Մանկավարժության կապը այլ գիտությունների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկավարժության հետ միասին մարդու էության, նրա զարգացման, ձևավորման և բազում այլ հիմնախնդիրներով զբաղվում են նաև մի շարք այլ գիտություններ, որոնց հետ մանակվարժությունը սերտորեն կապված է։ Անհատի դաստիարակության, ուսուցման, կրթության հարցերն ուսումնասիրում են նաև այնպիսի գիտություններ, ինչպիսիք են հոգեբանությունը, սոցիոլոգիան, փիլիսոփայությունը։ Մանկավարժագիտության հիմնական խնդիրն է ճանաչել մարդուն ՝ դաստիարակության օբյեկտը բոլոր խնդիրներով։

Մանկավարժությունը մոտ է կանգնած այն հիմնական գիտությունների հետ, որոնք մտնում են ուսումնական պլաններում, քանի որ այդ առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկաները հիմնված են մանկավարժության հիմնական սկզբունքների վրա։

Մանկավարժության կապը հոգեբանության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 17֊րդ դարը մանկավարժությունն ու հոգեբանությունը մտնում էին փիլիսոփայության մեջ։ Երկու գիտություններն էլ ուսումնասիրում են անձի զարգացման, ձևավորման հիմնահարցերը։ Չիմանալով մարդու հոգեկան զարգացման օրինաչափությունները, դժվար է ղեկավարել նրա գիտակցության զարգացումը, տալ նրան գիտելիքներ և կարողություններ, ձևավորել նրա մեջ համապատասխան որակներ, զարգացնել մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը։ Մանկավարժությունը սերտորեն կապված է նաև մանկավարժական հոգեբանության հետ, որն ուսումնասիրում է ուսուցման գործընթացում սովորողների գիտելիքների, կարողությունների յուրացման հոգեբանական օրինաչափությունները և դաստիարակության գործընթացում նրանց անձի ձևավորման հոգեբանական օրինաչափությունները։

Մանկավարժության կապը փիլիսոփայության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայությունը, ինչպես նաև նրան հարակից գիտություններից բարոյագիտությունը, գեղագիտությունը, տրամաբանությունը, սոցիոլոգիան օգնում են մանկավարժությանը։ Բարոյագիտությունն օգնում է բացահայտելու անձի բարոյական դաստիարակության հիմնահարցերը, գեղագիտությունը ՝ գեղագիտական դաստիարակության հիմնախնդիրները։ Սոցիոլոգիայի հետ մանկավարժության կապն արտահայտվում է նրանում, որ սոցիոլոգիան ուսումնասիրելով հասարակության զարգացման օրինաչափությունները, հասարակական կապերի ձևերը, դրանով իսկ առնչվում է դաստիարակության հիմնախնդիրներին։ Սոցիոլոգիան ուսումնասիրում է անհատի վրա սոցիալական միջավայրի, հասարակական կյանքի տարբեր երևույթների հիմնահարցերը։ Հասարակությանը սոցիոլոգիական մոտեցման յուրահատկությունն այն է, որ հասարակությունը դիտարկվում է իբրև ամբողջական սոցիալական օրգանիզմ, որի զարգացումն ու գործառնությունը տեղի է ունենում դրա կենսագործունեության տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարական կողմերի միջոցով ։ Սոցիոլոգիան օգնում է նաև սոցիալական մանկավարժության, ընտանեկան դաստիարակության վերաբերյալ տարաբնույթ հիմնահարցերի լուծմանը։ Այս կապերը փոխկապակցված բնույթ ունեն, քանի որ մանկավարժությունն իր հերթին հանդես է գալիս որպես հասարակության սոցիալական կյանքի զարգացման, մարդկանց բարեկեցության, կյանքի որակի բարձրացման գործոն և պայման։

Կապը ֆիզիոլոգիայի և անատոմիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոլոգիան և անատոմիան օգնում են մանկավարժությանը բազմակողմանիորեն ճանաչելու տարբեր տարիքի մարդկանց օրգանիզմի առանձնահատկությունը, մարդու ֆիզիկական, մտավոր և աշխատանքային դաստիարակության տարբեր հիմնահարցերը։ Ֆ իզիոլոգիան օգնում է նաև բացահայտելու ուղեղի բարձրակարգ նյարդային գործունեության օրինաչափությունները։ Մանկավարժությանն օգնում է նաև կիբեռնետիկական տեսությունը ՝ գտնելու և կիրառելու ուսուցման, դաստիարակության զարգացման, դպրոցի կառավարման առավել արդյունավետ տարբերակներ։

Կապը քաղաքագիտության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժության կապը քաղաքագիտության հետ արտահայտվում է նրանում, որ մանկավարժությունը ձգտում է բացահայտել մարդու ձևավորման պայմանները և հնարավորությունները որպես քաղաքական գիտակցության սուբյեկտ։ Այն փորձում է նաև գտնել քաղաքական գաղափարներին տիրապետելու հնարավորությունները։

Մանկավարժությունը կապված է նաև էկոլոգիայի հետ։ Շատ էկոլոգիական հիմնախնդիրների լուծումներ կախված են մարդկանց էկոլոգիական մտածողության, նրանց աշխարհայացքի, էկոլոգիական կրթվածության և այլ հիմնախնդիրների լուծման հետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդա Վանուշի Թորգոմյան։ Մանկավարժության ընդհանուր հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Տոներ, 2005

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Фролов С. “Социология”։ Учебник. Для высших учебных заведений. М.։ Наука, 1994 – 256 с.