ինքն անձամբ չի հավատում իր խոսքերին։

Ռիչարդն ու Կէլենը գնում են Ագադենի սահման՝ կախարդուհի Շոթայի մոտ։ Ճանապարհին Կէլենին առևանգում են, իսկ Ռիչարդի ֆրա հարձակվում է Շոտայի հավատարիմ ծառա Սեմուելը, ով եղել է նախորդ որոնողը՝ մինչև Ռիչարդը և այժմ իր սուրն է հետ պահանջում նրանից։ Երբ Սեմուելը վերջապես Ռիչարդին բերում է Շոթայի տուն, Ռիչարդն այստեղ տեսնում է Կէլենին՝ ամբողջությամբ փաթաթված օձերով։ Ապա տեսնում է նաև Զեդդին։ Զեդդը փորձում է սպանել Շոթային, սակայն Ռիչարդը չի թողնում՝ փրկելով կախարդուհու կյանքը՝ չնայած որ վերջինս իրենց ընդունել էր թշնամաբար։ Այնուհետև Զեդդը չքանում է, և Շոթան ասում է, որ նա պարզապես պատրանք էր ստեղծել, Զեդդն այստեղ չի, և իր կյանքին վնաս չի սպառնում, դա պարզապես Ռիչարդին ստուգելու համար էր։ Ու քանի որ Ռիչարդը փրկեց իր կյանքը, ապա կարող է մի խնդրանքով դիմել իրեն, իսկ Ռիչարդը միայն Կէլենի համար ազատություն է խնդրում։ Շոթան վստահ է, որ Կէլենը կկործանի Ռիչարդին, երբ իր ուժով նրան դիպչի, սակայն Ռիչարդը չի հավատում նրան։ Շոթան ազատում է Կէլենին, իսկ Ռիչարդին ասում է, որ զարդատուփը գտնվում է Տամարանգում՝ Միլենա թագուհու մոտ, սակայն այնտեղ այն երկար չի մնա։ Նաև զգուշացնում է, որ հաջորդ անգամ նրանցից ում տեսնի Ագադենի սահմանում, անպայման կսպանի։

Ճանապարհին Կէլենը հավաքում է իր ողջ համարձակությունը և պատմում Ռիչարդին, թե ով է ինքն իրականում։ Նա խոստովանամայր է, Միջին հողերի կառավարողը։ Ում հանդեպ խոստովանամայրը ուժ է կիրառում, այդ մարդը կորցնում է իր ինքնությունը՝ դառնալով խոստովանամոր ստրուկը։ Նա զրկվում է կամքից, ցանկություններից, նրա միակ ցանկությունն է գոհացնել իր տիրուհուն՝ ինչպես կոչում է իր հանդեպ ուժ գործածած խոստովանամորը։ Իսկ Կէլենը սովորական խոստովանամայր չէ, այլ նրանց գլխավորը։ Կէլենը ցավով հայտնում է Ռիչարդին, որ այդ պատճառով էլ որքան էլ սիրի Ռիչարդին, իրենք չեն կարող միանալ, քանի որ ինքը անպայման կկործանի Ռիչարդին։

Շուտով նրանց է միանում արդեն ապաքինված Զեդդը։ Երբ նրանք տեղ են հասնում, պարզում են, որ Դարկեն Ռալը մինչ իրենց ժամանելը արդեն եղել է այստեղ, որպեսզի վերցնի երրորդ զարդատուփը, սակայն նա հայտնաբերել է, որ այդ զարդատուփն իրական չէ։ Իրական զարդատուփը պալատից չքացել է։ Դարկեն Ռալը մեղադրում է Ջիլլեր անունով հրաշագործին, ով թագուհու հավատարիմն էր, և ում Կէլենը համարում էր դավաճան, քանի որ այն ժամանակ, երբ մյուս հինգ հրաշագործները զոհեցին իրենց կյանքը, որպեսզի Կէլենը անցնի Վեստլանդիայի զահմանը, Ջիլլերը պարզապես նախընտրեց միանալ Միլենա թագուհուն։ Կէլենը նոր է միայն գիտակցում, թե իրականում որքան հեռատես է գտնվել Ջիլլերը, որ կարողացել է միշտ աչքը պահել Օդենի զարդատուփի վրա և համապատասխան պահին Ռեյչել անունով աղջնակի օգնությամբ դուրս բերել զարդատուփը պալատից։ Որքան էլ Դարկեն Ռալը փորձում է տանջելով նրանից իմանալ զարդատուփի գտնվելու վայրը, սակայն չի կարողանում․ Ջիլլերը զոհում է իր կյանքը՝ փրկելով զարդատուփը։

