Հովհաննես Տետեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Տետեյան
Ծնվել էհունիսի 28, 1795(1795-06-28)
ԾննդավայրԻզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 1, 1878(1878-02-01) (82 տարեկան)
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունհրատարակիչ և մշակութային գործիչ

Հովհաննես Կարապետի Տետեյան (հունիսի 28, 1795(1795-06-28), Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 1, 1878(1878-02-01), Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայազգի հրատարակիչ, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Տետեյանը ծնվել է 1795 թվականի հունիսի 28-ին՝ Զմյուռնիայում[1]։ Զբաղվել է Անատոլիայից Եվրոպա գյուղատնտեսական ապրանքների արտահանությամբ։ 1867 թվականին Փարիզում կայացած բուսատեսակների համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրած 54 տեսակ մրգերի և պտուղների, ինչպես նաև վարդայուղի համար արժանացել է Մեծ ոսկյա մեդալի և այլ պարգևների։ 1853 թվականին որդու՝ Տիգրան-Հարությունի, ինչպես նաև հանգանակությամբ ձեռք բերված միջոցներով և եղբայրների աջակցությամբ հիմնադրել է տպարան[2] «Տպարան Տետեյան եղբարց» դրոշմատիպով, որը գործել է շուրջ 40 տարի։ Տպարանը մեծ դեր է կատարել արևմտահայ նոր ինքնուրույն և թարգմանական գրականության ավանդույթների ստեղծման ու զարգացման գործում։ Այստեղ են տպագրվել «Արփի արարատյան», «Ծաղիկ» հանդեսները, ավելի քան 208 հատոր ինքնուրույն և թարգմանական գրականություն, դասագրքեր, ձեռնարկներ, Ս. Տեր-Գասպարյանի, Գ. Չիլինկիրյանի, Մ. Մամուրյանի, Գ. Մսերյանի, Մ. Նուպարյանի, Մ. Միրզայանի և այլոց, ինչպես նաև Տետեյանների բազմաթիվ թարգմանություններ անգլերենից և ֆրանսերենից[3], այդ գրքերից շատերն առաջին հայերեն թարգմանություններ են և մեծ դեր են կատարել հայ մշակույթի պատմության մեջ։

Նրա աշխատասիրությամբ է հրատարակվել «Օսմանյան պատմություն» աշխատությունը։ Նրանց տպարանում է լույս տեսել նաև հայատառ թուրքերեն Նարեկը։ 1859 թվականին՝ Արամ-Կարապետ Տետեյանի, Տիգրան-Հարություն Տետեյանի, Տ. Սավալանյանի, Գ. Կոստանդյանի, Ս. Վանանդեցու և այլոց նախաձեռնությամբ հիմնադրվել է կրթական-մշակութային «Հաշտենից ընկերություն»-ը, 1860 թվականին՝ նրա օրգան «Միություն» («Հանդես Հաշտենից»-ը), որն իր առջև նպատակ էր դրել հսկել ազգային վարժարանների գործունեությանը, օգնել որբ ու անտեր երեխաների ուսումնառությանը, ծավալել կրթալուսավորական գործունեություն։ 1861 թվականի նոյեմբերին Կալկաթայից վերադարձի ճանապարհին Միքայել Նալբանդյանը կանգ է առել Զմյուռնիայում, հանդիպումներ ունեցել զմյուռնահայ մտավորականության հետ, այցելել Տետեյանների տպարան, ծանոթացել «Հաշտենից ընկերության» գործունեության ու նրա ղեկավարների հետ, ներկա եղել Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում բեմադրված ներկայացմանը։ Հովհաննես Տետեյանը մահացել է 1878 թվականի փետրվարի 1-ին՝ Զմյուռնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Հովհաննես Տետեյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  2. «Հարություն Տետեյանի ծննդյան 150 ամյակի առթիվ։» (PDF). hpj.asj-oa.am. 28․06․2021. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  3. «Տետեյանների Մշակույթային-Լուսավորական Գործունեությունը։» (PDF). lraber.asj-oa.am. 28․06․2021. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 28․06․2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]