Հնչյունային համակարգ, երաժշտական համակարգ, երաժշտական հնչյունների բարձրության առումով կազմակերպման համակարգ, որ ընկած է տվյալ ժամանակաշրջանի երաժշտական մտածողության հիմքում։ Արդի հնչյունային համակարգն ընդգրկում է բարձրությամբ միմյանց հետ որոշակի հարաբերակցության մեջ գտնվող մոտ 100 հնչյուն և բաժանված է օկտավային հատվածների։ Այդ համակարգը մշակվել է երաժշտական մտածողության բազմադարյա զարգացման ընթացքում՝ առանձին տոների տարբերակման, նրանց քանակի ավելացման, հարաբերակցությունների կարգավորման, կապերի ամրապնդման միջոցով և յուրատեսակ չափանմուշ է այս կամ այն ժողովրդի երաժշտության մեջ՝ հնչյունային համակարգի մասնավոր առանձնահատկությունները (օրինակ, տեմպերացիայի յուրակերպությունը) ճանաչելու ու գնահատելու, ինչպես և համակարգի տոների միջև նոր, շարունակ ավելի նուրբ տարբերակված հարաբերակցություններ ու կապեր ստեղծելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 496)։