Բայց զարդատուփն այժմ անհասանելի է նաև Ռիչարդի համար։

Երբ հերոսները ուզում են շարունակել որոնումները, Ռիչարդը չի կարողանում Տամարանգի սահմանն անցնել, քանի որ պալատական նկարիչը կախարդանքի միջոցով նրան թույլ չի տալիս դուրս գալ երկրից։ Դա հատուկ տիպի կախարդանք է, որը նկարում են քարանձավի պատին։ Կախարդանքը չեզոքացնելու համար պետք է փոփոխել նկարը։ Ռիչարդը գտնում է քարանձավը, նկարը շտկում՝ այն ուղղելով հենց նկարչի դեմ։ Նկարիչը իր իսկ կախարդանքի զոհն է դառնում։

Քարանձավից դուրս գալուց Ռիչարդը տեսնում է կարմիր կաշվե հագուստով կնոջ, ով սպառնում է իրեն։ Հենց որ Ռիչարդը փորձում է իր սրով նրան վնասազերծել, անասելի ցավ է զգում՝ գերի ընկնելով այդ կնոջը։ Փաստորեն այդ կինը Մորդ-սիթ է, տիրական Ռալի յուրահատուկ թիկնապահներից։ Մորդ-սիթերին սկսում են դաստիարակել մանկության տարիներից՝ ենթարկելով դաժան փորձությունների, ցավերի, որպեսզի ձևավորեն նրանց մեջ ցավին դիմանալու ունակություններ։ Մորդ-սիթերը կարողանում են գերել մարդուն, երբ նա իրենց դեմ կախարդանք է կիրառում․ նրանք այդ կախարդանքն ուղղում են հենց կիրառողի դեմ։ Իրենց գերիներին մորդ-սիթերը տանջում են իրենց հայտնի բոլոր եղանակներով, կոտրում նրա կամքը և վերածում նրան թուլամորթ էակի, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե գոհացնի իր տիրուհուն, որ այլևս ցավ չզգա։

Ռիչարդին գերած մորդ-սիթի անունը Դեննա է։ Նա Ռիչարդին կրկին բերում է Տամարանգ և սկսում տանջել նրան։ Դեննան Ռիչարդին վզկապ է հագցնում և շան նման կապով իր հետևից տանում ամենուր։ Դա հատկապես դուր է գալիս արքայադուստր Վիոլետային, քանի որ մի անգամ Կէլենի հետ կոպիտ խոսելու համար Ռիչարդը նրան տեղն էր դրել։ Վիոլետան նույնիսկ երբեմն անձամբ մասնակցում է Ռիչարդին տանջելու գործին։ Մի անգամ, երբ Վիոլետան խոստանում է, որ նույնը սպառնում է նաև Կէլենին, Ռիչարդը կարողանում է կամքը հետ բերել, ուշքի գալ և ոտքով այնպես հարվածել Վիոլետայի դեմքին, որ նրա լեզուն կտրվում է։ Այդ օրվանից Ռիչարդը վերականգնում է իր գիտակցության մի փոքր մասը, այն թաքցնում Դեննայից հոգու խորքում և դիմանալու համար անընդհատ մտածում է Կէլենի հանդեպ տածած իր սիրո մասին։ Դեննան Ռիչարդին դարձնում է իր ամուսինը՝ նրան ֆիզիկական ավելի մեծ ցավ պատճառելու նպատակով։ Ռիչարդի՝ այսպես կոչված ուսուցումը Դեննան շարունակում է դ ʹ Հարայի ժողովրդական պալատում, որը գտնվում է Դարկեն Ռալի տիրապետության տակ։

Ռիչարդը սկսում է ժամանակ առ ժամանակ մոռանալ իր անունը, մոռանալ իր անձը, նույնիսկ չի կարողանում հիշել Կէլենին։ Իսկ Դեննան այդ ընթացքում սիրահարվում է Ռիչարդին։

