Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՈԱԱԿ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
Երկիր Հայաստան
Հիմնադրված2008

Առաքելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) 2008 թվականին ձևավորված անկախ կառույց է, որը ՀՀ Կառավարության կողմից լիազորած է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։ Հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացնում է որակի ապահովման արտաքին գնահատում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների միջոցով։ ՈԱԱԿ-ը կատարում է նաև Հայաստանի մասնագիտական կրթական համակարգի ամբողջական վերլուծություն, կազմակերպում վերապատրաստումներ, մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև, որակի ապահովման համակարգերի կայացման համար մատուցում խորհրդատվություններ[1]։ ՈԱԱԿ-ի նպատակն է՝ աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին (ՄՈՒՀ)՝ ապահովելու ՀՀ օրենսդրությանը համապատասխան կրթության որակ, ինչպես նաև երկրում ձևավորել կրթության որակի բարելավման մշակույթ։ Հիմնադրամը կոչված է բարձրացնել հանրության վստահությունը մասնագիտական կրթության հանդեպ, ապահովել հասարակության իրազեկվածությունը որակյալ կրթություն ստանալու հնարավորության վերաբերյալ, հայաստանյան մասնագիտական կրթությունը ճանաչելի ու մրցունակ դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Հավատարմագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում որակի արտաքին ապահովումն իրականացվում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմամբ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine ։ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար իրականացվող գործընթաց է, որը գնահատում է մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության արդյունավետությունը և առաքելության իրականացումը։ Ծրագրային հավատարմագրումը պարբերաբար իրականացվող գործընթաց է, որը գնահատում է առանձին մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը։ Հավատարմագրման գործընթացն իրականացվում է երեք հաջորդական փուլերով. Ուսումնական հաստատության ինքնավերլուծություն. Հաստատությունն իրականացնում է որակի ապահովման գործընթացներ և ինքնավերլուծություն՝ հիմք ընդուներով որակի ընդհանուր կառավարման սկզբունքը՝ պլանավորում (P), իրականացում (D), ստուգում (C), բարելավում (A)։ Փորձագետները ևս ինքնավերլուծությունը և բուհի գործունեությունը գնահատելիս առաջնորդվում են PDCA շրջափուլով։ Փորձաքննություն. Փուլը ներառում է տեղացի և միջազգային փորձագետների կողմից ինքնավերլուծության ուսումնասիրությունը, փորձագիտական այցը ՄՈՒՀ, փորձագիտական զեկույցի պատրաստումը և հաստատությանը բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրումը։ Որոշման կայացում ՈԱԱԿ-ի Հավատարմագրման հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը կարող է ՄՈՒՀ-ին հավատարմագրել, շնորհել պայմանական հավատարմագրում կամ հավատարմագրումը մերժել[2]։

Հավատարմագրման հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի Արխիվացված 2015-07-10 Wayback Machine անդամները կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և պետական կառավարման փորձառու մասնագետներ, գործատուներ են։ Հանձնաժողովի անդամների թեկնածություններն առաջադրել են մասնագիտական ուսումնական հաստատությունները, գործատուների և այլ մասնագիտական միությունները, իսկ վերջնական կազմը ձևավորել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Խորհրդի կազմը ձևավորվում է՝

  1. 1 անդամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.
  2. 4 անդամ՝ պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.
  3. 1 անդամ՝ պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողներից.
  4. 1 անդամ՝ «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով ստեղծված Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.
  5. 1 անդամ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.
  6. 1 անդամ՝ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի ներկայացուցիչներից.
  7. 1 անդամ՝ ազգային մրցունակության խորհրդի կազմից[1]։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյան մասնագիտական կրթությունը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու նպատակով ՈԱԱԿ-ը մեծ ուշադրություն է հատկացնում միջազգային համագործակցությանը Արխիվացված 2015-01-26 Wayback Machine։ Հիմնադրամը սերտ համագործակցում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության (QAA), ՌԴ Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի, Շվեյցարիայի որակի ապահովման և հավատարմագրման կենտրոնի (OAQ), Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի (PKA), Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN), Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) և մի շարք այլ օտարերկրյա կառույցների հետ։

Հիմնադրամը նաև TEMPUS-ի 13 ծրագրերի գործընկեր է կրթության որակի ապահովման ոլորտում։

  • 2009 թ. Որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործադիր խորհրդի կողմից ՄԿՈԱԱԿ-ին շնորհվել է ասոցիացիայի նախնական անդամակցության կարգավիճակ,
  • 2011 թ. ՄԿՈԱԱԿ-ը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) լիիրավ անդամ։

Համագործակցություն ուսանողների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման համար առանցքային է ուսանողների կարծիքը։ Այդ իսկ պատճառով ՈԱԱԿ-ը համագործակցում է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) հետ, ինչպես նաև իրականացնում է «Ուսանողության ձայն» ծրագիրը։ Բուհերի հետ համագործակցության շրջանակներում կրթության կառավարման ապագա մասնագետներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են ՈԱԱԿ-ում։ ՈԱԱԿ-ՀՈՒԱԱ համագործակցության միջոցով ընտրվում են բանիմաց ու ակտիվ ուսանողներ՝ հավատարմագրման գործընթացում որպես փորձագետներ ներգրավելու համար։ Իսկ 2011 թվականից մեկնարկած «Ուսանողության ձայն» ծրագրի նպատակն է.

  • մեծացնել ուսանողների իրազեկվածությունը կրթական բարեփոխումների վերաբերյալ,
  • հետազոտությունների միջոցով վեր հանել ուսանողներին հուզող հիմնահարցերը,
  • հիմնել ուսանողների կարծիքների հավաքագրման, ուսումնասիրման և արդյունքների հրապարակման ուսանողական ցանց։

Կարևոր միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. սեպտեմբերի 22-23 - Մասնագիտական կրթության որակի ապահովման շահակիցների առաջին համաժողով՝«Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» թեմայով
2011 թ. դեկտեմբերի 15-17 -Որակի ապահովման պատասխանատուների առաջին ֆորում՝«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով

2012 թ. հոկտեմբերի 8-12- «Կրթության որակի շաբաթ» միջոցառումների շարք
2012 թ. հոկտեմբերի 8-9 -Մասնագիտական կրթության որակի ապահովման շահակիցների երկրորդ համաժողով՝«Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» թեմայով
2013 թ. դեկտեմբերի 2-3- «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. Վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորում։
2014 թ. դեկտեմբերի 1-5-«Կրթության որակի շաբաթ» միջոցառումների շարք
2014 թ. դեկտեմբերի 4-5- «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրություն(չաշխատող հղում)
  2. «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.