Մասնակից:Սիմոնյան Կարեն/Ավազարկղո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշնանավար, ցրտավար, հողի ամառաաշնանային մշակում` նույն տարվա աշնանացան հացաբույսերի և գարնանացան մշակաբույսերի հաջորդ տարվա ցանքի համար: Մշակաբույսերի աճեցման ինտենսիվ տեխնոլոգիաների տարրերից է:

Աշնանավարը չոր շրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր շրջաններում աշնանավարը նպաստում է հողում խոնավության կուտակմանը և պահպանմանը, հավելուրդային խոնավություն ունեցող շրջաններում՝ դրա վերացմանը, բարելավում է հողի օդային ու սննդային ռեժիմները, ստեղծում է հողի միկրոօրգանիզմների կենսագործունեության բարենպաստ պայմաններ, ապահովում է պարարտանյութերի հողածածկումը, կարևոր է նաև մոլախոտերի, մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում:

Աշնանավարը խոնավ շրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնավ շրջանների ճմապոդզոլային հողերում երեսվարը հաճախ կատարում են 5-6 սմ խորությամբ, սևահողերում և շագանակագույն հողերում՝ 8–10 սմ, ոռոգելի մարգագետնային գորշ հողերում 12-14 սմ, վարը՝ համապատասխանաբար՝ 20-22 սմ խորությամբ (հեռաշարացան մշակաբույսերի համար՝ 28–35 սմ): Շարահերկ մշակաբույսերից հետո (կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ) Աշնանավար փոխարինում են 10-12 սմ խորության երեսվարով: Աղբոտված տեղամասերը և բազմամյա խոտաբույսերից հետո դաշտերը վարից առաջ 2 ուղղությամբ սկավառակում են: Եթե ցանքաշրջանառությունում նախորդող մշակաբույսերի համար կատարվել է խորավար, և աղբոտվածությունը մեծ չէ, ապա կրկնակի խորավար կատարում են 2-3 տարի հետո: Ոռոգովի երկրագործության շրջաններում աշնանավարի հետ միաժամանակ իրականացնում են դաշտի հատակագծում, առանձնացնում են ժամանակավոր ոռոգիչներ, խորացնում են վարաշերտը։

Աշնանավարի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանավարն ունի մեծ կազակերպատնտեսական նշանակություն, քանի որ զգալիորեն թուլացնում է գարնանային դաշտային աշխատանքների լարվածությունը և ապահովում է լավագույն ագրոտեխնիկական ժամանակահատվածում հողի նախացանք ու մշակաբույսերի ցանքերի ավելի որակյալ մշակում: Նախորդների և հողի աղբոտվածության գոտիական առանձնահատկություններից կախված՝ կիրառում են աշնանավարի տարբեր ձևեր, որոնցից առավել տարածված են՝ խոզանի հետ բերքահավաքային երեսվարը՝ հաջորդող վարով, հողի կիսացելային մշակումն առանց նախնական փխրեցման, Աշնանավարի՝ դաշտի մակերևույթի հարթեցմամբ (տափանելով, գլանակումով) կամ առանց դրա, հողի մշակումն առանց վարի, մանրափխրեցուցիչ գործիքներով և խոզանի պահպանմամբ հողապաշտպանական հարթակտրիչավոր մշակում՝ քամու էրոզիայի դեմ պայքարելու նպատակով, ջրակուտակման պատնեշների (փոսիկ, ճեղք, անջրանցիկ փակոց, թմբիկ) կառուցման հետ լանջային հողերի հողապաշտպանական մշակում՝ էրոզիայի կանխման նպատակով: Հողմային ակտիվ էրոզիայի պայմաններում լավ արդյունք է տալիս հողի առանց շրջելու մշակումը: Միջին և ծանր հատիկաչափ կազմով հողի վաղ աշնանավարը նպաստում է մոլախոտերի ճնշմանը, բույսերի համար սննդարար նյութերի կուտակմանը: Առավել ուշ ժամկետներում հողի մշակման դեպքում այն դժվար է փխրվում և արագ կարծրանում է: Թեթև հատիկաչափ կազմով (ավազային,կավավազային) հողերը, հատկապես չոր շրջաններում, մշակում են աշնանը առավել ուշ ժամկետներում, որովհետև բարձր օդավորումը (աերացիա) հանգեցնում է խոնավության մեծ կորուստների, արագացնում է օրգանական նյութի քայքայումն ու սննդատարրերի լվացումը: Մշակումների խորությունը և քանակը հաստատվում է գոտիական առանձնահատկություններին համապատասխան՝ սերմնացան մշակաբույսերի պահանջներից, հողատիպից, վարաշերտի հզորությունից, դաշտի աղբոտվածությունից կախված:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։