Jump to content

Հովանոցային բրենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովանոցային բրենդ (անգլ.՝ umbrella brand), բրենդի ընդլայնման ռազմավարության տեսակ, որի ժամանակ միևնույն ապրանքանիշի ներքո թողարկվում է ապրանքների կամ ապրանքային կատեգորիայի մի քանի խումբ, ընդ որում՝ ապրանքի անվան մեջ գերակշռում է արտադրող ընկերության անվանումը, իսկ գովազդում ցուցադրվում է ընկերության տարբերանշանը։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանոցային բրենդն ընդհանուր հասկացություն է, որի ներքո կարող են դիտարկվել ինչպես այն բրենդները, որոնք ունեն ընդլայնման տարբեր տեսակներ, այնպես էլ նրանք, որոնք այդպիսիք չունեն։ Հովանոցային բրենդ է «Յամահան», որը չունի սեփական ենթաբրենդներ և ապրանքային բոլոր կատեգորիաները միավորում է մեկ անվանման մեջ։ Հովանոցային են նաև ինչպես «Սոնի» բրենդը, որը տարբեր կատեգորիաների համար օգտագործում է ոչ միայն մայրական բրենդ, այլև ենթաբրենդներ (Walkman, PlayStation(⎘ PlayStation), Wega), այնպես էլ «Hewlett Packard»-ը, որն արտադրանքի յուրաքանչյուր կատեգորիայի համար օգտագործում է սեփական ենթաբրենդներ (Pavillion, LaserJet, DeskJet)։ Քանի որ եզրույթը մեկնաբանվում է տարբեր կերպ, ուստի օգտագործելիս կարևոր է հստակեցնել, թե որ իմաստով է այն կիրառվել։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանոցային բրենդն ունի մի շարք առավելություններ։ Դրանցից գլխավորը նոր ապրանքի տարածման սկզբնական ցածր գինն է և հեշտ տարածումը։

Որոշ ընկերություններ հովանոցային բրենդի ներքո թողարկում են այնպիսի ապրանքներ, որոնք իրենց վաճառքի կառուցվածքում հիմնական չեն համարվում։ Դա արվում է հիմնական բրենդի լրացուցիչ աջակցության համար (օրինակ՝ գարեջրի բրենդի ներքո կարող է թողարկվել չորահաց)։

Մյուս կողմից, հովանոցային բրենդի ներքո տարբեր ապրանքների միավորումը նվազեցնում է սպառողի կողմից ապրանքի ճանաչելիությունը, ապրանքի լոյալությունը (տեղի է ունենում «բրենդի լղոզում»)։ Բացի այդ, սպառողի կողմից ապրանքային գծի որևէ ապրանքի բացասական ընկալման դեպքում կորչում է բրենդի նկատմամբ վստահությունը[1]։

Երբեմն հովանոցային բրենդն օգտագործվում է այլ ապրանքատեսակի ներքո միևնույն տեսակի ապրանքի գովազդի համար։ Օրինակ՝ օղու գովազդը կարող է ներկայացվել հանքային ջրի գովազդի ձևով։ Փաթեթավորման միասնական տեսակը (նման դեպքերում առանցքային են համարվում տարբերանշանն ու անվանումը) թույլ է տալիս մեծացնել օղու վաճառքը՝ ներկայացնելով գովազդային հոլովակներ քիչ քանակությամբ թողարկված հանքային ջրի մասին։

2006 թվականից Ռուսաստանի «Գովազդի մասին» Դաշնային օրենքով արգելված է հովանոցային բրենդների օգտագործումը այն ապրանքների գովազդի համար, որոնց գովազդն արգելված է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Алексей Мельников. «RЫNKIНГ, или Особенности национального бренд-менеджмента» ISBN 5-9626-0266-8
  2. Федеральный закон «О рекламе» от 13.03.2006 N 38-ФЗ (действующая редакция)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]