Jump to content

Մասնակից:Լուիզա Հովհաննիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     ՋԵՐՄՈՒԿՅԱՆ   ՄԵՂԵԴԻ                                           /ակնարկ/ 

 Երբևէ չէի եղել Ջերմուկում: Առիթը ներկայացավ, Էմմա հարսս խորհուրդ տվեց. ՛՛Եթե Ջերմուկը չես տեսել, ուրեմն Հայաստանն էլ չգիտես՛՛: ԵՎ այսպես, վիճակը գցված է. գնում եմ Ջերմուկ հանգստանալու:   Առաջներում էլ շատ էի լսել Ջերմուկի բուժիչ ջրի մասին / մեր սեղանի ամենօրյա  անբաժան ըմպելիքն է/: Սակայն որպես բնակավայր Վայոց ձորի այդ տարածքն ինձ համար անճանոթ էր, հեռու, օտար…
  Գևորգ տղայիս մեքենան համառորեն հաղթահարում է դեպի վեր ու վեր ձգվող ոլորանները, գտնվում ենք ծովի մակերևույթից  2000 մետրից  էլ ավելի  բարձրության վրա: Սա Վայոց ձորի /Սյունիքի նահանգ/ Ջերմուկի սարահարթն է: Տպավորությունն այնպիսին է, որ դեռևս հնագույն ժամանակներում եղել է հզոր երկրաշարժ, ընդերքի ժայթքումից սարերն աջ ու ահյակ են քաշվել, գոյացել է ահռելի ձորը՝ զառիթափ  լանջերին հսկա ժայռաբեկորներ, գահավեժ լերկ քարաժայռերին կիպ աճած խտագանգուր  ծառեր ու թփեր, իսկ ամենաներքևում խենթուխելառ Արփա գետն է՝ փրփրաբաշ շուրթերին մշտազվարթ  ջերմուկյան մեղեդիով … Բա սարե՜րը. կարծես սարահարթը  հսկող  ահասարսուռ աժդահաներ լինեն՝  ի պահապան բնության աղետներից, հանկարծահաս թշնամուց, էլի ինչ-որ աներևույթ չարքերից: Սարե՜րը… Սափրած  գագաթներից  ներքև անտառ է ու անտառ, առավելապես բարձրուղեշ կեչիներով, կաղնիներով,  տանձենիներով, խնձորենիներով, մասրենիներով, հաղարջենիներով,  բազմատեսակ թփերով պատված, բայց ամենից անգնահատելին երկնասլաց փշատերև սոճիներն ու եղևնիներն են, և այս բոլորը միասին կազմում են անմեկնելի, դյութական, ասվածահաճո մի  ներդաշնակություն:  Շնչի՛ր անապական  օդը,  խմի՛ր կենսատու ջուրը, քայլի՛ր, վազի՛ր սրտիդ ուզածի չափ: Էլ ի՞նչ է պետք հասարակ մահկանացուին այս արևի տակ…
  Մեր քրտնափչած նժույգ-մեքենան կանգ առավ ՛՛Գլաձոր՛՛ առողջարանի դիմաց: Նախնական տպավորությունը մի բանի նման չէր. առաջներս հառնեցին  երկու երկնաքեր կառույց՝  խորհրդային համակարգի վերջին ծնունդներից. ՛՛նույն տիպային՛՛ ստանդարտ  նախագծով, մետաղի, բետոնի և ապակու համադրությամբ  ՛՛կերտված՛՛, այնքա՜ն անհարիր տեղի կախարդող հեքիաթին:   Դե, այն  ՛՛երանելի ժամանակներում՛՛ պետպլանով այդպես էր  նախատեսված,  և ոչ մի ճարտարապետ  չէր հանդգնի իր ձեռագիրը դնել, շեղվել նշված ուղուց:  Բայց սա իմ ընկալման  առաջին արձագանքն էր, հաջորդ պահին մտածեցի. ՛՛Ինչի՞ս է պետք շենքի արտաքին փայլը և կամ շքեղ կահկարասին, հո չե՞մ եկել ներսում օրս անցկացնելու. կարևորն այն է, որ հանգիստս վայելեմ ՛՛: Մեզ  դիմավորեց Սոնան՝ մշտաժպիտ, զուսպ, իր գործն իմացող մի