Ճաճանչ-դաստակային հոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճաճանչ-դաստակային հոդ (articulatio radiocarpea), մարդու նախաբազուկը ձեռքի հետ միացնող շարժուն միացում։

Բարդ հոդ է, կազմված է ճաճանչոսկրից և դաստակի մերձադիր շարքի առաջին երեք ոսկրերից։ Հոդափոսը կազմում են ճաճանչի ստորին ծայրը՝ աճառածածկ, գոգավոր, դաստակային հոդամակերեսով և ներդաճառային եռանկյուն սկավառակը, որը հիմքով ամրացած է ճաճանչի ծղիկային կտրուճի ստորին եզրին, գագաթով՝ ծղիկի սլաքաձև ելուստին։ Հոդագլուխը կազմում են դաստակի մոտակա շարքի մակույկաձև (նավակաձև), կիսալուսնաձև և եռակող ոսկրերն իրենց կորնթարդ աճառածածկ հոդամակերեսով, որոնք միմյանց հետ միացած են ներդաստակային միջոսկրային կապաններով ու հոդերով։ Ձվաձև հոդ է, լայնական առանցքի շուրջ կատարում է ծալում և տարածում, նետաձիգի շուրջ՝ զատում, առբերում։ Հոդում կատարվում է նաև շրջանաձև շարժում, որի ժամանակ ձեռքի մատների ծայրերը շրջան են գծում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 61