Մասնակից:Վարդուհի Ղազարյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսագրություն
ԺանրՊատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1872
Առաջին ներկայացում1872
ԿերպարներՆազանի,Թովմաս,Մելքոմ, Եղիսաբեթ

«Կուսագրություն», պաստմվածք, Րաֆֆու՝ պարսկահայության կյանքը ներկայացնող հայտնի գործերից մեկը՝ գրված 1872 թվականին։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին պատմվածքը գրել է 1872 թվականին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Մելիքզադե ստորագրությամբ առաջին անգամ լույս է տեսել «Մշակի»՝ նույն թվականի հոկտեմբերի 26-ի համարում։ Ինչպես նախատեսել էր հեղինակը, այս պատմվածքը պետք է ներառվեր «Փունջի» իններորդ հատորի մեջ՝ «Նազանի» վերնագրով։ Հեղինակի մահից հետո կինը՝ Աննա Րաֆֆին, 1893 թվականին «Կուսագրությունը» զետեղում է «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի երկրորդ հատորում (Թիֆլիս, էջ 301)։ Ավելի ուշ՝ 1913 թվականին, պատմվածքը լույս է տեսնում «Պարսկական պատկերներ» ժողովածուում (Վիեննա, էջ 225 )։ 1949 թվականին պատմվածքը հրատարակվել է Րաֆֆու երկերի ժողովածուի եռահատոր հրատարակության առաջին հատորում (էջ 355 )։ Պատմվածքը արտատպվել է՝ «Մշակի», 1872 թվականի 42-րդ համարում[1]:

Վերնագրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի վերնագիրը թուրքերեն ղըզյազան բառի թարգմանությունն է՝ կուսագիր կամ աղջիկ գրող նշանակությամբ։ Պարսից Ախտա-շահի (Աղա-Մահմեդ խանի) և նրա հաջորդների օրոք կար մի սովորություն։ Ըստ այդ սովորության՝ ամեն մի նահանգի կուսակալ, երբ գնում էր շահին տեսության, ընծաներից բացի, տանում էր նաև գեղեցիկ աղջիկներ։ Կուսակալն իր ներքիններին ուղարկում էր բազմաթիվ քաղաքներ, գյուղեր՝ աղջիկներին ընտրելու և հափշտակելու։ Ահա այս ամենն էլ կոչվում էր ղըզյազան։ Բարեբախտաբար, այս սովորությունը դադարեց պարսից Նասր-Էդդին շահի օրոք[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանի հայաբնակ գավառներից մեկում՝ Ս․․․ գյուղում, կային մի շարք հայաբնակ տներ։ Գյուղում էր ապրում նաև մի մանկահասակ օրիորդ՝ Նազանին, ով նման էր այնպիսի մի հավերժահասի, ում տեսքով կգերվեր նույնիսկ Ապոլոնը։ Նա բնակվում էր իր եղբոր՝ Մելքոմի և մոր՝ Եղիսաբեթի հետ։ Օրիորդը անտառում սպասում էր եղբորը՝ նրա հետ միասին տուն գնալու։ Հանկարծ նա լսում է ինչ- որ խշխշոց, կարծելով որ եղբայրն է, կանչում է նրան։ Եկվորը նրա եղբայրը չէր։ Նա մանկահասակ մի տղա էր, ով գիշերային մթության մեջ երևում էր որպես մի հսկա։ Թովմասն էր՝ Նազանիի սիրած տղան։ Խնդրում էր Նազանիին հեռանալ և փախչել կուսագիրներից, ովքեր գյուղ էին գալու բազմաթիվ գեղեցիկ աղջիկների՝ շահին տանելու, այդ թվում նաև Նազանիին։ Սակայն վերջինս հրաժարվում է փախչել Թովմասի հետ, քանի որ նա դրանով կարատավորեր ծնողների պատիվը։ Հաջորդ օրը՝ առավոտյան, Եղիսաբեթը, արտասուքն աչքերին, պատրաստում է աղջկան։ Նա, ծաղկանկար ու կերպասե զգեստների փոխարեն, աղջկան հագցնում է մուրացկանի հին, պատռված շորեր և կտրում նրա հյուսերը։ Գյուղի ընդարձակ հրապարակներից մեկում հավաքում են տարբեր ազգերի ու կրոնների աղջիկների։ Խոջաբաշին սկսում է անցնել աղջիկների շարքերի միջով, զննում յուրաքանչյուրի գեղեցկությունը։ Բոլոր աղջիկներից Խոջաբաշին ընտրում է միայն երկուսին, որոնցից մեկը հրեա էր, մյուսը՝ հայ։ Հայ օրիորդը Նազանին էր։ Ընտրվածներին փորձում են տանել խանի ապարանքը, սակայն հանկարծ հարձակվում են չորս զինված մարդիկ՝ փախցնելով Նազանիին։ Ս․ գյուղը կորչում է ծխի և հրդեհի մեջ, այդպիսով ֆերաշները իրականացրին խանի վրեժը։ Մի ամիս հետո Տաճկաստանի Մոկաց աշխարհում՝ մի փոքրիկ մատուռի մեջ, քահանան կատարում է Թովմասի և օրիորդ Նազանիի պսակադրությունը։ Խաչեղբայրը փեսայի մտերիմ ընկերն էր՝ Սարգիսը։ Հանդեսին ներկա է լինում նաև հարսի քաջասիրտ եղբայրը՝ Մելքոմը․․․[2]

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում ֆերրաշների ձեռքին տառապող հայ շինականի անմխիթար կյանքի թեման։ Հեղինակը առաջիններից էր մեր իրականության մեջ, ով անդրադարձավ այս թեմային և ընթերցողներին ներկայացրեց հայության մի մեծ հատվածի՝ պարսկահայ գյուղացիության կյանքի պատկերը։ Այս նույն թեման արծարծում է նաև «Գեղեցիկ Վարդիկը», «Սովը», «Անբախտ Հռիփսիմեն» և «Մի օրավար հող» պատմվածքներում։ Րաֆֆու համար մտահոգիչ էր մահմեդական աղայի և քրիստոնյա ռայայի(բատրակի) հակամարտությունը ազգային ու կրոնական խտրականության պայմաններում[3]։ Պատմվածքներում էականն այն է, որ գիտակցվում է անհատական կամքը, ընդվզման, վրեժի գաղափարը[4]։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կուսագրությունը» Հ․Սարգսյանի ռուսերեն թարգմանությամբ՝«Кзязан» վերնագրով, տպագրվել է Թիֆլիսում 1912 թվականի «Армянская литература» ժողովածուի մեջ(էջ 31 )[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Րաֆֆի,, Երկերի ժողովածու, հատոր առաջին (1983). Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, երգիծական էջեր. Երևան. էջեր 544։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. 2,0 2,1 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր առաջին (1983). Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, երգիծական էջեր. Երևան: Սովետական գրող. էջեր 329-334։.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Խ․Ե․Սամվելյան, Րաֆֆի (1987). Կյանքի ստեղծագործական ուղին. Երևան: Արևիկ. էջեր 154-155։.
  4. Սերգեյ Սարինյան, Րաֆֆի (1985). Գաղափարների և կերպարների համակարգ. Երևան: Սովետական գրող. էջեր 39։.

Կատեգորիա:Ակսել Բակունցի ստեղծագործություններ