Մասնակից:Էմիլիա Եգանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմիր ծաղիկը (Հովհաննես Թումանյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ծաղիկը (Ռուս․՝ Аленький Цветочек), Սերգեյ Ակսակովի հեքիաթն է՝ թարգմանված Թումանյանի կողմից։ Հեքիաթը, կախարդանքի հետևանքով հրեշի վերածված արքայազնի և վաճառականի աղջկա մասին է։ Հեքիաթի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ, իսկ տարիներ անց տարբեր երկրներում նաև ֆիլմեր, որոնց համար էլ հենց հիմք էր հանդիսացել հեքիաթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ծաղիկը
ՀեղինակՍերգեյ Ակսակով
ՏեսակԳրական ստեղծագործություն
ԺանրՀեքիաթ
ԵրկիրՀայաստան
Թարգմանիչ հայերենՀովհաննես Թումանյան

Մի հարուստ վաճառական երեք աղջիկ է ունենում։ Բոլորն էլ գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը փոքրն է լինում։ Վաճառականը աղջիկներին շատ էր սիրում և իր ամբողջ սերն ու ուշադրությունը տալիս էր միայն աղջիկներին։ Կին չուներ, անգամ մտերիմներ չուներ, արծաթն ու ոսկին էլ աչքին չէր գալիս։ Մի անգամ վաճառականն որոշում է գնալ հեռու երկրներ՝ առևտուր անելու։ Երեքին էլ հարցնում է, թե ում համար ինչ բերի։ Մեծը անգին քարերով ոսկե ապարաշ է ուզում, միջնեկը՝ անբիծ բյուրեղից շինած հայելի, իսկ փոքրը՝ կարմիր ծաղիկ, որի նմանը աշխարհում չկա և չի էլ գտնվի։ Վաճառականը մտքերի մեջ է ընկնում, մտածում, թե ինքն ի՞նչ իմանա, նրանից գեղեցիկը կա՞, թե չկա։ Գնում է աշխարհից աշխաչհ, երկրից երկիր անց է կենում, առևտուր անում, բեռներ կապում և վերադառնում։ Մեծ և միջնեկ աղջիկների ուզածը բերում է, բայց փոքր աղջկանը ոչ մի տեղ չի գտնում։ Վերադարձին՝ մի խոր անտառում, ավազակները հարձակվում են և ունեցած-չունեցածը կողոպտում։ Ինքը փախչում է, ընկնում անտառ, ազատվում։ Քայլում է մինչև անտառի խորքերը, ուր ընդհանրապես ոչ մի ձայն չէր լսվում։ Գիշերը վրա է հասնում, բայց քանի գնում է, այնքան լուսանում է։ Դուրս գալով մի բացատ, տեսնում է արծաթից, անգին քարերից շինած մի պալատ, որը արևի նման լույս էր տալիս։ Մտնելով պալատ՝ տեսնում է, որ ներսում ոչ ոք չկար՝ ո՛չ տեր, ո՛չ ծառա, ո՛չ ծառայող։ Միայն երաժշտություն է, որ իրեն-իրեն հնչում է ու հնչում։ Մտածում է, որ եթե մի ուտելու բան լիներ, լավ կլիներ։ Նույն պահին իր դիմաց մի սեղան է տեսնում՝ աստծու ամեն բարիք մեջը լիքը։ Երբ հոգնում է ու մտածում քնելու մասին, այդ պահին մի չտեսնված սպիտակ, մաքուր, փափուկ անկողին է փռվում, որ մեջը մտնելն ու աչքը կպցնելը մեկ է լինում։ Պալատի ներքևը գեղեցիկ այգիներ, ոսկեգույն պտուղներ, չտեսնված ծաղիկներ է լինում։ Որոշում է զբոսնել, մեկ էլ հանկարծ տեսնում է մի կարմիր ծաղիկ։ Պոկում է, որ տանի փոքր աղջկա համար։ Պոկելն ու կայծակի որոտը մեկ է լինում։ Գետնի տակից մի հրեշ է դուրս գալիս՝ բրդոտ, զարհուրելի հրեշ։ Բարկանում է, որ ծաղիկը պոկել են․ չէ՞ որ նա իր պալատում լավ էր ընդունել վաճառականին։ Որոշում է սպանել, բայց վաճառականը վախից սկսում է խղճալի աղաղակել, որ իրեն չսպանի։ Պատմում է, որ իր փոքր աղջկա համար է պոկել այդ ծաղիկը։ Հրեշն ասում է, որ կարմիր ծաղիկը կտա, անհաշիվ գանձ էլ կտա, միայն թե աղջիկներից մեկին ուղարկի իր մոտ։ Խոստանում է, որ ոչինչ չի անի, չի վնասի, պալատում կապրի թագուհու նման, միայն թե մի ընկեր ունենա։ Հրեշը մի մատանի է տալիս։ Դա դնելով ճկույթին՝ վաճառականն իր տան դիմաց է հայտնվում։ Առավոտյան պատմում է աղջիկներին այդ ամենի մասին։ Մեծ և միջնեկ աղջիկները հրաժարվում են, իսկ փոքրը համաձայնվում է, որովհետև այդ ամենը իր պատճառով էր եղել։ Երեք օր անց փոքր աղջիկը մատանին