Մահը (վեպ, Նար-Դոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1912 թվական

Մահը, Նար-Դոսի վեպերից, որի վրա հեղինակն աշխատել է 24 տարի։ Վեպում հեղինակը հանգամանորեն անդրադառնում է կյանքի և մահվան իմաստի հարցերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահը» վեպի, ինչպես և իր բոլոր երկերի վրա, Նար-Դոսն աշխատել է երկար ժամանակ և մեծ համառությամբ։ «Մահը» վեպի ձեռագրերի ուսումնասիրությունը շատ հետաքրքիր նյութ է առանձին հետազոտության համար։ Ինչպես թույլ են տալիս ենթադրել պահպանված ձեռագրերը, «Մահը» վեպի վրա Նար-Դոսն աշխատել է գրեթե քառորդ դար՝ 24 տարի («Մեծ գործի սկզբում», 1894-95թթ, վերամշակումից հետո՝ «Մահը», 1912 թվական)։ 1892 թվականի մարտի 14-ին գրած նամակով Նար-Դոսը Հովհաննես Մալխասյանին հայտնել է․ «Մի նոր վեպս, որ վաղուց սկսած էի, շարունակում եմ, չնայելով սուղ ժամանակիս և շարունակ հոգնած լինելուս․ եռանդս եկել է, պատկերները, երևույթները, դրությունները, իրենք գործող անձերը այնքան վառ են, այնքան կենդանի են երևակայությանս մեջ, որ չեմ կարող նրանց չգծագրել թղթի վրա։ Խոչերն ու խութերը հարթված են, վեպը կեսից անցել է, թեև շուտ կվերջացնեմ, բայց տպագրության կտամ աշնանը»[1]։

Վեպում արտացոլված է 1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ Ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսության փիլիսոփայությունը որդեգրած, «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները։ Սրան հակադրվում է թուրքական բռնակալության դեմ մղված պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլև հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է[2]։

«Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործունեության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի իրար հակադիր տեսակետներից»։
- Նար-Դոս

Նար-Դոսի «Մահը» վեպն իր կենսաճանաչողության լայն ընդգրկմամբ կարևոր տեղ է զբաղեցնում հայ գրականության պատմության համապատկերում։ Էապես տարբերվելով հայ վիպասանության նախընթաց ավանդույթներից՝ վեպը շոշափում է կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական մեկնաբանության իրողություններ, որոնք չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը։ Գրողը նրբորեն նկատում է փիլիսոփայական տարաբնույթ ազդեցությունների տիրույթում գտնվող մարդու ներաշխարհային ալեկոծումները, հեղաբեկումները և կամքի դրսևորման կերպերը։ Վեպի բազմապլան դիտարկումներն անձնասպանության փիլիսոփայական հայեցակարգով փաստում են այն մասին, որ մարդու բարոյահոգեբանական նկարագիրն ու զարգացումները Նար-Դոսի գրչի տակ ձեռք են բերել գիտական որոշակի ոճ[3]։

Անդրադառնալով կյանք-մահ հարաբերությանը՝ Նար-Դոսը հանգել է այն եզրակացության, որ իր հերոսների համար կյանքն իմաստ չունի, իսկ մեռնելը փափագ Է, հավերժություն, որովհետև այն կենսաբանական երևույթ է, որի դեմ պայքարել հնարավոր չէ[4]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում հեղինակը համադրում է գրեթե հասակակից հայ չորս երիտասարդի կենսակերպ։ Արմենակ Մարությանը իրեն նվիրել է արևմտահայության ազատագրմանը և նահատակվում է թուրքական բանտում։ Նրան վեպում անմիջապես չենք տեսնում, բայց նա իրական կերպար է, և ոչ միայն այն պատճառով, որ նրա մասին տեղեկանում ենք ծնողների և քույրերի տագնապալից խոսակցություններից, դրսի լուրերից, ի վերջո՝ մահվան բոթից։ Հայրենիքի ազատագրման համար պայքարողի կերպարը մի տեսակ ընդհանուր խորապատկեր է դառնում մյուսների վարքի գնահատման համար։ Մյուս երիտասարդի՝ Մինասյանի գործունեությունն ուղղված է գյուղացիների կրթությանը։ Ի տարբերություն վեպի մյուս կերպարի՝ ոչնչով չզբաղվող Լևոն Շահյանի, որը ոչ մի իմաստ չի տեսնում ընկերոջ արածների մեջ, Մինասյանը վերջինիս բացատրում է վիճակի պատճառը. «Եթե մի բան կա, որի պատճառով գյուղացին անտարբեր է դեպի կրթությունն առհասարակ, այդ նրա տնտեսական ծանր դրությունն է միայն։ Հացի խնդիրը կլանել է գյուղացուն ամբողջապես. նա ուրիշ բաների մասին ժամանակ չունի մտածելու»։ Չորրորդ երիտասարդը՝ Բազենյանը, նույնպես գործունյա է, եռանդուն, կրքոտ խոսում է վեհ թեմաներից, բայց պարզվում է՝ պոռոտախոս սրիկայի մեկն է, խաբեությամբ գումար է կորզում տարբեր մարդկանցից իբր հայոց ազատագրական պայքարի համար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նար-Դոս, Երկերի լիակատար ժողովածու, Պետական հրատարակչություն, Երևան, 1946, էջ 407
  2. https://armlur.am/199700/
  3. «ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ՆԱՐ-ԴՈՍԻ «ՄԱՀԸ» ՎԵՊՈՒՄ» (PDF).
  4. «Մահվան խորհուրդը Նար–Դոսի կերպարների ընկալմամբ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 28-ին.
  5. «ՆԱՐ-ԴՈՍԸ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]