Jump to content

Մասնակից:Լույսի կտոր/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանն աքեմենյան և հելլենիստական ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.ծ.ա. VI դարի սկզբներին Մերձավոր Արևելքում կործանվում են նոր Ասորական, Բաբելոնի, Եգիպտոսի, Վանի թագավորության կայսրություններ: Դարեհ I-ի Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ հիշատակված Ուրարտու կամ Արմինա կոչված ընդարձակ երկիրը, որը ձգվում էր Անտիտավրոսից մինչև Կասպից ծով, Միջագետքից մինչև Կուր գետի ափերը պատկանում էր հայ Երվանդունիներին: Հայաստանը հիշատակվում է 6-րդ դարի հույն պատմիչ հեկատե Միլեթացու, Հերոդոտի, Քսենեփոնի, Պոլիբիուսի, Ստրաբոնի և այլոց  երկերում:

Հայաստանը դարձել է Վանի թագավորության քաղաքական և մշակութային լիիրավ ժառանգորդը: Հայաստանը 5 արյունահեղ ճակատամարտներից հետո ընդգրկվում է աշխարհակալ Աքեմենյան Պարսկաստանի կազմում: Դարեհ Ա-ն Հայաստանում ձևավորվում է 13-րդ և 18-րդ սատրապությունները: Հայաստանով էր անցնում Պարսկաստանը Միջերկրական ծովի հետ կապող Դարեհ Ա-ի կառուցած Արքայական ճանապարհը: Երվանդունի արքաները (Օրոնտիդները) կարևոր դիրք էին գրավում Աքեմենյան Պարսկաստանում և ունեին կիսանկախ կարգավիճակ: Երվանդյան Հայաստանում մեծ վերելք է ապրում գեղարվեստական մետաղամշակությունը, որի լավագույն օրինակները հայտնաբերվել են Էրեբունի ամրոցի մերձակայքում, Արմավիրում, Վանում, Երզնկայում և այլուր, գլիպտիկան, ապադանա կոչվող կոթաղային ճարտարապետությունը /Էրեբունի/:

Ալեքսանդր Մեծի արևելյան արշավանքի վճռական` Գավգամելայի ճակատամարտում (331 թ.), Դարեհ Գ-ի բանակի աջ թևում մարտնչող հայկական զորամիավորումները խիստ նեղել էին մակեդոնացիներին: Աքեմենյան կայսրության փլուզումից և Սելևկյան թագավորության հաստատումից հետո Հայաստանն աստիճանաբար ներառվում է հելլենիստական քաղաքակրթության ոլորտում: Ալեքսանդրի և դիադոխների ժամանակ Հայաստանն անկախ էր:

Արտաշես I (Ք. ա. 201-163 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.ծ.ա. 189 թ. Արտաշես աշխարհակալը Հայաստանը հռչակում է անկախ երկիր և կրկին վերամիավորեց Երվանդունիների Հայաստանի սահմանները, ետ բերելով կորցրած նահանգները: Ստրաբոնի Աշխարհագրությունում վկայված է, որ այդ ժամանակ Հայաստանում բոլորը խոսում էին հայերեն: Վերնախավի մոտ կիրառվում էր նաև արամեերենը, որով են արձանագրված Արտաշես Ա-ի սահմանաքարերը: Արտաշիսյանների օրոք Հայաստանում զարգացել է քաղաքաշինությունը: Հին քաղաքների` Վանի, Արմավիրի, Էրեբունիի կողքին Հայոց արքաները հիմնադրեցին տասնյակ այլ քաղաքներ, որոնք կոչեցին իրենց անուններով` Սամոսատ, Արսամեա, Արշամաշատ, Երվանդաշատ, Տիգրանակերտ և Արտաշատ: Վերջինս, ըստ Պլուտարքոսի վկայության կառուցվել է կարթագենի զորահրամանատար Հանիբալի խորհրդով: Սրանք Չինաստանից և Հնդկաստանից դեպի Միջերկրածովի ավազան ձգվող «Մետաքսի Ճանապարհի»՝ միջազգային առևտրական ուղու վրա գտնվող մարդաշատ և բարեկարգ քաղաքներից էին, որոնց մասին վկայում են հունա-հռոմեական մի շարք պատմիչներ: Դրանցում ըստ պեղումների արդյունքների արտացոլված են տեղական, արևելյան և արևմտյան մշակույթները: Ծաղկել են զանազան արհեստներ: Հայաստանը ներմուծում էր ապրանքներ և արտահանում իր գյուղատնտեսական ու արհեստագործական արտադրանք, հանքանյութեր՝ ըստ հռոմեական պատմիչ Պլինիոս Ավագի: Հայաստանի վարպետները հատկապես հմուտ էին գեղարվեստական մետաղագործության մեջ: Սրա վկայությունը Վանից, Արմավիրից, Արտաշատից, Լոռի բերդից հայտնաբերված բարձրարվեստ զարդերն են`  կենադանիների գլուխներով ավարտվող ապարանջաններ, կրծքազարդեր, թանկարժեք մետաղյա սպասք: Աչքի են ընկնում, մասնավորապես, անոթների ձևավոր բռնակները, արծաթե պտյակները:

Հելլենիստական Հայաստանի պետություններից ամենախոշորը Մեծ Հայքն էր, որն իր հզորության գագաթնակետին հասավ Արևելքի տիրակալ, արքայից-արքա Տիգրան Մեծի (Ք. ա. 95-56 թթ.) օրոք: Նա ծնկի բերեց պարթևներին և Եփրատի ափերից հեռացրեց Հռոմեական կայսրության բանակները, Արևելքի և Արևմուտքի միջև կարգավորեց տարանցիկ առևտուրը: Նրա մայրաքաղաքներից մեկը` Տիգրանակերտը, կառուցվեց նախապես մշակված նախագծով` Տիգրիսի վերին ավազանում: Կառուցվում են հզոր ամրոցներ, մասնավորապես Գառնին, որի մասին հիշատակում է հռոմեական պատմիչ Տակիտոսը: Հելլենիստական Հայաստանն ընդգրկված էր Հին Աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներում: Դրամական շրջանառության պահանջները բավարարելու համար Հայաստանում հատել են սեփական դրամներ: Հայաստանի մշակույթը հելլենիստականի և հինարևելյանի սինթեզ էր, բովանդակությամբ` խիստ ավանդական: Այն դարձավ քրիստոնյա Արևելքի մշակույթի աղբյուրներից մեկը:

Արտաշիսյան արքայատոհմին Հայաստանում փոխարինեցին Արշակունիները (66 թ.):[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակաշրջանից նկատվում են զգալի փոփոխություններ մշակութային և քաղաքական կյանքում: Հայաստանի քաղաքները, մասնավորապես Արտաշատը դառնում են միջազգային առևտրի առանցքային կենտրոններ: Բարելավվում է քաղաքատիպ բնակավայրերի ջրամատակարարումը: Հայաստանի առևտրա-տնտեսական կապերը տարածվում են մինչև Արևմտյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Ղրիմի թերակղզի և Եգիպտոս: Կավագործության ոլորտում ակնառու է դառնում որակական հատկանիշների աճը: Լայն տարածում է ստանում ապակեգործությունը, թրծակավե արձանիկների արվեստը: Տաճարների, պալատների և մեծահարուստների տների պատերը զարդարվում են բազմագույն սվաղով, որմնապատկերներով, գիպսե քիվերով, տանիքները ծածկվում են կղմինդրներով:

3-րդ դարի կեսից Հայաստանում նկատելի են դառնում ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ հռոմեական ազդեցությունները /Գառնիի տաճարը, Գառնիի տաճարի խճանակարը/, սակայն գերակայում են հելենիստական ավանդույթները: Դարնց ազդեցությունն առանձնապես ակնառու է Աղցքի թրծակավե հարթաքանդակների արվեստում, որոնցում արտացոլված են նատուրալիստական ոճով կերտված ազնվացեղ եղջերուներին հետապնդող առյուծների, պարարտ խոյերին հետապնդող վագրերի, տատասկ ուտող ուղտի, սիմուրգ հավքի՝ կենաց ծառի հանդիման կանգնած արծվի ոտքերով և սիրամարգի գլխով ու պոչով հեքիաթային թռչնի քանդակները:

301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Հայաստանում նոր գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորվում է նոր մշակույթ: [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harutyunyan, Khachik A. (2022). Historical and cultural heritage of Armenia. Yerevan: Hushardzan Publishers. ISBN 978-9939-9087-1-7.