Մասնակից:Ժաննա Աբովյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լողացողները Անյերում» (կամ «Լողորդները Անյերում», ֆր.՝ Une baignade à Asnières), ֆրանսիացի գեղանկարիչ Ժորժ Պիեռ Սյորայի կտավը, նրա երկու մոնումենտալ մասշտաբի գլուխգործոցներից առաջինը: Կտավին պատկերված է Սենայի ափը՝ հանգստացող մարդկանցով, քաղաքային ճգնավորական բնապատկերի ֆոնին։ Նկարչական բարդ տեխնիկայի օգտագործումը, զուգորդվելով գունային տեսության մանրակրկիտ քննության հետ, նկարում ստեղծել է ժամանակից դուրս կենդանի իրականության մթնոլորտ:

1884 թվականին՝ 24 տարեկանում, Սյորան ավարտել է «Լողացողները Անյերում» կտավը: Նույն տարում Փարիզյան սալոնին ներկայացված այս աշխատանքը ժյուրին մերժել է։ «Լողացողները» վիճահարույց արձագանք են ստացել Սյորայի ժամանակակիցների կողմից, և 31 տարեկանում՝ նկարչի մահից հետո, կտավը երկար տարիներ չի ունեցել հաջողություններ: Նրա ճանաչումը սկսել է աճել 20-րդ դարում, և այժմ «Լողացողները Անյերում» կտավը համարվում է Լոնդոնի ազգային պատկերասրահի հավաքածուի մարգարիտներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լողացողները» նկարը Ատլանտիկայի երկու կողմերում քննադատների ոչ միանշանակ գնահատականներն է ստացել։ Ֆրանսիացի գրող Պոլ Ալեքսիսը նկարի մասին գրել է. «Սա կեղծ Պյուվի դե Շավանն է: Որքան ծիծաղելի են լողացող տղամարդը կնոջ հետ: Բայց ստեղծված է այնպիսի հուզիչ համոզվածությամբ, որ ես չէի համարձակվի ծաղրել այս նկարը»: Քննադատներ Ժյուլ Կլարետին և Ռոջեր Մարքսը կտավը նկարագրել են որպես իմպրեսիոնիզմի ուշագրավ նմուշ: Նյու Յորքի «Art Amateur» ամսագրի անհայտ գրախոսը ևս, որը նույնիսկ հասցրել էր կապ տեսնել «Լողացողների» և իտալական որմնանկարչության միջև, նկարը ճանաչել է որպես ժամանակակից իմպրեսիոնիստական աշխատանք: Նյու Յորքի The Sun-ի անանուն գրախոսը ավելի պակաս գովասանքով է արձագանքել. «Սյորան, որի «Լողացողները» նկարը մեծ տեղ է զբաղեցնում D պատկերասրահում, հավանաբար իրեն համարել է հիանալի վարպետ, բայց այս նկարը ստեղծվել է կոպիտ և աշխարհիկ երևակայությամբ՝ ձգտելով առանձնանալ ամենագռեհիկ ձևով՝ իր չափերով: Այս աշխատանքը վատ է բոլոր տեսանկյուններից»: Նման քննադատական կարծիքը ամերիկյան և ֆրանսիական թերթերում միակը չէր, բայց տասնամյակի ընթացքում «Լողորդները» նկարը վաստակած հարգանք է ձեռք բերել: Քննադատ և Սյորայի ընկեր Ֆելիքս Ֆենեոն շատ տարիներ անց գրել է. «Թեև ես նախկինում չեմ խոստովանել դա, բայց 1884 թվականին ես լիովին հասկացել եմ այս նկարի կարևորությունը»: Պոլ Սինյակը նշել է, որ «Լողորդները» նկարված է «…խոշոր և հարթ գծիկներով, ներկված մաքուր հողեղեն գույներով, որոնք վերածածկում են մեկը մյուսին, ինչպես Դելակրուայի մոտ: Նկարի դեղնակարմիր և դարչնագույն երանգները այն դարձնում են նվազ պայծառ՝ համեմատած այլ իմպրեսիոնիստների աշխատանքների հետ, որոնք օգտագործում են պրիզմատիկ գույների ներկեր: Սակայն հակադրության օրենքների ըմբռնումը, տարրերի՝ լույսի, ստվերի, առարկայական գույների և դրանց միջև փոխազդեցության հետևողական տարանջատումը, ինչպես նաև դրանց ճիշտ հավասարակշռությունն ու համամասնությունները, կտավի վրա ստեղծում են կատարյալ ներդաշնակություն»:

Նկարի ռենտգենագրությունը ցույց է տվել, որ կոմպոզիցիայի որոշ բաղադրիչներ փոխվել են կտավը նկարելիս, իսկ որոշները բացակայում էին սկզբնական պատկերում: Երկու պառկած կերպարները վերջնական փուլում վերամշակվել են նկարչի կողմից: Առաջին պլանում ձգված մարդու ոտքերը ի սկզբանե ավելի քիչ հորիզոնական դիրք են ունեցել. երկրորդը՝ ծղոտե գլխարկով ծառի տակ պառկածը, եղել է վերջին տարրը, որ ավելացվել է նկարին, դրանով հավանաբար առաջինի ոտքերի փոփոխությունից հետո փորձել է վերականգնել կոմպոզիցիոն հավասարակշռությունը:

«Լողացողները Անյերում» նկարը երկար տարիներ եղել է Սյորայի ընտանիքի սեփականությունը, մինչև 1909 թվականին այն ձեռք է բերել Ֆելիքս Ֆենեոնը: 1924 թվականին այն գնվել է բրիտանական ազգային հավաքածուի համար և ցուցադրվել Թեյթ պատկերասրահում: 1961 թվականին կտավը տեղափոխվել է Լոդոնի ազգային պատկերասրահ, որտեղ այն պահպանվում է մինչ օրս: