Մաշտոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։