Հրաչ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրաչ Սաֆարյան
Հրաչ Սաֆարյան.jpg
Ծնվել է1930, հուլիսի 16
Ծննդավայր
Մահացել է1978
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ

Հրաչ Սրապի Սաֆարյան (1930, հուլիսի 16, գյուղ Գյումուշ, Հրազդան - 1978, Երևան), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Սաֆարյանը ծնվել է Հրազդանի Գյումուշ գյուղում 1930 թվականին եղեռնի ճիրաններից փրկված ընտանիքում։

Ունեցել է ծանր մանկություն ու պատանեկություն։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։

Սաֆարյանի թողած փոքր գրական ժառանգությունը լի է փիլիսոփայությամբ, հուզականությամբ։ Նրա բանաստեղծություններում կարոտ կա օտար երկրում թողած հայրենի տան, հողի հանդեպ, որոնք հնչում են իր ծննդավայրում, փոքրիկ Գյումուշ գյուղում ապրող նրա ազգականների շուրթերից։ Նրա կարճատև կյանքը հնարավորություն չտվեց բացահայտվելու, սակայն նա թողեց մի քանի տասնյակ բանաստեղծություն, որոնք առանձնանում են իրենց հուզականությամբ, պարզությամբ և խոհականությամբ[1]։

  • «Հայրենիքիս»
  • «Հորս»
  • «Մորս»
  • «Եղբորս»
  • «Կոմիտասին»
  • «Քեզ հետ»
  • «Քարե աղբյուր»
  • «Առվակ»

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորս

Մա΄յր, իմ հույսն ես, մտքիս լույսը մշտավառ,
Քանի դու կաս, կյանքս ջահ է հրավառ,
Մա΄յր, դու հին ես, դու իմ նորն ես, մայր տաճար,
Մա΄յր, միշտ կապրե΄ս, ինձ չթողնես որբ, անճար։

Քո գոգնոցը սեղանն է իմ մանկության,
Սուրբ ձեռքերդ մոմ են եղել ինձ համար։
Մա΄յր, միշտ ներող որդուդ, միշտ օրհնող,
Մա΄յր, դու աչք ես, միշտ քո որդուն որոնող։

Արարիչ ես որդուդ մանուկ մտքերին,
Նրա գիրքն ես, մինչև հանձնես գրքերին։
Մա΄յր անարատ, սերդ սահման չի տեսել,
Տիեզերք մայր, բյուր անգամ ես դու լացել։

Մա΄յր, չլացես, մատաղ քո թաց աչքերին,
Խինդն ուղեկից քեզ, որդուդ, ամենքին։
Մա΄յր, իմ հույսն ես, մարդ մնալուս ճիշտ ճամփան։
Դու Մասիսն ես՝ իմ մտքերին հանգրվան։

Կարոտ

Ու՞ր գնացիք մանկության հրաշալի իմ օրեր,
Ա˜խ, դուք կորաք հավիտյան, ձեզնից շատ եմ խռովել…

Կարոտել եմ գնացած իմ մանկության օրերին,
Դեպի աղբյուրը տանող նեղ, ոլորուն այն ճամփին։
Արևին են կարոտել, այն մեծ, կլոր արևին,
Գիշեր, ցերեկ աղմկող ջրաղացին մեր ձորի,
ՈՒ ջրաղաց գնացող սայլերին եմ կարոտել։
Կարոտել եմ հին Զանգվին, ընկերներիս լողացող,
Կարոտել եմ մեր այգու զույգ խնձորի ծառերին։
Թանից կարագ հավաքող մորս ձեռքն եմ կարոտել։
Հաղթանդամ ու ժպտադեմ, ես իմ հորն եմ կարոտել։
ՈՒ միշտ ցածից ինձ նայող իմ եղբորն եմ կարոտել։
Այդ կարոտն է, որ գլխիս սպիտակ արտ է ցանել,
Ամեն կարոտ ճակատիս մի ակոս է դրոշմել,
Այդ կարոտներն հին ու սուրբ սրտիս խորքերն են մտել։

Ու՞ր գնացիք մանկության հրաշալի իմ օրեր,
Ա˜խ, դուք կորաք հավիտյան, ձեզնից շատ եմ խռովել…

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չարենցավան 60, Չարենցավանի մտավորականների միություն, 2007