Մասնակից:Բաղրամյան Ռոզա/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներման աղոթք
Ժանրպատմվածք
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Գրվել է1916 թվական
ՎիքիդարանԲաղրամյան Ռոզա/Ավազարկղ5


«Ներման աղոթք», Վահան Թոթովենցի մանրապատումներից է անցյալի անմեղ մի «մեղքի» մասին՝ գրված 1916 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը Թոթովենցի մանկական հիշողություններից մի դրվագ է: Նա պատմում է, թե ինչպես էր մայրն իրեն սովորեցրել եկեղեցասեր ու ջերմեռանդ աղոթող լինել: Մայրն ինքն էլ աստվածավախ ու աստվածապաշտ կին էր, որն աղոթում էր ոչ միայն իր, այլ նաև ամուսնու փոխարեն, ներում խնդրում ամուսնու համար, որ 30 տարի ի վեր եկեղեցի չէր գնում: Նա տղային աստծո մասին պատմելով՝ փոխանցում էր իր միամիտ պատկերացումներն ու ասում.

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը…

Մի անգամ գյուղից մի քանի խնձոր էին բերել, որոնք մայրը պահել էր հյուրերի համար: Դրանք մեծ ու փայլուն խնձորներ էին, և նա գողանում է այդ խնձորներն ու տալիս Զարուին՝ իրենց դրացու աղջկան: Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով մի աղջիկ էր։ Թոթովենցը պատմում է, որ ինքը տղաների հետ չէր խաղում, այլ միայն Զարուի, իսկ Զարուի ծնողները շուտով Պոլիս պիտի տեղափոխվեին՝ իրենց հետ տանելով նաև աղջկան: Ինքը տխուր էր և ցանկանում էր գոնե վերջին շնորհը բերել աղջկան: Նա աղջկան տանում է այգի, նստեցնում խոտերին ու նրան տալով խնձորները՝ համբուրում աղջկա այտը: Իսկ աղջիկը վերցնում է խնձորները՝ թողնելով, որ ընկերը համբուրի իրեն, իսկ երբ ուտում վերջացնում է խնձորները, փախչում է տուն:

Երբ տղան տուն է գալիս, նրան թվում է, թե մայրն արդեն գիտի այգում եղածի մասին. նա տղայի բոլոր հանցանքներն իմանում էր աչքերի մեջ նայելով: Մայրը նրան տանում է պատշգամբ աղոթելու, և տղան աղոթում է.

Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես:

Իսկ մայրը, առնելով տղային իր տաքուկ գիրկը, ասում է, որ Աստված կների նրան գողության համար:

Գաղափարը և կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներման աղոթքը» մանկության տարիների մի անմեղ դրվագ Է, երազային վերհուշ, կենսագրական մի բեկոր, որում հեղինակը պատկերում է երեք դիմանկար՝ «քրիստոնյա և աստվածավախ» մոր, իր և իրենց դրացի փոքրիկ Զարուի դիմանկարները[1]: Թոթովենցի մայրը, ինչպես հեղինակն է ասում «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպում, մայրը Քրիստոսից հետո երկրորդ քրիստոնյան էր: Հայտնի է, թե Թոթովենցը ինչպիսի ջերմագին ու պաշտամունքի հասնող սեր է տածել դեպի մայրը[1] և նույն կերպ էլ կերտել է մոր կերպարն իր գրեթե բոլոր գործերում: Զարուն գեղեցիկ մի աղջիկ էր, որին սիրում էր հեղինակը, բայց և նրա լավ ընկերն էր, խաղընկերը:Աղջկա կերպարը պատմվածքում ընդգծված առանձնահատկություններ չունի, կարելի է միայնշեշտել, որ նա այնուամենայնիվ թողեց, որ ընկերը համբուրի իրեն: Հեղինակի կերպարը վերհուշում առանձնանում է անկեղծությամբ, պարզությամբ և հենց այս կերպարում է ամփոփվում պատմվածքի գլխավոր գաղափարը՝ սերը: Նվիրելով Զարուին անմեղ ձեռքով գողացված խնձորները՝ նա նվիրում է իր անկեղծ ու անմնացորդ սերը: Հետո պատանու միամտությամբ խնդրում է Աստծուն այնպես անել, որ աղջիկը չգնա գյուղից:

Այսպիսով, պատմվածքում տեսնում ենք սիրո երեք արտահայտություն՝ սեր դեպի Աստված, դեպի մայրը և դեպի կինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տոնոյան, Սեդա (2004). «2» (PDF). «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու («Ասողիկ» հրատարակչություն ed.). Երևան: էջ 12. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)