Հռիփսիմեատիպ կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռիփսիմեատիպ կառույցներ, եկեղեցական շենքի հայկական ճարտության VI դ. ստեղծած հորինվածք, որի բնորոշ և լավագույն օրինակը Էջմիածնի Հռիփսիմեի տաճարն է։ Հայաստանից դուրս հանդիպում են նաև Վրաստանում։ Հորինվածքն առաջացել է քառախորան կառուցվածքներից՝ անկյուններում ավելացնելով հատակագծում շրջանագծի 3/4 հատվածքով խորշեր, որոնք այս տիպի որոշիչ և պարտադիր տարրերն են։ Խորշերը մեծացնում են գմբեթատակ տարածությունը, ամրացնում գմբեթատակ քառակուսու անկյունները, ապահովում անցումը դեպի անկյունային սենյակները, ստեղծում արտահայտիչ ինտերիեր։ Հռիփսիմեատիպ կառույցներ բաժանվում են երեք խմբի՝ առանց անկյունային սենյակների, 2 և 4 սենյակներով։

Առաջինին են պատկանում ԼՂՀ Մոխրենես գ. Օխտը դռնի վանքի եկեղեցին (V-VI դդ.), Վրաստանում՝ Շուամթայի Փոքր եկեղեցին և Մցխեթի Ջվարիի նախնական շենքը (VII դ.)։ Երկսենյակ խմբի մեջ են մտնում Զորադիրի Ս. Էջմիածին (VI դ.), Այգեշատի Թարգմանչաց վանքի (VII դ.), Աղթամարի Ս. Խաչ (X դ.) եկեղեցիները։ Ամենամեծ՝ 4 սենյականոց խմբին են պատկանում Հայաստանում՝ Ավանի Ս. Հովհաննես (VI դ.), Արամուսի Ս. Նշան (VI դ. 2-րդ կես), Էջմիածնի Ս. Հռիփսիմեի տաճարը, Գառնհովիտի Ս. Գևորգ (VI-VII դդ.), Արծվաբերի Ս. Աստվածածին, Սիսիանի Ս. Գրիգոր, Արծվանիստի Ս. Աստվածածին (Քոլատակի Ս.Աստվածածին, բոլորը՝ VII դ.) և Վարագավանքի Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիները, Վրաստանում՝ Ջվարին՝ վերակառուցումից հետո, Աթենիի Սիոնը, Շուամթայի Մեծ և Մարթվիլիի եկեղեցիները։

Հռիփսիմեատիպ կառույցները միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր նվաճումն են և ավանդը քրիստոնեական ճարտարապետության մեջ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարության Տ., Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Երևան, 1976։
  • Բրեչչիա Ֆրատադոկի Տ., Զորադիրի Սբ Էջմիածին եկեղեցին, Երևան, 1986։
  • Thierry J.M., Les tetraconques a niches d՚angle, Բազմավեպ, 1980, դ 1-4։