Հոտառության օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քթի խոռոչ

Հոտառության օրգաններ, մարդու և կենդանիների օրգաններ, որոնց միջոցով իրականանում է հոտառությունը։

  • Մարդկանց հոտառության օրգանները տեղակայված են քթի խոռոչի վերին (ետին) հատվածում, ոսկրային ելուստների՝ խեցիների, մասամբ նաև քթի միջնորմի վրա և ծածկված են հոտառական էպիթելով։
  • Կաթնասունների մեծ մասի (մակրոսմատիկների) հոտառական շրջանը մեծացած է քթի խոռոչի ոսկրային պատի հավելյալ խեցիների հաշվին։ Սողունների և որոշ կաթնասունների քթի միջնորմում, բացի հիմնական հոտառության օրգաններից, տեղադրված է նաև Յակոբսոնի օրգանը։
  • Ձկների հոտառության օրգանները զույգ փոսիկներ են կամ պարկեր, որոնք գտնվում են գլխի վրա, բերանային ճեղքին մոտ։ Միջատների մոտ դրանք անտենաների վրա գտնվող զգայական գոյացություններ են, հոտառական սենսիլներ։

Հոտառության օրգանների առանձնահատուկ ֆունկցիան ապահովում են հոտառական էպիթելի իլիկաձև ընկալող բջիջները, որոնց ընդհանուր թիվը ճագարների մոտ հասնում է մինչև 100 մլն, մարդկանց մոտ՝ 10 մլն։ Նշված բջիջներն ունեն կենտրոնական և ծայրամասային ելուստներ։ Երկար, նուրբ, կենտրոնական ելուստը մյուս նույնանման ելուստների հետ կազմում է ոչ միելինապատ հոտառական նյարդը։ Ծայրամասային ելուստը վերջանում է կոճղեզանման լայնացումով, որն իր մակերեսին կրում է մի խուրձ բարակ մտրակներ՝ հոտառական մազիկներ։ Վերջիններս ընկղմված են բջիջներից արտադրվող լորձի մեջ և ենթադրում են, որ դրանց մեջ է իրականանում հոտավետ նյութերի մոլեկուլների առաջնային փոխազդեցությունը բջջի հետː

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 583