աղջնակ: Ինձ հատկացված սենյակը կարելի է ասել բարվոք վիճակում է, տրամադրող՝ խաղաղ, առանց հոգսերի կեցության համար /եթե հաշվի չառնենք որոշ մանրուքներ/: Սակայն ավելի գայթակղիչը փոքրիկ պատշգամբն է,  հատկապես գիշերաժամին, երբ 12-հարկյա շինության բարձունքից անմիջական հաղորդակից ես դառնում դիմացիդ սարի ահասարսուռ սևաթույր խորհրդին, գլխավերևումդ առկայծող շողշողուն աստղաբույլերին, ձեռքդ մեկնես՝ կբռնես  /ու՞ր է թե Երևանում գտնես այսպիսի երկինք/, ներքևում Արփայի անձանձիր, զվարթ քչքչոցին:
Հետևյալ օրն արդեն ընկնում եմ հունի մեջ. բժշկի կողմից ստանում եմ  ինձ անհրաժեշտ բուժման կուրսը. մագնիսաբուժում, մերսում, մի քանի տեսակի ջրային լոգանքներ, պարաֆինաթերապիա, արոմաթերապիա: Կան նաև այլ ծառայություններ, կապված ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի-լեղապարկի խանգարման հետ՝ թվով մոտ 20 տեսակի: ԵՎ ամենակարևորը՝ օրը երեք անգամ անհրաժեշտ է ըմպել այդ հրաշագործ ջուրը: Ի դեպ, հարկ եմ համարում  մի երկու խոսքով ներկայացնել Ջերմուկի ջուրը, որի հետ կապված  է հետևյալ լեգենդը: Դա եղել է շատ վաղուց: Անտառում որսորդը մահացու վիրավորում է եղնիկին. վերջին ուժերը լարելով կենդանին փախչում է և մի կերպ իրեն գցում ջրափոսի մեջ: Որոշ ժամանակ անց որսորդի աչքի առաջ ջրից դուրս է գալիս ողջ-առողջ  եղնիկն ու սլանում, անհետանում անտառի թավուտում: Այդ պատճառով  էլ  եղնիկը  դարձել է Ջերմուկի խորհրդանիշը:
 Իրականում ջուրն իր բուժական հատկություններով հայտի է եղել դեռևս շատ հնում. բնակավայրում հայտնաբերված  կիկլոպյան ժամանակների ամրոցի, 8-րդ դարի եկեղեցու ավերակների մեջ հայտնաբերվել են քարակոփ ավազաններ, գուռեր, որոնք ծառայել են մարդկանց որպես ջերմուկի ջրի  լոգարաններ: Ջուրը  հետազոտվել է 1925 թվից, գերմանացի գիտնականի կողմից: Ստորգետնյա պայթյունավտանգ ապարների և լավաների առկայության ճնշման տակ ջուրը դուրս է ժայթքում երկրի երես 64 աստիճան C ջերմությամբ: Բուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի և Կարլովո Վարիի ջրերին` դեռ մի բան էլ ավելի: Բուժում է ստամոքսաաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտ հիվանդությունները: Որպես առողջարան Ջերմուկը սկսել են կառուցել է 1940 թվից:  Նշածս ՛՛Գլաձոր՛՛ առողջարանի համալիրը մոտ 30 տարեկան է,  10 տարի առաջ ընկավ սեփականաշնորհման ցուցակի մեջ, դարձավ ՍՊԸ, որի  տնօրենն է այն ժամանակվա, նաև հիմիկվա  գլխավոր բժիշկ Կարապետ Կարապետյանը: Թերևս բժշկի մասնագիտությունն է պատճառը, որ առողջարանում  հիմնական շեշտը դրված է մարդ-անհատին առաջնությունը տալու, նրան աջակցելու, հոգեկան, ֆիզիկական բարդ կացությունից դուրս բերելու վրա:  Մեկ օրվա համար հագստացողին /չասենք հիվանդին/  առաջարկվում է մոտ 20 տեսակի  բուժման միջոցներ. ընտրությունը մնում է իրեն՝ անհատին, իր ցանկությամբ, սակայն միայն բժշկի խորհրդով: Համոզված կասեմ. բուժական գործն այստեղ դրված է բարձր հիմքերի վրա: Աշխատող անձնակազմը գերազանցապես  մասնագետներ են, ունեն տարիների փորձ, հմտություն: ՈՒզում եմ թվարկել նրանցից մի քանիսին, ում հետ շփվել եմ, ովքեր սպասարկել են ինձ  13 օրվա ընթացքում:
