Հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների գնահատում (ՀԽՈՒՀԳ, որը հաճախ արտասանվում է «ables» անգլերեն կարողություններ բառից), կրթական գործիք, որը հաճախ գործածվում է կիրառակա վարքային վերլուծության (ԿՎՎ) հետ չափելու զարգացման հապաղումներ կամ խանգարումներ ունեցող անհատի հիմնական լեզվական և ֆունկցիոնալ կարողությունները։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների գնահատման վերանայված տարբերակը (ՀԽՈՒՀԳ-Վ) գնահատման, ուսումնական պլանին ուղեկցող գործիք և հմտություններին հետևելու համակարգ է, որն օգտագործվում է որպես աուտիզմ կամ զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների խոսքային և ուսումնական կարևորագույն հմտություններին առնչվող հանձնարարությունների ուղեցույց։ Այն ներառում է կարողության 25 ոլորտի 544 հմտության համապարփակ վերլուծություն՝ ներառյալ լեզվական, սոցիալական փոխազդեցության, ինքնասպասարկման, շարժողական հմտություններ և գիտելիքներ, որոնք երեխան սովորաբար ձեռք է բերում մինչ մանկապարտեզ գնալը։ Արտահայտչական խոսքի հմտությունները գնահատվում են վարքային վերլուծության հիման վրա, ինչպես Բ.Սքինները ներկայացնում է իր «Խոսքային վարք» գրքում (1957)։ Յուրաքանչյուր հմտության ձևավորման համար առաջադրանքները կազմվում են պարզից բարդ սկզբունքով։ Այս գործիքը նպաստում է երեխային անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը՝ արդյունավետ հաղորդակցվելու և ամենօրյա փորձառությունից սովորելու համար։ Այս գնահատումից ստացված տեղեկատվությունը ծնողներին և մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտել բոլոր արգելքները և խոչընդոտները, որոնք խանգարում են երեխային նոր հմտություններ ձեռք բերելել և օգնում է մշակել խոսքի զարգացմանն ուղղված համակարգային ուսումնական ծրագիր։

Հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների գնահատման վերանայված տարբերակը (ՀԽՈՒՀԳ-Վ) ներառում է երկու փաստաթուղթ։ ՀԽՈՒՀԳ-Վ արձանագրությունն օգտագործվում է առաջադրանքի կատարման երեխայի արդյունքը գնահատելու համար և 15 հավելված է ներառում, որոնք թույլ են տալիս հետևել գնահատման մեջ ընդգրկված տարբեր կոնկրետ հմտությունների զարգացման ընթացքը։ ՀԽՈՒՀԳ-Վ ուղեցույցը տեղեկատվություն է տրամադրում ՀԽՈՒՀԳ-Վ առանձնահատկությունների մասին, թե ինչպես ճիշտ գնահատել դրա բաղադրիչները և ինչպես զարգացնել Անհատական կրթական ծրագրի (ԱԿԾ) նպատակներն ու խնդիրները, որոնք հստակորեն կսահմանեն և կթիրախավորեն սովորողի կրթական կարիքները։

Բնօրինակն առաջին անգամ թողարկվել է 1998 թ. վարքային վերլուծաբանների կողմից և մշակվել է Վարքային որակավորված վերլուծաբան-դոկտորներ (BCBA-D) Ջեյմս Վ. Պարտինգթոնի և Մարկ Լ. Սունբերգի կողմից։ Այն վերանայվել է 2006 թ. Պարտինգթոնի  կողմից։ Վերանայված տարբերակը բազմաթիվ նոր առաջադրանքներ է ներառում և տարբեր հմտությունների հետ կապված կարողությունների զարգացման ավելի կոնկրետ հաջորդականություն ու նպատակներ է ապահովում։ Վերանայված տարբերակում ձայնային նմանակման բաժնի զգալի փոփոխություններ են կատարվել Դենիզ Սենիկ-Պիրրի կողմից, որը խոսքային-լեզվական խանգարումների վկայագրված մասնագետ է (SLP-CCC): Լրացուցիչ բարելավումներ են կատարվել սոցիալական փոխազդեցության, շարժողական նմանակման և համատեղ ուշադրության այլ հմտությունների հետ կապված կետերը ներառելու և ձևավորված հմտությունների սահուն կիրառումն ապահովելու համար։