Երբ Դարկեն Ռալն արդեն վստահ է, որ Ռիչարդը զրկվել է կամքից ամբողջովին, նրան իր մոտ է կանչում և պահանջում անգիր արտասանել «Հաշվելի ստվերների մասին» գիրքը։ Ռիչարդը հրաժարվում է այդ անելուց, ինչից հետո Դեննային անձամբ Դարկեն Ռալն է պատժում, քանի որ կարծում է, որ նա բավարար ուժ չի գործադրել Ռիչարդի ուսուցման հարցում, և Ռիչարդը թերի է անցել իր ուսուցումը, լրիվ չի զրկվել կամքից։ Երբ Ռիչարդը տեսնում է Դեննային վիրավոր և արնաշաղախ, նա խղճում է իրեն այդքան ցավ պատճառած կնոջը և սկսում է դարմանել նրա վերքերը, անում ամեն ինչ, որ այդ կինը ցավ չզգա։ Ապշելով Ռիչարդի վերաբերմունքից՝ Դենան էլ ավելի է սիրում նրան։

Դարկեն Ռալը, տեսնելով, որ Ռիչարդից որևէ օգուտ չունի, բաց է թողնում նրան՝ հուսալով նրա ընկերների միջոցով հասնել իր նպատակին։ Բայց հեռանալու համար Ռիչարդը պետք է սպանի Դեննային։ Ռիչարդին հաջողվում է կոչել սրի կախարդանքի հակառակ կողմը․ նրա ձեռքում սուրը դառնում է սպիտակ, երբ նա Դեննային ներում է շնորհում։ Դեննան շնորհակալ է նրան և ուրախ է, որ հեռանում է այն կյանքից, որում ստիպված էր այդքան դաժան ապրել։ Կյանքի վերջին րոպեների ընթացքում Դեննան Ռիչարդին նվիրում է իր էյջիլը՝ այն զենքը, որով տանջել է Ռիչարդին։ Ռիչարդը նրան սպանում է և հեռանում։

Ռիչարդը չգիտի՝ ինչպես գտնի ընկերներին, ուստի դիմում է Սկարլետ անունով կարմիր վիշապի օգնությանը։ Վիշապը օգնում է Ռիչարդին պայմանով, որ վերջինս էլ պետք է օգնի իրեն՝ գտնել իր ձուն, որը Դարկեն Ռալը գողացել է և ստիպում է վիշապին ծառայել իրեն։ Ռիչարդը կարողանում է գտնել և ազատել վիշապի ձուն գար կոչվող հրեշներից։

Երբ Ռիչարդը վերջապես գտնում է ընկերներին, նրանք չեն ճանաչում Ռիչարդին, այլ իրենց դիմաց տեսնում են Դարկեն Ռալին․ դա այն գինն էր, որով Ռալը Ռիչարդին ազատ էր արձակել, որ Ռիչարդին ոչ ոք չի ճանաչելու։ Ճարահատյալ՝ Ռիչարդը դիմում է իր եղբայր Մայքլի օգնությանը, սակայն նա ևս դավաճան էր և ծառայում էր Դարկեն Ռալին։ Մայքլը Ռալին է հանձնել նաև երրորդ զարդատուփը, որը իրեն տվել էին Ռեյչելը և Չեյզը։ Թեև Մայքլը փորձում է Ռիչարդին գերել և հետ հանձնել Ռալին, սակայն Ռիչարդը փախչում է նրանից և անձամբ գնում դʹՀարայի ժողովրդական պալատ և սպասում իր ընկերներին։