   Ռիմա Թունյան – ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար: ՛՛Գլաձորի՛՛ վետերաններից է, աշխատում է 1986 թվից: ՛՛Աշխատել՛՛ տերմինը  նրա համար ժլատ է հնչում. Ավելի շուտ նման է հմուտ զորավարի, ով շատ դիպուկ վարում է մարտը, խոսում է ընտիր հայերենով.  ՛՛Դու, ի՛մ աղջիկ,  /աղջիկ ասվածը կարող է լինել 50-70 տարեկան/ գնում ես N 5 խցիկը,  Արամ տղա՛ ջան,  զգու՞մ ես  ծակծկոց, մրջյունները քայլու՞մ են, ապրե՛ն մրջյունները, տիկի՛ն Անթառամ /հիշում է բոլորին անուն առ անուն/,  ծածկվեք, հիմա գալիս եմ:  Գալն ու գնալն էլ միայն թեթև վազքով, առույգ, կատակելով, առանց սխալվելու, առանց թերանալու, և ողջ օրն այդպես շարունակ: Ծանրաբեռնբած, հոգնեցուցիչ աշխատանքին զուգահեռ տանն էլ ղեկավարում է 8 երեխաների, իսկ արտաքնապես հազիվ հատում է 40-ի սահմանը:
  Հարություն Գրիգորյան – մերսող բժիշկ է, նաև սպասարկում է բուժական ֆիզկուլտուրայի բաժնի այցելուներին: ՈՒնի հրաշագործ մատներ, լավ զրուցակից է, քաջատեղյակ է երկրի անցուդարձին: 7 տարվա աշխատանքային փորձը ձեռք է բերել աշխատելով Երևանի տարբեր կլինիկաներում,  կատարելագործվել է ՌԴ-ում, Չինաստանում՝  /երկու անգամ/, ծանոթ է չինական մերսման մեթոդներին, սակայն չի վերապահում  իրեն համարել չինական մերսող. ՛՛Ես ընդամենը բուժական մերսման մասնագետ եմ՛՛,- համեստանում է : Հրավերներ ունի մի քանի երկրներից, գիտակցորեն հրաժարվել է, ասելով. ՛՛Կգնամ, շատ փող կաշխատեմ, էլ հետ չեմ գա… Սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ծառայել իմ ազգին՛՛: Երազում է հիմնել իր ուզած մերսման կենտրոնը, որն էապես կտարբերվի այսօվա եղածներից:
  Արմենուհի Սողոյան – պարաֆինաբուժության բաժնի բուժքույր: Չափազանց ուշադիր է բոլորի հանդեպ անխտիր, իր գործը կատարում է սիրով, խնամքով, սուսուփուս: Իսկ գործն ունի իր յուրահատուկ դժվարությունները.  Օրը քանի՜ անգամ  պետք է եռացող պարաֆինալաթերը քամել, դնել մեկ այցելուի մարմնի 3-4 մասերին միաժամանակ, ծածկել զգուշորեն՝ հանկարծ չվառվի՞, պահել ժամանակաչափը, մի քանի անգամ ստուգել՝ լա՞վ է զգում իրեն, հետո  անհրաժեշտ է արագորեն հավաքել լաթերը,  օգնել մարդուն հագնվելու՝ հակարծ չմրսի… Եվ այդպես ամեն օր:
