Մագնիսական ուժեղացուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսական ուժեղացուցիչ, էլեկտրական ազդանշանների հզորության ուժեղացուցիչ, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական ինդուկցիայի և մագնիսական դաշտի լարվածության՝ ֆեռոմագնիսական նյութերին հատուկ ոչ գծային կախման օգտագործումը։ Ուժեղացումը հնարավոր է դառնում ֆեռոմագնիսական միջուկ պարունակող կոճի դիմադրության կառավարումով։ Կոճին հաջորդաբար միացնելով Ս սնման աղբյուր և R բեռ ու կիրառելով մագնիսացնող (կառավարող) լրացուցիչ փաթույթ, կարելի է կառավարող հոսանքի փոքր փոփոխությամբ առաջ բերել հիմնական կոճի դիմադրության մեծ փոփոխություն, այսինքն՝ բեռում արտադըրվող հզորության զգալի ուժեղացում։ Քանի որ հաստատուն Io հոսանքով կառավարվող կոճը փոփոխական հոսանքի համար ոչ սիմետրիկ դիմադրություն է, ապա բեռի հոսանքը կպարունակի զույգ հարմոնիկներ։ Դրանք վերացնելու համար հիմնական փաթույթը պատրաստում են զուգահեռ կամ հաջորդաբար միացված երկու միանման W փաթույթներից, իսկ կառավարող Wo Փաթույթները միացնում այնպես, որ երբ մի փաթույթի միջուկում փաթույթների մագնիսաշարժ ուժերը գումարվում են, ապա մյուսում դրանք ուղղված են լինում հակառակ։ Այդպիսի միացումը միաժամանակ համակշռում է կառավարող շղթայում հիմնական կոճից մակածվող փոփոխական հոսանքները՝ ավելորդ դարձնելով հատուկ դրոսելի օգտագործումը։ Կառավարումը կարելի է իրագործել նաև հիմնական շղթայի հոսանքի հաճախականությունից զգալիորեն ավելի ցածր հաճախականության հոսանքով, այսինքն՝ մոդուլելով բեռով անցնող բարձըր հաճախականության հոսանքը։ Մագնիսական ուժեղացուցիչի կատարելագործված տարբերակներից է կամրջակայինը, որն ապահովում է ավելի մեծ զգայնություն, ուստի և ուժեղացում։ Ուժեղացման գործակցով չզիջելով էլեկտրոնային ուժեղացուցիչին՝ Մագնիսական ուժեղացուցիչը գերազանցում է վերջինիս հուսալիությամբ, ծառայության ժամկետով, գերբեռնվածությունների նկատմամբ իր դիմացկունությամբ։ Մագնիսական ուժեղացուցիչների հիմնական թերությունը իներցիոն հատկությունն է, որը սահմանափակում է նրանց կիրառումը 10 կհց-ից ոչ բարձր հաճախականությունների տիրույթով։ Մագնիսական ուժեղացուցիչը լայնորեն օգտագործվում է հզոր ագրեգատների ավտոմատ կառավարման համակարգերում, ճշգրիտ չափման սարքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 118 CC-BY-SA-icon-80x15.png