Ռալի ուղարկած ևս մեկ քառյակ կարողանում է ի վերջո գերել Զեդդին, Չեյզին ու Կէլենին: Երբ Դարկեն Ռալի զինվորներ ասում են Կէլենին, իբր Ռիչարդը գերի է ընկել մորդ-սիթերի մոտ և մահացել է, Կէլենը իր միջից արձակում է կոն-դար կոչվող մոգությունը, որը խոստովանամայրերի մոգության հակառակ կողմն է և իրենից ներկայացնում է մահացու ուժ։ Նա ոչնչացնում է ողջ քառյակին և գնում ժողովրդական պալատ՝ Դարկեն Ռալին սպանելու մտքով։ Կելենը պալատում իր ուժով դիպչում է Ռիչարդին, քանի որ դեռևս Ռալին է տեսնում իր դիմաց։ Այնուհետև իրական Ռալը հրամայում է Ռիչարդին ընթերցել «Հաշվելի ստվերների մասին» գիրքը, եթե չի ուզում, որ ինքը սպանի Կէլենին։ Ռիչարդը հենց դրան էլ սպասում էր, ուստի սկսում է անգիր արտասանել գիրքը, իսկ իր ընկերները արդեն կարծում են, թե ամեն բան կորած է։ Իսկ իրականությունն այն էր, որ Կէլենի ուժը չէր ազդել Ռիչարդի վրա, քանի որ նա արդեն խիստ սիրում էր Կէլենին և առանց այդ ուժի ազդեցության պատրաստ էր ծառայել նրան։ Ամբողջ գիրքը կարդալով՝ Ռիչարդը բաց է թողնում միայն վերջին պարբերությունը։ Այն հետևյալն էր․ «Զգույշ եղի՛ր։ Զարդատուփերի գործուղությունը տարբեր է՝ կախված բացողի մտադրությունից։ Եթե ուզում ես դառնալ աշխարհի տիրակալ, որ օգնես մյուսներին, զարդատուփը տեղափոխիր աջ։ Եթե ուզում ես բոլորին ենթարկել քո կամքին, զարդատուփը տեղափոխիր ձախ։ Իշխիր համաձայն քո կամքի»։

Բացելով սխալ զարդատուփ՝ Դարկեն Ռալը մահանում է, իսկ Ռիչարդն ու Կէլենը հասկանում են, որ կարող են միանալ իրար առանց վնասելու միմյանց։ Զեդդը մինչ Ռալի մահանալը պատմում է նրան, որ Ռիչարդն իրականում հենց Դարկեն Ռալի և Զեդդի դստեր որդին է, Զեդդի թոռնիկը։ Զեդդը վերականգնում է մարդկանց հիշողությունն իր մասին, բոլորը կրկին հիշում են, որ նա Զեդդիկուս Զուլ Զորանդերն է՝ առաջին հրաշագործը։ Իսկ Ռիչարդը դառնում է նոր մագիստր Ռալ և հրամայում գլխատել Մայքլին։ Կարմիր վիշապի՝ Սկարլետի ձագուկը դուրս է գալիս ձվից, և Սկարլետը սիրով օգնում է Ռիչարդին ու Կէլենին իրենց փրկած Սիդինին տանել տինի ցեղախումբ։

Գլխավոր հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Ռալ  (Սայֆեր) – անտառային ուղեկցող, ճշմարտության որոնողը, ապա նաև՝  դʹՀարայի տիրակալը
  • Կէլեն Ամնել – Խոստովանամայր
  • Դարկեն Ռալ -  դʹՀարայի տիրակալը, Ռիչարդի իսական հայրը
  • Զեդդիկուս Զուլ Զորանդեր  (Զեդ) – առաջին հրաշագործը, Ռիչարդի պապը
  • Չեյզ – Ռիչարդի ընկերը, Վեստլանդիայի սահմանների հսկիչը
  • Ռեչել – արքայադուստր Վիոլետայի ծառան, հետագայում՝ Չեյզի որդեգիր դուստրը
  • Մայքլ Սայֆեր- Ռիչարդի եղբայրը, Ջորջ Սայֆերի որդին
  • Ջորջ Սայֆեր – Ռիչարդի խորթ հայրը
  • Դեննա – Ռիչարդին գերի վերցնող մորդ-սիտ, Դարկեն Ռալի թիկնապահներից
  • Էդի – կախարդ, Վեստլանդիայում հայտնի է որպես «ոսկորների կին»
  • Շոտա – Ագադենի սահմանի կախարդ
  • Սեմուել – Շոտայի ծառան, ճշմարտության նախկին որոնողը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.terrygoodkind.com/ - հեղինակի պաշտոնական կայքէջը https://www.keithparkinson.com/ - գրքի նկարազարդումների հեղինակի պաշտոնական կայքէջը


Կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ամերիկյան գրականություն ֆանտաստիկ ժանրեր անգլերրեն վեպեր