դնում է մատին և հայտնվում հրեշի պալատում։ Սկսում է շրջել պալատում։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Այսպես ապրում է աղջիկն այս պալատում՝ շատ ճոխ և շքեղ կյանքով։ Ընտելանում է այդ կյանքին, բայց օրեցօր ավելի շատ է ուզում լսել անտառի տիրոջ ձայնը։ Աղջիկն ամեն օր խնդրում է, համոզում հրեշին, որ խոսի իր հետ և վստահ լինի, որ նրա ձայնը չի վախեցնի իրեն։ Երբ լսում է այդ սարսափելի ձայնը, սկզբում վախենում է, իսկ հետո՝ ընտելանում։ Նրանք ամեն օր երկար զրուցում են տարբեր թեմաներից։ Օրերն անցնում են, աղջիկն արդեն ուզում է և շատ պահանջում, որ հրեշը երևա իր աչքին։ Երբ տեսնում է առաջին անգամ, վախից ուշաթափվում է, բայց օրեր անց, երբ նորից է երևում անճոռնի հրեշը, աղջիկը, չնայած շատ էր վախենում, բայց ցույց չէր տալիս։ Մի քանի օրից այդ վախն էլ է անցնում։ Մի անգամ աղջիկն իր երազում տեսնում է, որ հայրը հիվանդ է և սկսում է լաց լինել։ Անտառի հրեշը, տեսնելով աղջկա արցունքները, թույլ է տալիս, որ գնա և տեսնի հորը։ Պայման է դնում, որ երեք օրից վերադառնա։ Հակառակ դեպքում չի տեսնի իրեն։ Տալիս է ոսկի մատանին, աղջիկն այն դնում է իր մատին և հայտնվում հոր տանը։ Հորը պատմում է, թե ինչ կյանքով է ապրում այդ թագավորության մեջ։ Քույրերը հենց իմանում են փոքր քրոջ կարողության մասին, նախանձում են։ Երբ գալիս է վերադառնալու ժամանակը, քույրերը չար բան են մտածում։ Ուզում են այնպես անել, որ փոքր քույրը խոստացված ժամից ուշանա։ Քնի դեղ են տալիս, և աղջիկը խոր քուն է մտնում։ Երբ աչքը բաց է անում, տեսնում է, որ ժամանակից մեկ վայրկյան անցել է, արագ մատանին մատին է դնում ու հայտնվում հրեշի ապարանքում։ Ոչ ոք չկար, այնտեղ լռություն էր տիրում։ Ամբողջ պալատով պտտվում է, վազում է այնտեղ, որտեղից պոկել էին կարմիր ծաղիկը, տեսնում է անճոռնի հրեշը երկու թաթերով կարմիր ծաղիկը պինդ գրկած ու ընկած թմբի վրա։ Տեսնում է՝ անշունչ, մեռած ընկած։ Սկսում է լաց լինել նրա վրա և աղաչել, որ զարթնի։ Այդ խոսքերն ասում է, թե չէ, կայծակը ճայթում է, երկիրը հիմքից շարժվում, և նույն պահին աղջիկը ուշագնաց է լինում։ Երբ աչքերը բացում է, տեսնում է մի պալատում, անգին քարերով զարդարած ոսկե գահի վրա նստած է, մի գեղեցիկ երիտասարդ էլ ձեռքը բռնած։ Առաջին կանգնած էին հայրն ու քույրերը։ Երիտասարդը պատմում է, որ չար կախարդը իրեն կախարդել էր և դարձրել անճոռնի հրեշ, որպեսզի ատելի մնար ամենքին։ Նրան պետք է անկեղծ սրտով սիրեր մի գեղեցիկ աղջիկ, որպեսզի կախարդանքը վերանար։ Այս տարիների ընթացքում տասնմեկ աղջիկ է բերել պալատ, սակայն նրանցից ոչ ոք բարության համար չսիրեց իրեն։ Իր պաշտելի թագուհին կարող էր լինել միայն նա։ Աղջկա հայրն ու նախանձոտ քույրերը, ծառաներն ու սպասավորներն ամեն կողմից առաջ են գալիս, շնորհավորում նորապսակներին, և սկսում է հարսանիքի ուրախ հանդեսը[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաճառական
  • Վաճառականի աղջիկները
  • Անտառի անճոռնի հրեշը

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշի (արքայազնի) կերպարը ցույց է տալիս, որ մարդու մեջ կարևորը ոչ թե արտաքին գեղեցկությունն է, այլ՝ ներքին։ Եվ կարծես պարզ է դառնում, թե ինչի է փոքր աղջիկը ընտրում կարմիր ծաղիկը։ Ծաղիկը սիրո խորհրդանիշն է․ այն իր հետաքրքրությունը չի կորցնում հեքիաթում։ Եթե իսկապես սիրում ես մեկին, ուրեմն ամենագեղեցիկն է դառնում քո աչքերում։ Հենց սա է կախարդանքը, հրաշքը, որին պետք է հավատալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Հեքիաթներ. Երևան. էջեր 262–271.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)