Հողօգտագործման իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողօգտագործման իրավունք, Իրավական նորմերի համակարգ, որով կարգավորվում են հողօգտագործողների հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունում հողօգտագործման հիմքում դրված է հողի նկատմամբ պետության, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 20)։ Հողօգտագործման իրավունք բոլոր սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական) մոտ ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։ Սեփականատերը հողամասն օգտագործման է տրամադրում անհատույց (մշտական) կամ վարձակալության իրավունքով։ Պետության ու համայնքների սեփականության ներքո գտնվող հողերը վարձակալության են տրվում մինչև 99, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը՝ մինչև 25 տարով։ Հողօգտագործման իրավունք լինում է հասանելի, անձնական, առաջնային, երկրորդային, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության։ 2001 թվականից գործող ՀՀ Հողային օրենսգրքում հաստատվում է, որ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը համարվում են պետության սեփականություն։ Անհրաժեշտության դեպքում պետությունը կարող է սեփականության իրավունքով հողամասեր գնել համայնքներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից։ Պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձանց, եթե պայմանագրային հարցերը լուծված չեն։ Հողօգտագործման իրավունքի կարևոր պայմաններից է նաև մասնավորեցված հողատարածքների ճշտումը, որպեսզի բացառվեն հողային սերվիտուտները՝ մեկ այլ սեփականատիրոջ կողմից տվյալ հողատարածքի օգտագործելու իրավունքը (օրինակ՝ այդ տեղով երթևեկելը կամ ջուր անցկացնելը)։

Հողօգտագործման իրավունքի համաձայն՝ հողամասի մասնավորեցման համար քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է ներկայացնի՝

  1. հողամասի վրա գտնվող շենքի, շինության և գրանցման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,
  2. հողամասի օգտագործման իրավունքի գրանցման փաստաթղթերն ու հատակագիծը։

Պետության սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրումը կատարվում է վիճակահանությամբ։ Հողօգտագործման իրավունք կարող է դադարեցվել բացառապես օրենքով սահմանված կարգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 538