Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1791 թվականից)։ Զբաղվել է քարոզչությամբ, ապա մանկավարժական, գիտական գործունեությամբ։ 1815-1816 թվականներին խմբագրել է «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը[2]։ Գրել է բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է «Մխիթարյան տաղարան» (1824) ժողովածուում՝ Վահրամ Ռուբինյան ստորագրությամբ։ Թարգմանել է Գ. Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819), Սալոմոն Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825), Ֆրանսուա Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդըոյն Ոդիսեայ», 1827) և այլոց ստեղծագործություններից։ 1804-ին Վենետիկում լույս է տեսել Ջախջախյանի «Բառարան յիտալական լեզուե ի հայ և ի տաճիկ» աշխատությունը (45 հազար բառահոդված, համառոտը՝ 1825 թվականին՝ 30 հազար բառահոդված), իսկ 1837 թվականին, ետմահու՝ «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական»-ը (60 հազար բառահոդված), որը հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից է. ամփոփում է հայ մատենագիտության մեջ օգտագործված, ինչպես նաև իր ժամանակի կենսունակ բառերը, նորաբանությունները։ Թարգմանության հետ միաժամանակ տրվում են բառի բացատրությունը, հաճախ՝ հոմանիշը, գրաբար, բարբառային համարժեքները, նշվում փոխառությունները։ Վերջում բերված են հայկական անձնանունները (Վարդան-Vartano) և տեղանունները (Երասխ-Arasse)՝ իտալերեն արտասանությամբ կամ թարգմանությամբ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 470)։