Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան/Ռազմական կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ռազմական կառավարում» հասկացությունը (զինվորական գործով զբաղվող մարդկանց կառավարմամբ զբաղվող պետական իշխանության օրգանների իշխանա-կարգադրողական գործառույթ) վաղուց արդեն կիրառվում է գիտական և քաղաքական աշխատություններում:

Դրա բացատրման առաջին փորձերից մեկը արվել է դեռևս XIX դարի վերջերին տպագրված «Ռազմական և ծովային գիտությունների հանրագի­տարան»-ում` «Ռազմական կառավարումը ընդգրկում է բազմաթիվ և բազմաճյուղ ոլորտ­ներ, որոնց տնօրինման համար սահմանվում են համապատասխան հատուկ մարմին­ներ…»[1]: Այն կիրառվում է նաև ժամանակակից որոշ պաշտոնական փաստա­թղթերում ինչպես «ռազմական կառավարում», այնպես էլ «զինվորական կառավարում»[2] ձևով, սակայն այն օգտագործվում է ընդհանրական ձևով, առանց կոնկրետացնելու թե ինչ ոլորտ­ներ է ընդգրկում այն, այսպես ասած խոսքը Զինված ուժերի կառավարման ինս­տիտուտի մասին է: Իսկ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի շարջանավարտները ստանում են «Ռազմական կառավարման» բակալավրի և մագիստրոսի աստիճան[3]:

Գրեթե գերազանցապես ռազմական կառավարման ուսումնասիրման առարկա է հանդիսանում զորքերի կառավարման հարցերը: Այդ հարցին հնարավոր տրամաբանական բանաձևը ձևակերպել է Ա. Գ. Երմիշյանը[4]: Ըստ նրա, ռազմական կառա­վա­րու­մը հանդիսանում է ռազմական արվեստի բաղկացուցիչ մասերից մեկը, որը ապահով­վում է տարբեր տեսակի և նշանակության ռազմական կազմակերպչատեխնիակական ու ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծմամբ և գործունեությամբ: Ըստ Երմիշ­յանի ռազմական կառավարման օրգաններ հանդիսանում են զորամիավորումների, զորա­մասերի շտաբները, ինչպես նաև հատուկ մարմինները - անմիջական կատարողա­կան ստորաբաժանումները, շտաբների պաշտոնատար առանձին անձինք կամ անձանց խմբեր:

Սակայն ռազմական կառավարումը բավականին լայն կատեգորիա է: Այս հաս­կացության լիարժեք ներկայացված չէ որևէ աշխատության մեջ: Ռազմական կառա­վարումը որպես առանձին ուսումնասիրության առարկա բավարար կերպով չի ներկայաց­վում կամ ընդհանրապես բացակայում է ռազմագիտական հանրագիտարան­ներում: Ներկայումս ռազմական կառավարումը հանդիսանում է բազմանիստ, բազմա­ֆակտոր և բազմագործառույթ երևույթ և դրանից ելնելով հանդես է գալիս, որպես տարբեր գիտությունների ուսումնասիրման առարկա. օրինակ՝ փիլիսոփայության և հոգե­բանության, սոցիոլոգիայի և մանկավարժության, պատմության և էրգոնոմիկայի, ինֆոր­մատիկայի և իրավագիտության, ինչպես նաև շատ այլ գիտության ճյուղերի: Ռազմական-կառավարչական խնդիրները նաև մշակվում են օպերացիաների, խաղային թեորիայի, մենեջմենտի, մարկետինգի և այլ նմանատիպ առարկաների հետազոտման ժամանակ:

Ռազմական կառավարման ուսումնասիրման գործընթացում իր ուրույն դերը ունի նաև քաղաքագիտությունը: Այն ունի վերլուծության իր հարթությունը, որտեղ կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները.

  • քաղաքականության ազդեցությունը ռազմական կառավարման բնույթի, բո­վան­դակության և մեթոդների վրա (ռազմական կառավարման քաղաքական դետերմիանցիան),
  • ռազմա-կառավարչական որոշումների քաղաքական ասպեկտներ (ռազմա-կա­ռավարչական որոշումների քաղաքական բովանդակությունը),
  • տարբեր քաղաքական գործիչների տեղը և դերը ռազմական կառավարման գործընթացում (ռազմական քաղաքականության հրամայականները),
  • ռազմական կառավարումը որպես քաղաքականության իրականացման գործիք և դրա արդյունավետության բարձրացման գործոն (ռազմական քաղաքականու­թյուն):

