Հողմակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հողմաէլեկտրակայանից)
Սեֆն Քրուս հողմաէլէկտրակայանը, Մեծ Բրիտանիա, Ուելս

Հողմակայան, քամու հոսքի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող հողմաէներգետիկական տեղակայանք։ Բաղկացած է հողմաշարժիչից, էլեկտրական հոսանքի գեներատորից, հողմաշարժիչի և գեներատորի աշխատանքը կառավարող ավտոմատ սարքերից, դրանց տեղակայման ու սպասարկման կառույցներից։ Հողմաէլեկտրակայանները կառուցվում են գյուղական վայրերում, անապատային, կիսաանապատային, արկտիկական և այլ գոտիներում, որոնք բնութագրվում են քամու օպտիմալ ռեժիմով (քամու տարեկան միջին արագությունը՝ 5 մ/վրկ) և կենտրոնացված էլեկտրամատակարարման ցանցերից հեռու են։

Փոքր հզորության (մինչև 3 կվա) հողմաէլեկտրակայաններն ունեն հաստատուն կամ փոփոխական հոսանքի գեներատորներ և աշխատում են էլեկտրաքիմիական կուտակիչների մարտկոցներով, որոնք ծառայում են ոչ միայն քամու բացակայության դեպքում էներգիա ապահովելու, այլև լարման բաբախումները հարթելու համար։ Միջին և մեծ հզորության հողմային կայաններն արտադրում են փոփոխական հոսանք։ Քամու բացակայության դեպքում աշխատելու համար հողմաէլեկտրակայանն ունի պահեստային ջերմային շարժիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 536