 Լուսինե Մանուկյան /Լալա/  – ունի երկու մասնագիտություն՝ մանկավարժի և բուժքրոջ: 9 տարի է, ինչ սպասարկում է ջրային լոգանքների բաժնի այցելուներին: Հասցնում է  և՛ հանգստացողներին տեղը-տեղին ՛՛լողացնել-ջահելացնել՛՛, և՛ կատարել ավագ բուժքրոջ, նաև մատենավարողի պարտականությունները: 
Սա դեռ բոլորը չէ. ՛՛Մեզ մոտ գործը չիմացող կամ թերացող աշխատողները տեղ չունեն, ընտրում ենք լավերից լավագույններին՛՛,- սա տնօրեն Կարապետյանի նշանաբանն է:   ՛՛Հաջողությամբ լուծել ենք աշխատավարձը ժամանակին վճարելու հարցը՛՛: 
 Անդրադառնամ մյուս հարցին՝ սնունդը: Գալուցս առաջ ծանոթներիցս մեկը մի քանի անգամ նշեց. ՛՛Օրը երեք անգամ կերակրում են՛՛:  ՈՒտելու հարցը չեմ կարևորում, այդքան էլ քմահաճ չեմ, ուտում եմ այն, ինչ մատուցվում է: Սակայն ականատես եղա հաճելի անակնկալի. այն, ինչ մատուցվում է, վեր է ամեն տեսակ սպասելիքներից: Աղցանների բազմազանություն /3-4 տեսակի/, բարձրորակ, թարմ կաթնամթերք՝ կաթնաշոռ, թթվասեր, մածուն, պանիր, կարագ,  պատրաստված Ջերմուկի գործարանի վարպետ Թուրունջի կողմից, ձիթապտուղ, երշիկեղեն, բնական մեղր, ջեմերի, մուրաբաների տեսականի /իրենց պատրաստածը/, տեղում թխած թարմ խմորեղեն, բանջարեղեն, մրգեղեն, հյութեր, տարբեր խոտաբույսերով թեյեր, նաև շատ համեղ իշխան  ձուկ, որից տիղմի հոտ չի գալիս: Դրանց ավելացրած տաք կերակուր՝ տավարի կամ հավի մսով ապուր և փլավ,ավանդական քուֆթա, և այս ամենը իսկապես օրը երեք անգամ: Այդքանը փորձիր տեղավորել քո ստամոքսում, որքան էլ առաձգական լինի այն: Ճաշարանն ընդարձակ է, կարող է սպասարկել մոտ 500 մարդու: Չնայած բազմամարդ լինելուն, երբեք չի  զգացվում սննդի պակաս. Ֆուրշետի սեղանները մինչև վերջ թարմացվում են  /մարդու աչքը թող սեղանին չմնա/: Այսպիսի առատությունը մեր ժամանակների համար բացառություն է:

Պատմում է ՛՛Գլաձորի՛՛ փոխտնօրեն Անահիտ Բաբայանը. ՛՛ Մեզ մոտ նախորդ օրվանից մնացած սնունդը հաջորդ օրը չի օգտագործվում: Հասել ենք նրան, որ մթերքը էկոլոգիապես մաքուր է, այն ձեռք ենք բերում վստահելի արտադրողներից՛՛: Ճաշարանում տիրում է կարգ ու կանոն, մտերմիկ հանդարտություն, աչք շոյող մաքրություն՝ շնորհիվ վարիչ Անահիտ Հովակիմյանի: Արթուն ժամապահի նման նա մշտապես հսկում է, նկատում է ամեն մանրուք, հոգ է տանում, որ մարդիկ գոհ մնան: Աշխատակազմը հիմնականում երիտասարդներ են՝ արագաշարժ, ժպտերես, գեղեցկատես աղջիկներ ու տղաներ: Մեծ մասն ուսանողներ են, եկել են ամռան երեք ամիսներին աշխատելու՝ իրենց կարիքները հոգալու համար: Օրինակ, մատուցողներ Սյուզի Առաքելյանը Երևանի բժշկական քոլեջի վերջին կուրսում է սովորում, Նարեկ Միրզոյանը շուտով կավարտի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային ակադեմիան, նաև որակյալ լուսանկարում է, Ջերմուկ Նյուզի տնօրենն է: Անի Ղազարյանը նոր է ավարտել Վայքի բժշկական ուսումնարանը, բայց իր մասնագիտությամբ տեղ չի գտել… Չկարողանալով հիացմունքս պահել, ասում եմ տնօրենին. - Ձեր տվածը գերազանցում է մեր վճարածին, ինչու՞մն է գաղտնիքը, հավանաբար հովանավո՞ր ունեք:

-  Մենք ենք մեր հովանավորը,- կատակում է պ-ն Կարապետյանը,- ստեղծել ենք ընտանեկան բիզնեսի նման  մի բան, աշխատում ենք բոլորս: Կինս,  աղջիկներս, տղաներս օգնեցին ամեն ինչով, մինչև գտանք առավել արդյունավետ միջոցներ այս ամենին հասնելու:  Իսկ դրսից  որևէ հովանավորի օգնությունը բացվառվում է:
 Մարդու ներկա վիճակը իր գենետիկական ծագման հետևանք է. Կարապետ Կարապետյանի պարագայում ստեղծելու, արարելու մղումը պայմանավորված է պապենական արմատներով.  Ապուպապը Պարսկաստանի Խոյ գավառի հանրահայտ Սավրա գյուղից է,  ինքը՝ Կարապետը, ծնվել և մեծացել է Վայոց Ձորի Փոռ շենում, նրանց ընտանիքում  հարգի է եղել աշխատանքը, արդար վաստակով համեստ ապրելաձևը: Այդպես էլ չօտարվեց մտերմությունը ՛՛սև աշխատանքի՛՛ նկատմամբ, երբ բժիշկ-թերապևտի մասնագիտությամբ արդեն հասել էր ՛՛Գլաձորի՛՛ գլխավոր բժշկի, ապա տնօրենի բարձունքին: Աշխատակիցները վկայում են, որ  առողջարանի նորոգման աշխատանքներին ինքն էլ բոլորի նման մասնակցում է գործերին, ի դեպ ՛՛ոսկի ձեռքեր ունի՛՛, ամեն ինչից գլուխ է հանում:
 Տնօրենի կինը, նույն ինքը՝ փոխտնօրեն Անահիտ Բաբայանն է. թողել է դպրոցի քիմիայի կես հաստիքով ժամերը, եկել, կանգնել է ամուսնուն օգնական: Ամուր ընտանիք են հիմնել. մեծ տղան ընտրեց հոր ճանապարհը՝ բժիշկ է,  այսօր ծառայում է Արցախի բանակում, մյուս տղան Երևանում է աշխատում, երկու աղջիկները Մյունխենում են.  ատամնաբույժի և իրավաբանի մասնագիտության մեջ են խորանում : 
-  Հավատում ենք, կգա այն երանելի ժամանակը, երբ բոլորս կհավաքվենք այստեղ, հայրական օջախի շուրջ, և մեր գիտելիքներով ու աշխատանքով մեր նպաստը կբերենք՝ ի օգուտ մեր ժողովրդի, կշենացնենք, աշխարհին հայտնի կդարձնենք Սյունյաց սարերի այս հազվագյուտ ադամանդը՝ Ջերմուկ  անվանումով:
- Առայժմ հիմնականում մտահոգ ենք ՛՛Գլաձորի՛՛ խնդիրների  լուծմամբ: Անելիքները շա՜տ-շատ են: Միանգամից 500 հոգու սպասարկելը հանաք բան չէ,- տիկին Անահիտը լավատեսորեն է տրամադրված. -  Պատահում է, երբ մարդն այս ամենից հետո դժգոհ է մնում, չի հավանում ասենք մի աղցանի, որովհետև կծու չէ,  կամ ներքևում՝ բուժական մասում  ուզում  է առանց հերթի մտնել, վեճ է սարքում… Սրանք եզակի դեպքեր են, հիմնականում մարդիկ այստեղից հեռանում են եկող տարի կրկին գալու հաստատ որոշմամբ: Մի Ալբերտ պապիկ ունենք. շատ ծեր է, և շատ էլ պահանջկոտ, կռվարար: Երրորդ տարին է, անընդմեջ մեզ մոտ է գալիս, բայց նախապես փորձել է Ջերմուկի համարյա բոլոր առողջարանները: Էստեղ մնում է ամսից ավելի,  զգում է իր տանից առավել լավ: 