էլեկտրոնային ՀԽՈՒՀԳ և նորմատիվային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային ՀԽՈՒՀԳ-ն գնահատման էլեկտրոնային տարբերակն է։ Այն ծնողներին, ուսուցիչներին, լոգոպեդներին, վարքային վերլուծաբաններին և այլոց, ովքեր խոսքային և հմտությունների զարգացման ծրագրեր են նախագծում, համակարգում կամ խորհդրատվություն իրականացնում, հնարավորություն է տալիս արագացնել անհատական կրթական ծրագրերի մշակման գործընթացը, ընթացիկ հաշվետվություններ ներկայացնել և հեշտությամբ փոխանցել երեխայի մասին տեղեկատվությունը։ Էլեկտրոնային ՀԽՈՒՀԳ-ն բազմաթիվ հմտությունների տեսանյութեր է տրամադրում, որոնք չափվում են ՀԽՈՒՀԳ-Վ-ով և կարող են օգտագործվել այդ հատուկ հմտությունները ցուցադրելու համար։

Նախկին չորս տարիների ընթացքում տիպիկ զարգացում ունեցող երեխաների ծնողները, բարեկամներն ու ընկերները մասնակցել են շարունակական հետազոտական նախագծի`տվյալներ մուտքագրելով էլեկտրոնային ՀԽՈՒՀԳ։ Տվյալները հավաքագրվել են ծնողների կամ մասնագետների կողմից, որոնք և՛ ճանաչում էին երեխաներին, և՛ հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների վերանայված գնահատման (ՀԽՈՒՀԳ-Վ) վերապատրաստում էին անցել։ Տվյալները թարմացվում են երեք ամսվա կտրվածքով (այսինքն՝ 6 ամսական, 9 ամսական, 12 ամսական)` երեխաների զարգացման ընթացքում հմտությունների բնորոշ փոփոխություններն արձանագրելու և հետևելու համար։ Այս նախնական տվյալները հավաքագրվել են համակարգված կերպով` տրամադրելու տեղեկատվություն, թե սովորաբար երբ է ի հայտ գալիս ՀԽՈՒՀԳ-Վ միջոցով գնահատվող յուրաքանչյուր հմտություն տիպիկ զարգացող երեխաների մոտ։

Հետազոտության այս նախնական տվյալները ստացվել են 81 երեխայից (42 աղջիկ եւ 39 տղա)` 6 ամսականից մինչև 60 ամսական։ Երեխաները տարբեր տարածաշրջաններից են (և՛ ազգային, և՛ միջազգային) և սոցիալ-տնտեսական և կրթական տարբեր նախադրյալներ ունեին։ Ներկայացվել են յուրաքանչյուր եռամսյա միջակայքում դրսևորվող ամենաբարձր և ամենացածր արդյունքները, ինչպես նաև բոլոր հնարավոր պատասխանների միջին տոկոսը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ ՀԽՈՒՀԳ-Վ հաճախ կիրառվում է զարգացման խանգարումներ կամ այլ հապաղումներ (ներառյալ աուտիզմ) ունեցող երեխաներոի գնահատման համար, այն հաջողությամբ կարող է օգտագործվել ցանկացած մարդու հիմնական հաղորդակցական կամ կենսական հմտությունների պակասի որոշման համար։