«Ռազմական» մակդիրը բնորոշում է այն ամենը, ինչը կապված է պատերազմի և բանակի հետ: Հետևաբար կարելի է ընդունել, որ «Ռազմական կառավարումը» հանդիսանում է պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց (ռազմաքաղաքական գործիչների) իշխանական-կարգադրողական գործառույթ, որը ուղղված է ռազմական գործունեությամբ զբաղված մարդկանց կառավարելուն: Այն իրենցի ներկայացնում է սոցիալական կարգավորման հատուկ տեսակ, որը ապահովում է զինվորական կազմակերպությունները ստեղծումը, պահումը և զարգացումը գոյություն ունեցող իրական վտանգների համապատասխան քանակական և որակական հարաբերակցությամբ, ինչպես նաև ապահովում է ռազմական կազմակերպությունների գործունեությունը:

Պետության մեջ զինվորական գործունեությամբ զբաղված են այն անձինք, որոնք իրենց գործունեությամբ և կազմակերպչականորեն մտնում են պետության ռազմական կազմակերպության մեջ: Դրանց թվին կարելի է դասել.

ա) պետական ռազմական և ռազմականացված կառույցների անձնակազմը (դրանց թվում նաև ոչ կանոնավոր կառույցների անձնակազմը),

բ) պետական իշխանության և կառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն զբաղվում են պետության պաշտպանության և անվտանգության հարցերով,

գ) այն հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն զբաղված են զենքի, մարտական տեխնիկայի ստեղծմամբ և զինված ուժերին դրանցող համալրմամբ,

դ) այն հիմնարկությունները և մարմինները, որոնք մտնում են պետության ռազմական կառույցի մեջ:

Այս առումով միանգամայն օրինականորեն կարող ենք առանձնացնել ռազմական գործունեության ռազմատնտեսական, ռազմաֆինանսական, ռազմագիտական, ռազմա­վարչական, ռազմակրթական և այլ տեսակներ: Սակայն, անհարաժեշտ է հասկանալ, որ ռազմական բնութագիր նրանք ստանում են ոչ թե նրա համար, որ դրանցով զբաղվում են զինվորականները (կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ ռազմական գործունեու­թյան մեջ ներգրավվում են քաղաքացիական անձինք և ինստիտուտներ), այլ այն բանի համար, որ դրանց գործունեությունը ծավալվում է որպեսզի ապահովվի խաղաղ ժամանակ զորքերի արդյունավետ մարտական պատրաստությունը, իսկ պատերազմական ժամա­նակ հաջող մարտական գործողությունների վարումը: Քանի որ մարտա­կան պատրաս­տությունը և մարտական գործողությունները կազմում են ռազմական գործունեության բոլոր տեսակների համակարգակազմ տարրերը: Այստեղից էլ հետևում է, որ մի կողմից ռազմական գործունեությունը չի հանդիսանում բացառապես ռազմական պայքար, պատերազմ կամ ինչպես բնութագրում են որոշ հեղինակներ «այն ուժերի և միջոցների կազմակերպված կիրառումն է առաջադրված խնդիրների կատարման համար», իսկ մյուս կողմից էլ՝ զինվորականների, այդ թվում նաև կառավարչական օղակի, գործունեությունը ոչ միշտ է կրում զինվորական բնույթ:

Սամուել Հանտինգտոնը առաջ էր քաշել մի հարց. «Գոյություն ունի արդյո՞ք ինչ որ մի հատուկ կարողություն, որը ունեն բոլոր զինվորական սպաները, և որը իսպառ բացակայում է բոլոր տեսակի քաղաքացիական խմբերի մոտ»[5]: Ինքն էլ պատաս­խանելով իր հարցին նա գրել է. «Սպայակազմի հիմնական տաղանդը կայանում է մարդկա­յին կազմակերպված զանգվածի ղեկավարումը և հսկումը, որոնց հիմնական գործառույթը հանդիսանում է բռնության կիրառումը»[6]: Առավել խիստ ձևակերպում է տվել Ալեքսանդր Վլադիմիրովը. «Արհեստավարժ զինվորական - դա բռնությունը կառա­վարող մաս­նագետ է և այդ մասնագետ կարող է լինել միմիայն սպան»: Սակայն, այսպիսի կտրուկ և խիստ ձևակերպման հետ դժվար է համաձայնվել:

Առաջին հերթին նրանով, որ բռնության կիրառման կարևորագույն որոշումները ընդունում են ոչ թե սպաները, այլ քաղաքական գործիչները: Ընդ որում հարցը գնում է ոչ միայն ռազմավարական և պետության ռազմական կառավարման որո­շումների մասին, այլ նաև բազմաթիվ ցածր օղակներին վերաբերվող հարցերով: Շատ են օրինակները, երբ օպերատիվ, մարտավարական օղակների հրամանատարների գործո­ղությունները հանդիսանում են քաղաքական որոշումների արդյունք: Երկրորդ հերթին, սպան - դա զինված ուժերի հրամանատարական կազմը ներկա­յացնող անձ է, իսկ բռնության կիրառումը կա­րող է կառավարել և կրտսեր հրամանատարական կազմը և նույնիսկ քաղաքացիական անձը (ոչ կանոնավոր ռազմականացված խմբերի առաջնորդները քաղաքացիական կամ պարտիզանական պատերազմների ժամանակ):