- Վերջերս հեռուստատեսությամբ նայում էի ՛՛Կիսաբաց լուսամուտներ՛՛ հաղորդումը / ի դեպ, իմ սիրած թեմաներից մեկն է/,- հիշում է տիկին Անահիտը,-  քննարկվում  էր Արարատի մարզի Նոյակերտ գյուղից չորս երեխաների ճակատագիրը:   2 տղա, 2 աղջիկ են.  մեծ տղան 15 տարեկան է, փոքրը՝ 7 տարեկան: Մատնված են բացարձակ անտերության, չնայած ՛՛ծնողները՛՛ կենդանի են, ողջ-առողջ: Հայրը անհուսալի հարբեցող է, մայրը մեկ այլ գյուղում կովկիթ է: Վերցրեցի նրանց տվյալները, մեքենա ուղարկեցինք, չորսին էլ բերեցինք մեզ մոտ, պահեցինք երկու շաբաթ: Կերակրելուց  բացի լավ հոգ տարանք,  ծանոթացրեցինք շրջակա տեսարժան վայրերին, նստեցին ճոպանուղի: Թող իրենց խաթարված մանկության մեջ մի լուսավոր էջ ունենան: Պատահում է նաև, որ այլ առողջարանում  հանգստացողը, լսելով ՛՛Գլաձորի՛՛ պայմանների մասին, անմիջապես տեղափոխվում է մեզ մոտ:

- Հիմնական խնդիրը ջեռուցան համակարգի ստեղծումն է ու մեկ էլ երկու մասնաշենքերի կոսմետիկ վերանորգումը: Առաջներում ներքևի հարկում գործել են լողավազանը, սաունան, բայց երկրի անկախացումից հետո, երբ վերացավ միասնական ջեռուցման համակարգը, դրանք մատնվեցին անգործության: Եթե կարողանանք լուծել ջեռուցման հարցը /իսկ դա մեծ ծախսեր է պահանջում/, առողջարանը կգործի տարվա բոլոր եղանակներին: Ջերմուկի ձմեռը մի հրաշք է, այդպիսի ձմեռ չես գտնի ոչ մի տեղ. առատ, մարդաբոյ ձյուն ու արև, բյուրեղի մաքրության օդ՝ թոքերի համար իսկական բալասան, Ճոպանուղին էլ իր հերթին՝ երկու վազքուղիներով, դահուկի սիրահարների համար մի յուրահատուկ պարգև է:

- Առողջարանի կլոր տարին գործելու կտրվածքով կլուծվի նաև մոտ 66 մարդուն մշտական  աշխատանքով ապահովելու խնդիրը: Հիմա մենք աշխատում ենք կրկնակի վնասով. պատրաստում ենք գործին գիտակ մասնագետներ երեք ամսվա համար. մնացած ինը ամիսներին է՞լ ապրել է պետք, մարդիկ ցրվում են այս ու այն կողմ, տեղավորվում են այլ աշխատանքի, իսկ հաջորդ սեզոնի բացմանն արդեն կորցնելով փորձառու կադրերին, հավաքում ենք աշխատողների  նոր խումբ, որոնց հարկ է լինում կրկին վերապատրաստել:

Հիրավի, այսօր անհրաժեշտ է անհապաղ ձեռք մեկնել ՛՛Գլաձորին՛՛, հովանավոր կանգնել, փրկել սարերի մեջ ծվարած անգնահատելի ադամանդը խամրելուց:

 Ջերմուկի մասին էլի շատ լավ ու թերի բաների մասին կարելի է հիշատակել: 
 Դիցուկ, կցանկանայի տեսնել Ջերմուկ քաղաքն ավելի կոկիկ, մշակված, միջազգային չափանիշներով առողջարանին վայել բարձրության վրա /ինչո՞վ է զիջում հանրահայտ Կարլովո Վարիին/ : Իսկ դա այդքան էլ դժվար չէ: Կարծում եմ մեծ ծախսերի հետ չեն կապված փողոցների բարեկարգումը. քանդել են ասֆալտը և այդպես էլ թողել, մայթերին թափված են խողովակներ, խիճ ու քարեր, հնձել են խոտն ու չեն հավաքել, աղբամաններ չլինելու, նաև մեր՝ այցելուների, սպառողի տրամադրվածության արդյունքում, ամենուրեք թափված են դատարկ շշեր, անձեռոցիկներ, ծխախոտի մնացուկներ…
