Մամլած փայտանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամլած կաղնու փայտ

Մամլած փայտանյութ, փայտաթելերին ուղղահայաց, մինչև 30 Մն/մ2 ճնշմամբ սեղմված փայտանյութ։ Մամլած փայտանյութի խտությունը 1200-1450 կգ/մ3 է։ Ըստ մամլման եղանակի տարբերում են միակողմ, երկկողմ և կոնտուրային խտացմամբ ստացվող մամլած փայտանյութ։ Միակողմ խտացումը կատարվում է փայտանյութի չորսվակները փայտաթելերի լայնքով մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը՝ երկու ուղղությամբ մամլելով։ Երկրորդ եղանակով ձեռք է բերվում ավելի բարձր խտություն։ Կոնտուրային խտացումն իրագործվում է փայտանյութի գլանաձև նախապատրաստուկներն ավելի փոքր տրամագծով մետաղե գլանի մեջ ներմղելով։ Ստատիկ ծռման, փայտաթելերի երկայնքով սեղմման դեպքում մամլած փայտանյութի ամրությունը, ինչպես նաև ճակատային մակերևույթի կարծրությունը, 2-3 անգամ ավելի մեծ է, քան բնական փայտանյութինը։ Արդյունաբերությունում մամլած փայտանյութը փոխարինում է մետաղներին, տեքստոլիտին։ Մամլած փայտանյութից պատրաստում են ջուլհակային հաստոցների քշոցներ, հղկանյութային միջավայրում աշխատող սահքի առանցքակալներ և այլ դետալներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 194