Երրորդ հերթին մարտի որոշման ընդունման ունակությունները և պարտակա­նու­թյունները, մարտի ղեկավարման կարողությունները չեն սպառում ռազմական (սպայա­կան) մասնագիտության առանձնահատկությունները: Գոյություն ունեն ռազմական ոլորտներ, որոնք ոչ միայն կապ չունեն բռնության կիրառման կառավարման հետ, այլև ուղիղ հակառակ (ռազմաբժշկական ապահովում, դաստիարակչական աշխատանքների կազմակերպում, պաշտպանական ինֆրաստրուկտուրային աջակցում և այլն): Պետք է նշել, որ սա հասկանում է նաև Հենտինգտոնը և դրա համար էլ նա նշում է, որ հրամա­նատարական պաշտոնների զինվորական սպայի գործունեությունը տարբերվում է զին­ված ուժերի այլ մասնագետների գործունեությունից. «Այն մարդիկ, որոնք հանդիսանում են սպայական կորպուսի մասը, սակայան բժիշկների նման, չեն տիրա­պետում «բռնության ղեկավարման» վարպետությանը, սովորաբար տարբերում են հատուկ կոչումներով և տարբերանշաններով և նրանք չեն նշանակվում հրամանատարական պաշտոնների»[7]: Սակայն զինվորական բժիշկը, ինժեները, իրավաբանը և այլ նման մասնագիտության սպաները տարբերվում են ոչ միայն հրամանատարից (հրամանատարական պաշտոն զբաղեցնող սպայից), այլև ունեն նրա հետ ընդհանրություններ և տարբերվում են քաղա­քացիական բժշկից, ինժեներից, իրավաբանից և մյուս մասնագետներից: Զինված ուժերի նպատակները, բնույթը հիմնավորում են այն հատուկ պարտականությունները, պատասխանատվությունը, պահանջները և չափորոշիչները, որոնք պետք է պահպանվեն բոլոր զինծառայողների կողմից:

Ռազմական կառավարման հետ օրգա­նապես կապված են գործունեության այնպիսի տեսակներ ու ուղղություններ, որոնք ծա­վալվում են ռազմական ոլորտում, սակայն անմիջական կապ չունեն մարտական գործո­ղությունների վարման հետ և բառի բուն իմաստով չեն կարող համարվել ռազմական գոր­ծունեություն: Գործունեության այդպիսի տեսակները սովորաբար անվանվում են բարդ ան­վանումներով, որտեղ դրանց հիմնական բովանդակությունը ընդգծվում է երկրորդ բա­ռով, օրինակ՝ ռազմատնտեսական, ռազմաբժշկական, ռազմաֆինանսական և այլն: Իսկ ռազմական ուժի՝ «բռնության» կիրառման ոլորտները անվանվում են առանց «ռազմական» տերմինի շեշտադրման, օրինակ՝ օպերատիվ, մարտավարական, մարտական, զորքերի կառա­վարում և այլն:

Հետևաբար կարելի է ընդունել, որ ռազմական կառավարման օբյեկտ հանդիսա­նում են պաշտպանական ոլորտը և պետության ռազմական կառույցը, հետևաբար, ռազ­մական կառավարման ոլորտի ամբողջության մեջ պետք է դիտարկվի պետության այն բնակչությունը, տարածքները, տնտեսությունը, որոնք ներգրավված են ռազմական անվտանգության ապահովման մեջ: Ընդ որում կառավարչական ջանքերը կենտրոնացվում են զին­ված ուժերի զորամասերի, զորամիավորումների կառավարման վրա, իսկ կառավարման անմիջական օբյեկտ հանդես են գալիս զինված ուժերի կազմի մեջ ընդգրկված զինծառա­յողները և քաղաքացիները:



[1] «Энциклопедия военных и морских наук», генерал-лейтенанта Г. А. Леер, том 8, ст. 50, Санкт-Петербургь, 1897:

[2] ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք, Գլուխ 2, Հոդված 37, Ե., ՀՀ օրենքը «Զինվորական ծառայության անցնելու մասին», Գլուխ 1, Հոդված 5, Ե.:

[3] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=82952:

[4] http://eurasian-defence.ru/node/23814:

[5] http://magazines.russ.ru/oz/2002/8/2002_08_09.html

[6] Նույն տեղում:

[7] http://magazines.russ.ru/oz/2002/8/2002_08_09.html