Այն գնահատում է անձի ուժեղ և թույլ կողմերը բոլոր 25 հմտությունների տեսանկյունից։ Յուրաքանչյուր հմտություն տրոոհված է ենթաբաժինների, որոնք բխում են հմտության տիպիկ զարգացումից և բարդությունից։ Այսպես, F1 հմտությունն ավելի պարզ հմտություն է, քան F12-ը։ Սովորաբար, անհրաժեշտ է ավելի ցածր մակարդակի հմտություններ ձևավորել, հետո անցնել ավելի բարդերին։ Այնուամենայնիվ շատ մարդիկ ցուցաբերում են այնպիսի հմտությունների մասնիկներ, որոնք բարձր են իրենց կիրառական հմտությունները մակարդակից։

ՀԽՈՒՀԳ-Վ իրականացվում է յուրաքանչյոր հմտության ոլորտում երեխայի վարքագծի դիտարկմամբ։ Գնահատողը երեխային խթանող ազդակներ է տալիս (խոսքային, ժեստային, ոչ խոսքային և այլն) և կախված երեխային արձագանքից (վարքից) որոշում է նրա հմտության մակարդակը։ Որոշ հմտությունների ուսումնասիրումը բարդ կամ ժամանակատար է, գնահատողները հաճախ պատահական տվյալներ են ստանում ծնողներից և այլ գնահատողներից որպես երեխայի մոտ հմտության տվյալ մակարդակի ձևավորվածության ապացույց։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՈՒՀԳ-Վ տրոհված է 25 ֆունկցիոնալ բաժինների, որոնցից յուրաքանչյուրին այբուբենի մեկ տառ է համապատասխանում։ Բնօրինակում և վերանայված տարբերակում բաժինները նույնն են, հիմնականում հմտություններն են տարբերվում ըստ քանակի և ծավալի։

ՀԽՈՒՀԳ-Վ բաժիններ[1]
Տառ Անվանում Մեկնաբանություն/նշումներ
A Համագործակցություն և հաստատուն արդյունավետություն Որքան լավ է երեխան արձագանքում խթանմանը և ուրիշներին։
B Տեսողական կարողություն Առարկաների տեսողական մեկնաբանման կարողություն (նկարներ, խճանկարներ)։
C Ընկալական խոսք Խոսքը հասկանալու կարողություն։
D Շարժողական ընդօրինակում Մյուսների շարժողական գործողություններն ընդօրինակելու կարողություն։
E Ձայնային ընդօրինակում Մյուսների ձայները և բառերը կրկնելու կարողություն։ ԿՎՎ մեջ անվանվում է նաև էխոիկ:
F Հայցումներ ԿՎՎ մեջ անվանվում է նաև Մենդ (demand - պահանջել)։
G Պիտակավորում Առարկաների կամ դրանց առանձնահատկությունների, ֆունկցիաների կամ դասերի անվանում։
H Ինտրավերբալ Միայն բառային ազդակներին պատասխանելը։ Առարկաներ/այլ խթանում չի գործածվում։
I Ինքնաբուխ ձայնարկումներ Խոսքի կիրառում առանց հուշումներ ստանալու։
J Շարահյուսություն և քերականություն Որքան լավ է միացնում բառերն ու նախադասությունները։
K Խաղ և ժամանց Միայնակ և խմբային խաղի հմտություններ։
L Սոցիալական փոխազդեցություն Հասակակիցների և մեծահասակների հետ փոխազդեցությանը վերաբերող հմտություններ։
M Խմբային հրահանգ Խմբային տարբերակով (ոչ թե անհատական) սովորելու կարողություն։
N Դասարանի առօրյա Կանոններին և սովորական դպրոցական առօրյայրին հետևելու կարողություն։
O - -
P Ընդհանրացված արձագանքում Յուրացված նյութն ընդհանրացնելու և այն իրական կամ հորինված իրավիճակներում գործածելու կարողություն։
Q Ընթերցանություն Այբուբեն, նախաընթերցական և կարդալու հմտություններ։
R Մաթեմատիկա Թվեր, հաշվել, մեծ-փոքր-հավասար, տարրական գումարում և հանում։
S Գրել Ներկելու, նկարելու, պատճենելու և գրելու հմտություններ։
T Ուղղագրություն
U Հագնվել Ինքնուրույն հագնվելու և հանվելու կարողություն։
V Ուտել Տարրական ինքնասպասարկման հմտություններ կապված ուտելու և ուտելիք պատրաստելու հետ։
W Հարդարանք Տարրական ինքնասպասարկման հմտություններ կապված հարդարման և հիգիենայի հետ։
X Զուգարանից օգտվել Տարրական ինքնասպասարկման հմտություններ կապված զուգարանից օգտվելու հետ։
Y Խոշոր շարժողական կարողություններ Խոշոր շարժողական գործողություններ, ինչպես. գնդակ խաղալ, ճոճել, սողալ, վազել, շրջանցել և այլն։
Z Մանր շարժողական կարողություններ Մանր շարժողական գործողություններ, ինչպես. գրել, նկարազարդել, թերթել գրքի էջերը, կտրել, կպցնել և այլն։

Առավելություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում Հիմնական խոսքային և ուսումնական հմտությունների գնահատման վերանայված տարբերակի կիրառման առավելությունների և թերությունների շատ հակիրճ ցանկ է ներկայացված[2]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարող է իրականացվել կիրառական վարքային վերլուծության նվազագույն իմացություն ունեցող մարդկանց կողմից։
  • Հասցեագրված է հիմնական խոսքային, գիտելիքային, ինքնասպասարկման, դպրոցում լինելու, խոշոր և մանր շարժողական հմտությունների ոլորտներին։
  • Ծնողներին և ուսուցանողներին հնարավորություն է տալիս արագ դիտարկել և գնահատել երեխայի հմտությունների մակարդակը։
  • Հեշտացնում է ծնողների և ուսուցիչների հաղորդակցումը երեխայի կրթական ծրագրի մշակման շուրջ։
  • Տվյալներ է տրամադրում նույնականացնելու տիպիկ զարգացման հմտությունների մակարդակը։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հմտությունների ցուցակը սպառիչ չէ (544 հմտություն)։
  • Հմտությունները հիմնականում թվարկված են տարիքային զարգացման հաջորդականությամբ, սակայն յուրաքանչյուր երեխա տարբեր կերպ է սովորում։
  • Ամբողջությամբ ստանդարտացված գնահատում չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Partington, James, PhD, BCBA (May 2006). The Assessment of Basic Language and Learning Skills (Revised)
  2. Valentino, Amber, M.A. & Flake, Lisa, BCABA (2007). ABA/VB 6 Session Training Series.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aman, M. G., Novotny, S., Samango-Sprouse, C., Lecavalier, L., Leonard, E., Gadow, K. D., King, B. H., Pearson, D. A., Gernsbacher, M. A. & Chez, M. (2004). Outcome Measures for Clinical Drug Trials in Autism. CNS Spectrums, 9 (1), 36-47.
  • National Research Council (2002). Educating Children with Autism. Committee on Educational Interventions for Children with Autism. Catherine Lord and James P. McGee, eds. Division of Behavioral and Social Sciences and Education. Washington, DC: National Academy Press.
  • Neisworth, J. T. & Wolfe, P. S. (2005). The Autism Encyclopedia. Baltimore, MD: Paul H. Brookes Publishing Co.
  • Sallows, G & Graupner, T. (2005). Intensive Behavioral Treatment for Children With Autism: Four-Year Outcome and Predictors. American Journal on Mental Retardation, 110(6), 417-438
  • Schwartz, I. S., Boulware, G., McBride, B. J. & Sandall, S. R. (2001). Functional Assessment Strategies for Young Children with Autism. Focus on Autism and Other Developmental Disabilities, 16 (4), 222-227.
  • Thompson, Travis. (2011). Individualized Autism Interventions for Young Children. Baltimore, MD: Paul H. Brookes Publishing Co.
  • Thompson, Travis. (2007). Making Sense of Autism. Baltimore, MD: Paul H. Brookes Publishing Co.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]