Միլիում
Միլիում | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 374.84, 704.8 և 706.1 |
ՀՄԴ-10 | L72.0 |
Milium (disease) Վիքիպահեստում |
Միլիում (լատին․՝ «milium» — կորեկ, առօրյա կյանքում այն հաճախ անվանվում է սպիտակ կորյակ կամ ճարպագունդ), մաշկի վրա սպիտակավուն երանգի գոյացություն, չափերը՝ մի քանի միլիմետր, որպես կանոն, խիտ պարունակությամբ։ Դրանք ի հայտ են գալիս եղջերացած թեփուկների կուտակման, միախառնված մաշկային ճարպի և այս զանգվածի շուրջը բարակ թաղանթ առաջանալու պատճառով[1]։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր մաշկի առավել մակերեսային շերտը, որը կոչվում է էպիդերմիս, բաղկացած է բջիջների մի քանի շարքերից, որոնք առաջանում են ամենախորը շերտում (բազալ), այնուհետև հասունանալով և փոփոխվելով բարձրանում են վեր։
Հասնելով ամենավերին (եղջերացած) շերտին ՝ դրանք վերածվում են թեփուկների (մեռած բջիջներ) և մաքրվում են մաշկի մակերեսից։ Վերականգնման այս ամբողջ գործընթացը տևում է մոտ մեկ ամիս։
Այնուամենայնիվ, շերտազատման գործընթացի խանգարման և գերճարպաարտադրության դեպքում տեղի է ունենում կորյակների առաջացում (նույն կոմեդոներ)։ Դրանք կարող են լինել բաց կամ փակ, այսինքն՝ առանց շրջակա միջավայրի հետ շփման։ Վերջիններս ներառում են միլիումներ[1]։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլիումներն առաջանում են հիմնականում հարակնային, վերին կոպերի, այտերի, ոչ հաճախ այտոսկրերի, ճակատի, պարանոցի և շատ հազվադեպ մարմնի այլ մասերում (սեռական օրգաններ, իրան)։ Այս կորյակներն ունեն առաջացման տարբեր պատճառներ և կարող են առաջանալ ինչպես մաքուր, այնպես էլ վնասված մաշկի վրա (քերծվածքներ, կապտուկներ, դերմաբրազիա, այրվածքներ)։ Դրանք չեն վնասում օրգանիզմը, բայց եթե անհարմարություն են պատճառում, ապա դրանցից կարելի է ազատվել՝ դիմելով մաշկաբան-կոսմետոլոգի[1]։
Առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլիումը հայտնվում է ցանկացած տարիքում, նույնիսկ նորածինների մոտ։ Միլիումների առաջացման մեխանիզմը հաստատված է, սակայն նրանց ծագման պատճառները դեռևս պարզ չեն։ Բազմազան գործոններ կարող են հրահրել սպիտակ կորյակների առաջացումը։ Այդ թվում․
- Ժառանգական նախատրամադրվածություն։ Իհարկե, ժառանգականությունը չի կարելի համարել միլիումների առաջացման հիմնական պատճառը, այնուամենայնիվ, եթե ծնողները սպիտակ կորյակներ ունեցել են, ապա երեխաների մոտ նման ցանի հավանականությունը մեծ է։
- Միլիումների առաջացման պատճառներից մեկը կարելի է համարել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, ինչպես նաև վահանաձև գեղձի կամ ենթաստամոքսային գեղձի խանգարումները։
- Անբավարար կամ ոչ պատշաճ կերպով ընտրված մաշկի խնամքը կարող է նպաստել միլիումների առաջացմանը, հատկապես, եթե մաշկը հակված է յուղոտության։ Նման մաշկը, որպես կանոն, ունի լայն ծակոտիներ, որոնք հակված են ճարպագեղձերի պարունակությամբ խցանման։ Այս ամենը նպաստում է միլիումների, վարդագույն կորյակների, կիստոզ ակնեի, պուստուլյար ակնեի և այլ խնդիրների առաջացմանը։
- Դեմքի վրա միլիումները կարող են առաջանալ հորմոնալ խանգարումների պատճառով։ Հետեւաբար՝ դեռահասները, հղի կանայք և 40-ից բարձր մարդիկ հաճախ տառապում են սպիտակ կորյակներից, երբ սեռական հորմոնների մակարդակը սկսում է նվազել։ Սպիտակ կորյակների առաջացմանը կարող է հանգեցնել նաև ոչ առողջ սնունդը։ Եթե սննդակարգում գերակշռում են յուղային կերակուրները, ապխտած միսը, տարբեր քաղցրավենիքները, ապա միլիումների առաջացման հավանականությունը մեծ է[1]։