Հիպոթեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոթեք, տերմինն առաջին անգամ օգտագործվել է Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում։ Հին հույներն այդպես էին անվանում պարտատիրոջ պատասխանատվությունը պարտատուի նկատմամբ՝ հողի վարձակալության դիմաց։ Պարտատիրոջ հողամասի սահմանում դրվում էր քարասյուն, որը տեղեկացնում էր դրա՝ վարձակալությամբ տրամադրված լինելու մասին։ Հենց այդ սյուներն էլ անվանվում էին «հիպոթեքներ», որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «հենարան», «պատվանդան»։

Անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) ինստիտուտը եկել է հնագույն ժամանականերից։ Այն հայտնի է եղել նաև հռոմեական ժամանակներում, բայց հատուկ նշանակություն ձեռք է բերել միայն 20-րդ դարում զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Անշարժ գույքի գրավը մշտապես համարվել է պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող ամենավստահելի միջոցներից մեկը։ Հիպոթեքի էությունն այն է, որ վարկատուն վարկառուի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման կամ մասամբ կատարման դեպքում իրավունք ունի բռնագանձել հիպոթեքի առարկան և դրա վաճառքի գումարից վերցնել իրեն վճարման ենթական պարտքը։ Անշարժ գույքն ունի բարձր արժեք և համարվում է կապիտալի ներդրման ամենահաջող եղանակներից մեկը։ Այդ իսկ պատճառով դրա գինը չի ենթարկվում զգալի և անկանխատեսելի տատանումների։

Գրավը հայտնի էր դեռ Հռոմեական կայսրության ժամանակներում։ Այն դասվում էր «ուրիշի ապրանքների» (jura in re aliena) շարքին։ Սկզբում գրավը համարվում էր պարտականությունների ապահովման միջոց, որը գրավատուին իրավունք էր տալիս գրավառուների պարտականությունների չկատարման դեպքում փոխհատուցել իրենց վնասը՝ ի հաշիվ փոխառուի սեփականության։

Պարտականությունների կատարումն ապահովող այլ միջոցների համեմատ (տուգանք, կանխավճար, երաշխավորություն, փոխառուի սեփականության պահում, բանկային երաշխիք) գրավը համարվում է առավել գրավիչ այն տեսանկյունից, որ դրա պայմաններում կարելի է իրականացնել բռնագանձում։ Գրավը ենթադրում է փոխառուի մոտ գույքի առկայություն, որի վրա էլ կարող է իրականացվել բռնագանձում։ Սակայն գույքը, որի վրա սահմանված է հիպոթեքը, մնում է գրավատուի մոտ՝ նրա տիրապետման և օգտագործման տակ։ Հիպոթեքի պայմանագիրը համարվում է անշարժ գույքի գրավ։ Անշարժ գույքին են վերաբերում հողատարածքները, ընդերքը, առանձին ջրային օբյեկտները և բոլոր այն օբյեկտները, որոնք անմիջականորեն կապված են հողի հետ, և, որոնց տեղաշարժն անհնար է առանց դրանց նշանակության բովանդակային կորստի(անտառ, շենք, կառույց)։

Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար։ Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց և այդ գույքն իրացնելուց հետու գրավատուն ու բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք տան սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տունը։

Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացնելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչև հիպոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։