 Ըմպելասրահի դիմաց Արփայի հունը լայնանում է. գոյացել է փոքրիկ լճակ, որի վրա ճոճվում են նավակները, հատկապես գրավիչ է իր տեսակի մեջ բացառիկ լաստանավ-սրճարանը, որտեղ հիրավի կարելի է ըմբոշխնել շրջապատի անկրկնելի հմայքը… եթե աչքիդ չզարնեն ջրի միջի աղտեղությունները. անարգել աճած ջրիմուռները, տիղմը , ձեռքի հետ ջուրը նետած տարբեր առարկաները: Դա հիշեցնում է փնթի կնոջ՝ ավելի երես չտեսած տանը: Այնինչ, կարելի է գոնե ամռան երեք ամիսներին ջուրը մաքրել, իսկ շրջապատը աղտոտողներին՝ տուգանել: ՛՛Գլաձոր՛՛ առողջարանից մինչև ըպելասրահ  մոտ 2,5 կմ ոտքի ճանապարհ է, կա նաև զարտուղի ճանապարհ՝ անցնում է անտառի միջով. Դա էապես կարճացնում է  այն մոտ  1 կմ-ով:  Կածանը կամ ճեմուղին կրում է Ջերմուկի նախկին քաղաքապետ Ֆերդինանտ Ղազարյանի անունը, ձգվում է փշատերև սոճիների, եղևնիների խիտ շարքերի միջով: Վաղ առավոտյան ինչպիսի՜ երանությամբ, ագահորեն ուղղակի  կլանում ես բյուրեղային մաքրության բուժիչ օդը.  դու շոշափելիորեն  զգում ես, թե ինչպես  օդի ներխուժումից թարմանում, մաքրվում են քաղաքի փոշուց ու ծխից խցանված թոքերդ, ուղեղդ սկսում է անխափան գործել՝ արտադրելով լուսավոր մտքեր,  հանճարեղ հայտնություններ, իսկ ոտքերդ,  որ հրաժարվում  էին բարձրացնել քեզ մի քանի աստիճան,  հիմա զարմանալի թեթևությամբ կտրում-անցնում են կածանի 3 կմ-ը /գնալ-գալով/: Հիանալի է ճեմուղով քայլելը, բայց… կրկին շտկելու կարիք ունի. ճանապարհը կիսաքանդ է, բացակայում են աղբամանները, անանուն են ֆիդայիների քանդակաշարը, ինչպես և նրանց արարող հեղինակները, որոնք մեծարանքի, ճանաչման արժանի մնայուն գործեր են ստեղծել: Դա էլ հո մեծ ծախսեր չի՞ պահանջում: 
Վերջին հաշվով պիտի սերտենք գնահատել բնությունից շռայլորեն մեզ տրված պարգև-հրաշքը, պահենք-պահպանենք, հղկենք, փայփայենք, դողանք ամեն մի ծառի, թփի, ջրի շիթի վրա:
Ի վերջո, կոչված ենք ոչ միայն վայելելու, այլև սրտացավ տիրոջ իրավունքով պարտավոր ենք աշխարհին  պարզելու մեր գանձը՝ իրեն արժանի բարձրությամբ: Այդ դեպքում Ջերմուկը  միջազգային հռչակ ձեռք կբերի, զբոսաշրջիկների այցից գոյացած  եկամուտը մի քանի անգամ կգերազանցի եղածը, և դա մեծապես կլցնի երկրի աղքատ բյուջեն…
Ե՞րբ պետք է սովորենք ճիշտ ապրելու արվեստը:   
Ակնարկն այս գրեցի Ջերմուկում առաջին այցիս /եղել եմ շատ երկրներում/, ստացածս տպավորությունների և առաձնապես ՛՛Գլաձոր՛՛ առողջարանի անգնահատելի ծառայությունների թողած լուսավոր  ճառագայթների ազդեցության ներքո: 
 
                                                                                         ԼՈՒԻԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